![]()
Լաոյին զարթնացնելու կուրս վերցրած ու փողոցային ընդդիմության վերածված խորհրդարանական երկու խմբակցությունները, ինչպես երևում է՝ իրենք են քուն մտել, այլապես գոնե երկու տողով կամ կես բերան կանդրադառնային վեջին օրերին Արցախում տեղի ունեցած իրավիճակին։
«Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում» մանտրայի ջատագովները, որոնք Երևանի կենտրոնում էին փորձում փրկել հայրենիքը, այսօր բացառիկ հնարավորություն ունեն տեսությունից անցնել պրակտիկ աշխատանքի։ Սակայն, ինչպես երևում է, հայրենափրկիչների համար ավելի կարևոր օրակարգեր կան, քան Արցախի փրկության օրակարգն է։ «Հայաստան» դաշինքի մաս կազմող առանցքային ուժը՝ ՀՅԴ-ն, օրինակ, երեկ ԱԳՆ-ի շենքի դիմաց բողոքի ակցիա էր կազմակերպել։ Սակայն ոչ թե Արցախի շուրջ տեղի ունեցող վերջին զարգացումների հարցով, այլ նեղ կուսակցական օրակարգով՝ երեք ՀՅԴ-ականների մուտքը ՀՀ արգելելու հարցով։
Ակնկալվում էր, որ ակցիաների կազմակերպման փորձ կուտակած, կոփված ցուցարարներն ու պերճախոս հռետորները մի հրատապ ակցիա էլ կկազմակերպեն Արցախի հարցով, ՌԴ խաղաղապահ զորակազմի վերահսկողության գոտում տեղի ունեցող գործողությունների թեմայով, սակայն․․․ձայն բարբառոյ յանապատի։ Կա՛մ սույն խմբակցությունները ասելիք չունեն, կա՛մ ունեն, բայց գերադասում են չասելը։
«Հայաստան» դաշինքի ֆեյսբուքյան էջը, որը օպերատիվ իրազեկում է դաշինքի գործունեության մասին, զետեղում իրազեկման ազդագրեր և տարբեր թեմաներով հայտարարություններ, գոնե երկու տողանոց հայտարարություն չի զետեղել ադրբեջանական սադրանքի մասին, նույնիսկ ցավակցական խոսք չի հղել այդ սադրանքի հետևանքով զոհված երկու զինծառայողների հարազատներին, ապաքինում չի մաղթել 19 վիրավորներին։
83 հազար հետևորդ ունեցող հիշյալ էջում զետեղված վերջին հրապարակումը, որը հրապարակվել է երեկ, ժամը 14։41-ին, վերաբերում է Իրաքում ԻՊ ահաբեկչական խմբավորման գրոհայինների կողմից սպանված եզդիների հիշատակին:
Միանում ենք եզդի մեր քույրերի և եղբայրների հետ տեղի ունեցած ողբերգության 8-րդ տարելիցի հիշատակմանը։
Նկատենք նաև, որ նախավերջին հրապարակումը այդ էջում ԱԳՆ-ի դիմաց բողոքի ակցիայի տեսագրությունն է։
Դե իսկ «Պատիվ ունեմ» դաշինքի ֆեյսբուքյան էջում, որը 45 հազար հետևորդ ունի, խորը քուն մտնելու պրոցեսն ավելի վաղ է սկսվել։ Այդ էջի վերջին գրառումը կատարվել է հունիսի 21-ին, հայտարարությունն էլ վերաբերում է Արթուր Վանեցյանի՝ մանդատը վայր դնելու մասին որոշմանը։
Սոցցանցային դարում հետևորդների, համակիրների հետ շփման, հայրենիքին պատուհասած իրավիճակին արագ արձագանքելու նախանձելի օրինակ են ցույց տալիս հայրենի ընդդիմադիրները։
![]()