«Աղավնոյի դեպքերը, Փառուխի և ռազմական մյուս սադրանքները պետք է օգտագործենք Ադրբեջանի դեմ միջազգային սանկցիաներ կիրառելու համար».քաղաքագետ

Հայաստան-Ադրբեջան-Թուրքիա ճանապարհների բացվելուց առաջ Մեղրի-Ագարակ ճանապարհին ՌԴ սահմանապահ զորքերի վերահսկողության ուժեղացումը հակասում է Եռակողմ փաստաթղթին և նպատակ ունի ճանապարհի ամբողջական վերահսկողության: Այս կարծիքին է քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը։

«Հայաստանի և Ռուսաստանի միջև սահմանային վերահսկողության մասին կնքված պայմանագիրը չի վերաբերում ճանապարհներին, այլ միայն սահմանային գոտիներին, և հիմա այս քայլով՝ ճանապարհին անձնագրային ստուգում անցկացնելով, նույնիսկ 2 իրանցի ձերբակալելով, ցույց են տալիս, որ պատրաստվում են ստանձնել լիարժեք վերահսկողությունը:

Վերջնարդյունքում այս քայլը երկու նպատակ է հետապնդում. նախ՝ Ադրբեջանի, Թուրքիայի պահանջները բավարարել, հետո՝ Հայաստանը կտրել Իրանից, և այստեղ կարևոր է Իրանի սկզբունքային դիրքորոշումը: Ես դեռ չեմ լսել Կառավարության արձագանքը»,- նշեց քաղաքագետը։

Անդրադառնալով Լաչինի միջանցքի երեք համայնքների՝ Բերձորի, Աղավնոյի, Սուսի ժամկետից շուտ հանձնմանը, հայության տարհանման դրամատիկ զարգացումներին, դրան զուգահեռ ռուս-թուրքական համագործակցության նոր մակարդակի մեկնարկին՝ Ստեփան Գրիգորյանն ասաց, որ այս հարցում որոշիչ դեր ունի Թուրքիայի և Ռուսաստանի քաղաքականությունը տարածաշրջանում։

«Ռուսաստանի քայլերն ունեն սերտ կապ նաև Թուրքիայի տարածաշրջանային քաղաքականության հետ, որովհետև Թուրքիան Ռուսաստանի համար շատ կարևոր է, հատկապես Ուկրաինայի դեմ պատերազմի ընթացքում. Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է և կարող է ապակայունացնել այն։ Նրանք ունեն համատեղ շահեր, կարող են փոխօգնության պայմանավորվածության գալ, օրինակ՝ Թուրքիան կարող է Ռուսաստանին ասել, որ Ադրբեջանին օգնի Արցախյան խնդրում կամ հայ-ադրբեջանական կարգավորման հարցում, իսկ ինքը կաջակցի Սիրիայում կամ ՆԱՏՕ-ն կթուլացնի»։

Արդյունքում, ըստ նրա, Ռուսաստանն ու Ադրբեջանը համատեղ են կատարում նոյեմբերի 9-ի հայտարարության կետերը՝ դուրս թողնելով Հայաստանին: «Ռուսաստանի օգնությամբ Արցախը քայլ առ քայլ ենթարկեցվում, հանձնվում է Ադրբեջանին. նախ՝ Ադրբեջանը սադրանքի է դիմում, մեր զինվորները պաշտպանում են, որից հետո Ռուսաստանի խաղաղապահները մեզ ստիպում են հետ քաշվել, որ հանձնենք այդ տարածքները: Լուրջ մարտահրավեր է, ու մենք, թեև քիչ հնարավորություններ ու ժամանակ ունենք, պետք է ակտիվորեն մտածենք՝ ինչ հակակշռող քայլեր կարող ենք անել, որպեսզի ճնշումների չենթարկվենք»։

Քաղաքագետի համոզմամբ՝ ոչ միայն Աղավնոյի, այլև մինչ այդ Փառուխի և պարբերաբար կատարվող ռազմական սադրանքները, հանցագործությունները պետք է օգտագործենք Ադրբեջանի դեմ միջազգային սանկցիաներ կիրառելու համար։
Այս առումով, ըստ Գրիգորյանի, շատ բարենպաստ է այն հանգամանքը, որ հատկապես վերջին ռազմական սադրանքները, հրադադարի խախտումը աղմուկ բարձրացրին աշխարհում, գերտերությունները, ազդեցիկ մարդիկ և այլ երկրներ հստակ դատապարտում են Ադրբեջանին։

«Այժմ Հայաստանը պետք է շատ ակտիվ արձագանքի, աղմուկ բարձրացնի՝ հասնելու համար սանկցիաների կիրառման, ինչը, սակայն, ես չեմ տեսնում, դեռևս այդ ինտենսիվությունը չի երևում։ Օրինակ՝ զարմանալի է՝ ինչո՞ւ նիստեր չի հրավիրում ԱԺ-ն, երբ շատ կոնկրետ տարածքային կորուստներ ենք ունենում։ Հիմա պետք է բոլոր ուժերի կողմից ակտիվորեն քննարկվեին բոլոր հնարավոր գործողությունները, անգամ միջազգային խաղաղապահ մանդատի հավանականությունը, նախադրյալները դիտարկեն, թեև գիտենք, որ դա բարդ է, և պետք է Ադրբեջանի համաձայնությունը»,- մտահոգություն հայտնեց Գրիգորյանը՝ հավելելով․ «Հայաստանը պետք է ճանաչի Արցախի անկախությունը և այդպիսով ազդակ ուղարկի մյուս երկրներին նույնպես ճանաչելու։ Վերջին շրջանում ես Կառավարությանը հենց այս առաջարկությունն եմ արել»։

Ստեփան Գրիգորյանի խոսքով՝ այսպիսի խնդիրներ և կոնկրետ այս դեպքի չլինելու համար պետական ինստիտուտները պիտի իրենց տեղում լինեին, ճիշտ աշխատեին: «Կա ԱԱԾ, կա պաշտպանության նախարարություն, որոնք վերլուծություններ, ուսումնասիրություն են անում մշտապես, ո՞նց է ստացվում, որ պատրաստ չէինք նման դասավորության, որ Ռուսաստանը, Ադրբեջանը, Թուրքիան մեր դեմ են դուրս եկել: Գոնե հիմա պիտի ելքեր գտնենք՝ կանխելու, որ այս եռամիասնությունը Հայաստանի դեմ այսպես անսպասելի, արագ ճնշումներով, սադրանքներով ոչ միայն Արցախի հարցը չլուծի, այլև Հայաստանի սուվերեն տարածքից ինչ-որ հատված իր վերահսկողության տակ չվերցնի»,- եզրափակեց Գրիգորյանը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ