«Բաքուն ճնշում է գործադրում ոչ թե Երևանի, այլ Ստեփանակերտի վրա».Տարասով

Արցախի պաշտպանական բանակը տարածել է հաղորդագրություն, որ օգոստոսի 3-ի առավոտյան ժամը 9-ից սկսած, ադրբեջանական զինուժը խախտել է հրադադարի ռեժիմը և Արցախի ՊԲ դիրքերի ուղղությամբ կիրառել նռնականետներ, ԱԹՍ-ներ, ինչի հետևանքով վիրավորվել է 8 զինծառայող, ևս մեկը զոհվել: Արցախի ՊԲ-ն հայտնում է, որ ռուսական խաղաղապահ կոնտինգենտի հետ միջոցներ են ձեռնարկվում իրադրությունը կայունացնելու ուղղությամբ: Հաղորդագրության մեջ չի նշվում, թե ո՞ր ուղղությամբ է տեղի ունեցել ադրբեջանական ոտնձգությունը, սակայն խոսքը թերևս Բերձորի շրջանի՝ Լաչինի ուղղությամբ հրադադարի խախտման մասին է: Արցախի ՊԲ հաղորդագրության տարածումից առաջ ադրբեջանական ՊՆ-ն էր տեղեկություն տարածել, թե հայկական ուժերը խախտել են հրադադարը, ինչի հետևանքով զոհվել է ադրբեջանցի մեկ զինծառայող:

Նշենք,որ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն անվտանգության խորհրդի ընդլայնված նիստ էր հրավիրել՝ խորհրդարանական ուժերի մասնակցությամբ։ Նիստի ընթացքում հայտարարվել է, որ ադրբեջանական կողմը Արցախում տեղակայված խաղաղապահ զորակազմի միջոցով պահանջ է ներկայացրել առաջիկայում երթևեկությունը նոր երթուղով կազմակերպելու վերաբերյալ:

Ռուսաստանցի քաղաքագետ Ստանիսլավ Տարասովն իրավիճակը տարօրինակ համարեց՝ այն կոնտեքստում, որ հայկական կողմը թե՛ Անվտանգության խորհրդի քարտուղարի և թե՛ վարչապետ Փաշինյանի մակարդակով հայտարարել է, որ պատրաստ է ստորագրել խաղաղության համաձայնագիրը և նույնիսկ, ըստ մեր զրուցակցի՝ իջեցնելով Արցախի կարգավիճակի նշաձողը։ Հաշվի առնելով այն հանգամանքը, ռուսաստանցի քաղաքագետը գտնում է, որ Բաքուն ճնշման է ենթարկում ոչ թե Երևանը, այլ Ստեփանակերտը․ «Բոլորս հիշում ենք Փաշինյանի հայտնի ելույթը խորհրդարանում և պատրաստակամությունը ամբողջությամբ լուծել ղարաբաղյան հակամարտությունը։ Ավելին՝ սեպտեմբերից դուք այլևս զորակոչիկներ Ղարաբաղ չեք ուղարկելու և սկսում եք հայկական զորքը դուրս բերել։ Ադրբեջանն այդ հանգամանքը դրական է ընդունել։ Իսկ այն, ինչ այսօր տեղի է ունենում իմ կարծիքով՝ նաև Ստեփանակերտի ու Երևանի որոշակի անհամաձայնությունների շրջանակներում է։ Ադրբեջանը տեսնում է, որ Ստեփանակերտն ավելի արմատական տրամադրվածություն ունի ու փորձում է անմջապես Ստեփանակերտի վրա ճնշում գործադրել։Ադրբեջանը մտածված է գործում, ունի հստակ ստրատեգիա։ Դիվանագիտական ճակատում կարծես հաջողության հասել է, հիմա անցել է ռազմաճակատին, բայց ես լուրջ զարգացումներ չեմ կանխատեսում»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Ըստ մեր զրուցակցի՝ հիմա ամեն բան կախված է Երևանի ու Ստեփանակերտի հետագա քայլերից։ Տարասովի փոխանցմամբ՝ նկատելի է գործողությունների որոշակի անհամաձայնություն․ «Երևանի կարծիքը հայտնի է, բայց Ստեփանակերտը հրապարակայնորեն կողմ չի արտահայտվել խաղաղության պայմանագրին՝ այն օրակարգով, որը Բաքուն է առաջարկում։Ադրբեջանի այժմյան գործողություններից լուրջ բան սպասել պետք չէ, որովհետև այնտեղ կանգնած են ռուս խաղաղապահները։ Հարցն այն է, որ Մինսկի խումբը փլուզված է, բայց այնպես չէ, որ Ռուսաստանը դուրս է եկել Մինսկի խմբից։ Իրավաբանորեն այն գոյություն ունի և չի բացառվում, որ առաջիկայում Ռուսաստանն աջակցի այն խմբին, ընդունի նրա օրակարգը»։

Տարասովը համարում է, որ Երևանը զիջել է իր դիրքերը, ինչից Բաքուն օգտվում է՝ նաև որոշակի անհամաձայնություններ մտցնելով Երևանի ու Ստեփանակերտի միջև․ «Ես չեմ համարում, թե այժմ ճիշտ է սլաքներն ուղղել ռուս խաղաղապահների ուղղությամբ, խնդիրն այլ տեղում է։ Ռուս խաղաղապահների հարցը դրված չէ, Բաքուն ուզում է, որ հայկական զորքերն Արցախից ամբողջությամբ դուրս բերվեն։ Հիմա սա մաքուր ադրբեջանա-հայկական խնդիր է։ Այլ հարց է, որ հեռանկարում ռուս խաղաղապահների հարցն էլ է դրվելու։ Բայց ի՞նչ ֆորմատով։ 2020 թվականի նոյեմբերի 9-ի համաձայնագրով որոշվել է, որ 5 տարի ռուս խաղաղապահները մնալու են այնտեղ, դեռ երեք տարի կա ու այդ երեք տարիների ընթացքում աշխարհաքաղաքականության մեջ շատ փոփոխություններ կլինեն։ Ես այժմ չեմ կարծում, որ հավանական է, որ հարց դրվի, որ ավելի վաղ ժամկետում ռուս խաղաղապահները դուրս բերվեն»։

Մեր զրուցակիցը նաև կարևոր է համարում, թե որ ձևաչափով է լուծվելու Ղարաբաղի կարգավիճակի հարցը․ «Երևանն ասում է, որ պատրաստ է ստորագրել խաղաղության համաձայնագիրը։ Մինսկի խումբն այժմ լուսանցքում է։ Իսկ ի՞նչ է նշանակում խաղաղության համաձայնագիր ստորագրել։ Ըստ իս՝ ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։ Դա ավտոմատ կերպով ենթադրում է ճանաչել Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի կազմում։ Իսկ ի՞նչ է լինելու Ղարաբաղի հայերի անվտանգության հարցը։ Դա միանշանակ դրվելու է Ռուսաստանի ուսերին։ Ռուսաստանը փաստորեն պետք է իրավաբանորեն իր վրա պատասխանատվություն վերցնի Ղարաբաղի հայերի անվտանգության համար, սա էլ իր հերթին երթադրում է, որ կարելի է Բաքվի հետ բանակցություններ վարել առանց Երևանի՝ ուղիղ Բաքվի հետ, երկկողմ ֆորմատով։ Այլ տարբերակ ես չեմ տեսնում, ի դեպ Փաշինյանն էլ կարծես դրան դեմ չէ»։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ