Թույլ չտալ նոր փուչիկ ու պայթյուն. Հայաստանի ոգևորությունն ու մարտահրավերը

Հայաստանի կառավարությունը օրերս ոգևորությամբ արձանագրեց տնտեսական աշխուժության ցուցանիշի և աճի երկնիշ վիճակագրությունը, ընդ որում հետագա աճի միտումով: Անշուշտ, տնտեսական այդօրինակ իրադրությունը ոգևորության առիթ ու պատճառ է, հաշվի առնելով այն, որ տնտեսությունն է պետական քաղաքականության հիմքը՝ լինի սոցիալական քաղաքականություն, արտաքին քաղաքականություն, անվտանգության հարցեր, թե այլ ուղղություն: Տնտեսությունը նաև կարևոր հոգեբանական հիմք է հասարակական տրամադրությունների, սպասումների համար: Իսկ դրանք իրենց հերթին տնտեսական կյանքի հետագա աշխուժության հիմք են, այսպես ասած դրական շղթայական ռեակցիայի հնարավորություն: Այդ ամենով հանդերձ, կարիք կա թերևս դիտարկելու հանգամանքներ ու գործոններ, որոնց միջով Հայաստանը մեկ անգամ արդեն անցել է:

Կասկածից վեր է, որ Հայաստանի տնտեսական աշխուժության և աճի հիմքը արտերկրից ֆինանսների մեծ հոսքն է: Մասնավորապես, այստեղ էական դեր է ունեցել ռուսաստանցիների հոսքը Հայաստան: Կառավարությունը խոսում է մոտավորապես 70 հազար մարդու մասին, թեև հնարավոր է թիվն ավելին է: Մի քանի տասնյակ հազար մարդ Հայաստան է տեղափոխվել ոչ թե ֆիզիկապես, այլ տնտեսապես, ասել կուզի՝ տեղափոխվել իր ֆինանսական հոսքերով, այդ կերպ փորձելով ապահովագրվել ՌԴ հանդեպ արևմտյան պատժամիջոցների սահմանափակումներից: Այդ հոսքը բնականաբար բերել է շոշափելի էֆեկտի՝ կա փող, այն պտտվում է, ունենում մուլտիպլիկատիվ էֆեկտ, ավելանալով զբոսաշրջային սեզոնի էֆեկտին: Միևնույն ժամանակ սակայն, այդ ամենը ունի թերևս նաև բացասական կողմ, ինչպես իհարկե տնտեսական ցանկացած երևույթ: Տնտեսությունը թերևս չունի միմիայն դրական կողմերից կազմված իրավիճակ: Բացասականն այստեղ այն է, որ բավականին աճում է անշարժ գույքի գինը՝ թե վաճառքի, թե վարձակալության: Փաստացի, այն աճում է ոչ այնքան ներքին պահանջարկի հետ համաչափ, այլ առավելապես արտաքին խթանիչներով պայմանավորված:

Իսկ դա բերում է սոցիալական, ինչպես նաև կառուցվածքային որոշակի ռիսկերի ու խնդիրների: Մասնավորապես, Հայաստանի տնտեսության համար առաջանում է կապիտալ շինարարության և անշարժ գույքի շուկայում «փուչիկի» ռիսկ, երբ առավելապես արտաքին խթանիչներով պայմանավորված վերելքը կարող է փլուզվել արտաքին կոնյուկտուրայի շատ թե քիչ էական փոփոխությամբ: Հայաստանի տնտեսությունը այդօրինակ մի իրավիճակով անցել է 2006-07 թվականներին, երբ կապիտալ շինարարության բում էր, ինչն էլ դարձել էր Ռոբերտ Քոչարյանի տնտեսական հպարտության առարկան, Վարդան Օսկանյանին տալով Հայաստանի տնտեսությունը «կովկասյան վագր» հռչակելու հիմք: 2009 թվականին սակայն «վագրը» շունչը փչեց կամ փուչիկը պայթեց՝ համաշխարհային տնտեսական ճգնաժամի, իհարկե նաև ներքաղաքական կոնյուկտուրայի հետևանքով: Իսկ Հայաստանի ԿԲ նախկին նախագահ Տիգրան Սարգսյանը՝ որ աճի շրջանում ԿԲ նախագահն էր, իսկ «փուչիկը պայթելիս»՝ վարչապետն էր Սերժ Սարգսյանի նախագահությամբ, կապիտալ շինարարության քոչարյանական շրջանի աճը բնորոշեց «սպեկուլյատիվ»: Դա իհարկե նրա և Ռոբերտ Քոչարյանի թիմի միջև բանավեճի առիթ էր, բայց տվյալ պարագայում հարցը դա չէ, այլ այն, որ Հայաստանը ոգևորության ալիքի տակ չապրի հերթական սպեկուլյատիվ աճի շրջան, որի բարձրությունը կարող է առաջացնել ուրախություն, սակայն անկումը կարող է լինել ցավոտ: Ինչ խոսք, իրավիճակները ներկայումս ամենևին էլ բացարձակ նույնական չեն մոտ մեկուկես տասնամյակ առաջ եղածի հետ, սակայն բոլոր դեպքերում կան բավականին նման ռիսկեր, որոնք պահանջում են սթափ և սառը գնահատական, հստակ կառավարում, Հայաստանի տնտեսության նոր «փուչիկ» թույլ չտալու և փուչիկի պայթյունի ռիսկի չենթարկվելու համար:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ