![]()
Արցախի պաշտպանական բանակը օգոստոսի 1-ին տարածեց տեղեկություն, որ ադրբեջանական զինուժը առավոտյան 9-ից փորձել է հատել Արցախի հյուսիսի և հյուսիս-արևմտյան շրջանների պաշտպանական դիրքերը, սակայն ՊԲ ստորաբաժանումները կասեցրել են այդ սադրանքները: Արցախի ՊԲ-ն նաև տարածեց տեղեկություն, որ իրավիճակը մնում է լարված, սակայն տեղեկությունները, թե ծավալվում են թեժ մարտեր, չեն համապատասխանում իրականությանը: Արցախի ՊԲ-ն կոչ էր անում չտարածել ապատեղեկատվություն և հետևել միայն պաշտոնական լրահոսին, նշելով, որ ռուսական խաղաղապահ կոնտինգենտի հետ աշխատում են իրավիճակը հանգուցալուծելու ուղղությամբ: Չնայած դրան, հայկական տեղեկատվական տիրույթում ծավալվեց իսկական «ինֆորմացիոն խրախճանք՝ ժանտախտի պահին»:
Խոսքն այն մասին է, որ հատկապես այն ժամանակ, երբ պահանջվում է հանրային առավել զգոն և սառնասիրտ պահվածք, տեղի է ունենում լրիվ հակառակը, ինչը այն նվազագույնն է, որին հասնում է Ադրբեջանը շանտաժի դիմելիս: Նախօրեին, երբ դեռ չկային տեղեկություններ սահմանին սադրանքների մասին, անդրադարձա խնդրին, վերջին օրերին իրավիճակը լարելու Ադրբեջանի շանտաժին, նկատելով, որ շատ բան կախված է լինում, թե ինչպես է շանտաժին արձագանքում Հայաստանի և Արցախի հասարակական-քաղաքական օրգանիզմը: Այդտեղ է մեծ հաշվով ադրբեջանական շանտաժի «հաջողության գրավականը»: Եթե երկրում սկսում է ծավալվել տեղեկատվական «վակխանալիա», ապա դա Ադրբեջանին թույլ է տալիս արձանագրել նվազագույն հաջողություն, ինչը կարող են նաև «կապիտալիզացնել» արդեն այն քաղաքական նպատակների դաշտում, ինչի համար դիմում են այդ գործիքակազմին: Ընդ որում, դա վերաբերում է նաև երրորդ երկրների հետ հարաբերություններին, սկսած Ռուսաստանից՝ որի խաղաղապահ կոնտինգենտը ներկա է Արցախում և կոչված է թույլ չտալ սադրանքներ, և մինչև ԱՄՆ, որի Պետքարտուղարի Երևան և Բաքու զանգերից հետո փաստորեն նկատվում է լարվածության աճ:
Ի դեպ, ուշադրության է արժանի այն, որ օգոստոսի 1-ի սարանքը տեղի է ունենում ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Կարեն Դոնֆրիդի` Երևան զանգին զուգահեռ, կամ զանգը տեղի է ունենում ադրբեջանական սադրանքին զուգահեռ: Իրավիճակի գնահատման համատեքստում հարկ է նկատել, որ Բաքուն լարման գնում է այն բանից հետո, երբ Վաշինգտոնը բարձրաձայնում է «տեխնիկական աջակցության» մասին, որ առաջարկվում է հաղորդուղիների ապաշրջափակման համար և որն ըստ Նահանգների՝ կհեշտացնի հաղորդուղիների ապաշրջափակումը: Իհարկե հնարավոր է տարբեր դատողություններ անել, թե ու՞մ համար կհեշտացնի, այսինքն ու՞մ դիմադրությունը կհաղթահարվի, սակայն փաստն այն է, որ այդ ֆոնին Բաքուն գնում է լարվածության, ինչը նշանակում է, որ Նահանգների առաջարկը կամ ոգևորել է Բաքվին և «խրախուսել» շանտաժի՝ այդ կերպ Հայաստանից համաձայնություն կորզելու, կամ, Բաքվին այնքան է անհանգստացրել, որ փորձ է արվում ապակայունացման շանտաժի միջոցով ընդդիմանալ այդ առաջարկին:
Հատկապես ո՞ր պարագայի հետ գործ ունեն Հայաստանն ու Արցախը, դժվար է ասել, քանի որ հանգամանքներն ու գործոնները այնքան բազմաթիվ ու բազմաշերտ են, որ թերևս սխալ կլինի լարվածությունը միարժեք կապել որևէ, այդ թվում Նահանգների քայլի հետ: Չի բացառվում, որ Ադրբեջանը պարզապես փորձում է օգտվել ուկրաինական պատերազմին զուգահեռ նոր թեժ կետերի հանգամանքից՝ Բալկաններ, Թայվան, և խաղ խաղալ, ակնկալելով քաղել առավելագույնը, հաշվի առնելով այն, որ տարբեր կետերում թեժացումը խոշոր խաղացողներին ավելի է «հակում» տարաբնույթ սակարկությունների: Միարժեք է մի բան, որ Ադրբեջանը հերթական անգամ ի ցույց է դնում Արցախի հայության էքզիստենցիալ սպառնալիքի աղբյուր լինելու, հետևաբար այդ հայության ոչ միայն ինքնորոշվելու, այլ նաև ինքնապաշտպանվելու իրավունքի աներկբայությունը: Այլ է հարցը, թե միջազգային դերակատարներից ու՞մ է դա ներկայումս հետաքրքիր: Սա իհարկե Երևանի, ու նաև Ստեփանակերտի համար չպետք է լինի խնդիրը չբարձրաձայնելու պատճառ: Այստեղ ի դեպ, շատ կարևոր է, որպեսզի Ստեփանակերտը լրջորեն խորհի սպառնալիքները միջազգային հանրության առաջ բարձրաձայնելու մեթոդաբանության մասին, ընդ որում ոչ թե «դեպքից դեպք», այլ գործնական քաղաքականության մեթոդական վերանայման համատեքստում: Ամբողջ հարցն այն է, որ գործնականում անհնար է ճշգրտորեն գնահատել սադրանքների մոտիվը, քաղաքական թիրախների շրջանակը, նպատակադրումները և այլն: Ըստ այդմ, դրանց կանխարգելման քաղաքականությունը՝ բացի պաշտպանական կարողությունների ապահովումից, բովանդակային առումով պետք է բխի միջազգային հանրության հետ Արցախի քաղաքական հարաբերության հայեցակարգից, առանց իհարկե ավելորդ պոռոտախոսության և պատրանքի, հաշվի առնելով իհարկե չճանաչվածության հանգամանքը, միաժամանակ այդ հայեցակարգը քար առ քար կառուցելով միջազգային իրավունքի սկզբունքների վրա:
![]()