![]()
Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի գրառումը.
«Պարզվում է, որ Մենուայի որդի Արգիշտիի կառուցածի պատմական վսեմությունն «արատավորվել» է ինչ-որ մահկանացուների մարմնական նսեմությամբ, ինչն էլ առաջացրել է բուռն զայրույթ։
Ցավոք, այս տարիների, և անգամ տասնամյակների ընթացքում ոչ մի բուռն բան չի առաջացել, կապված էրեբունի պատմա-հնագիտական արգելոցը գիտամշակութային համարժեք տեսքի և միջավայրի բերելու ուղղությամբ: Ընդ որում, խոսքը բոլորովին էլ լոկ արտաքին տեսքի մասին չէ, այլ ընդհանրապես միջավարի՝ սկսած փաթեթավորումից, մինչև անվտանգություն, ընդ որում նաև այցելուների անվտանգություն, ոչ թե միայն ամրոցի: Պետք է նկատել, որ վերջին տարիներին արվել են որոշակի բաներ, սակայն, անկասկած, ոչ բավարար:
Իսկ պատմությունը, և՝ ոչ գեղարվեստական ու ոչ սպորտային «մարմնամարզությունը», Արգիշտիի պատմական հետքի վրա հանդիպել են տասնամյակներ շարունակ: Պարզապես մոտ 30-40 տարի առաջ՝ երբ մենք երեխա էինք և Էրեբունի ամրոցի տարածքում պատահաբար դառնում էինք պատմության և «մարմնակրթության» միաձուլման ականատես, տեխնոլոգիաները բավարար չափով զարգացած չէին, մեր ականատեսությունն ինդուստրիալիզացնելու համար»:
![]()