![]()
Բաքու ու Անկարան շարունակաբար միասնական խաղ են խաղում՝ Հայաստանի նկատմամբ կիրառելով նույնական ռազմավարություն։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը օրերս հայտարարել էր, որ Անկարան Հայաստանից կոնկրետ քայլեր է ակնկալում՝ երկկողմ հարաբերությունների կարգավորման հարցում։ Էրդողանը մասնավորապես ասել է․ «Մենք լուրջ և վճռական ենք տրամադրված Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում, Հայաստանից ակնկալում ենք կոնկրետ քայլեր, ընդհանուր խոսքերի հետ մեկտեղ», – ասել է Էրդողանը TRT հեռուստաալիքի եթերում։
Հուլիսի 1-ին Վիեննայում Թուրքիայի և Հայաստանի հատուկ ներկայացուցիչների հանդիպման ժամանակ որոշվել է երրորդ երկրների քաղաքացիների համար հնարավորինս շուտ ապահովել հայ-թուրքական ցամաքային սահմանը հատելու հնարավորությունը և սկսել բեռների ուղիղ օդային փոխադրումներ երկու երկրների միջև։ Օրեր անց Հայաստանի վարչապետը հանձնարարեց կորդինացված աշխատել Թուրքիայի պետական կառույցների հետ՝ Վիեննայի պայմանավորվածությունը կյանքի կոչելու համար, հուլիսի 11-ին էլ հեռախոսազրույց կայացավ Նիկոլ Փաշինյանի և Ռեջեփ Էրդողանի միջև: Կողմերը միմյանց շնորհավորեցին կրոնական տոների կապակցությամբ, հույսեր հայտնեցին և վերջ։ Դրանից հետո լուրեր տարածվեցին, թե թուրքական կողմը Հայաստանի հետ սահմանային հատվածում ականազերծման աշխատանքներ է իրականացնում՝ իբր սահմանը բացելու համար։ Հարցումներ գնացին նաև մեր գերատեսչություններ՝ պարզելու, թե արդյո՞ք նման աշխատանքներ իրականացվում են նաև հայկական կողմից։ Մերոնք հերքեցին նման լուրերը։
Հետաքրքրականն այն է, որ իրապես տպավորություն է, թե Անկարան ու Բաքուն շտապում են, իսկ Երևանը՝ հապաղում։ Սակայն Երևանի հապաղելու համար, փաստորեն, հստակ պատճառներ կան։ Գաղտնիք չէ, որ և Թուրքիան, և Ադրբեջանը ցանկանում են սահմանները բացել ու խաղաղություն հաստատել բացառապես իրենց հարմար պայմաններով, որոնք, սակայն բացարձակապես հակասում են մեր՝ Հայաստանի շահերին։ Եվ քանի որ այս խաղասեղանի շուրջ Հայաստանը միայնակ է, իսկ Անկարան ու Բաքուն՝ զույգ, մեր արևելյան ու արևմտյան հարևանները միասնաբար տպավորություն են ստեղծում, թե Հայաստանն է, որ ձգձգում է գործընթացներն ու հրաժարվում է առաջ քայլել։ Մինչդեռ, եթե Երևանը առաջ քայլի՝ կուլ գնալով Անկարա-Բաքու զույգի խաղի կանոններին, ապա այդ առաջ շարժի դեպքում, հավանական է, որ մենք հայտնվենք մի խորը փոսում։
Ամեն դեպքում, Թուրքիան ու Ադրբեջանը, ինչպես արդեն նշեցի, դիվանագիտական ֆարս են կարծես խաղարկում, ֆասադային, իմիտացիոն գործողություններ իրականացնում՝ ապացուցելու մյուս կողմերին, որ խոչընդոտը Հայաստանն է, ոչ թե թյուրքական պետությունները։ Այսպես, մի նման, հերթական գործողություն էլ օրերս իրականացվեց հայ-թուրքական սահմանի թուրքական կողմում։ Հայտնի դարձավ, որ Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացում Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչը որոշ պաշտոնյաների ուղեկցությամբ հուլիսի 24-ին այցելել է Կարս: Այդ մասին հայտնում են թուրքական լրատվամիջոցները: Նա Կարսի Աքյաքա շրջանում այցելել է հայ-թուրքական սահմանի Դողուքափը անցակետ, այնուհետև եղել է Անիի ավերակներում: Քըլըչը Կարսում որոշ հանդիպումներից հետո լքել է քաղաքը: Նրա այցն ու հանդիպումներն անցել են մամուլի համար փակ ռեժիմով:
Ինչևէ, դառնալով Էդողանի վերջին, ծավալուն հարցազրույցին, նշեմ, որ նրա խոսքում Հայաստանի վերաբերյալ նախորդիվ հնչեցրածս միտքը բնավ էլ ամենաառանցքայինը չէր։ Թուրքիայի նախագահը՝ խոսելով հայ-թուրքական կարգավորման գործընթացի մասին, հստակորեն ասել է, որ Ադրբեջանն ի սկզբանե Թուրքիայի համար եղել է կարմիր գիծ և որ Ադրբեջանի խնդիրները լուծելուց հետո միայն Անկարան կբացի սահմանները: Վերջինս նաև հավելել է, թե Փաշինյանի հետ զրույցից հետո գոհ էր, որ Հայաստանի վարչապետը տարածաշրջանային խաղաղության և համագործակցության տեսանկյունից կիսում է թուրքերի հետ մտքեր։ Բայց Էրդողանն ակնկալել է, որ ժամանակն է, որ Հայաստանը խոսքից այն կողմ կոնկրետ քայլեր անի։ Թե ինչ քայլերի մասին է խոսքը, արդյոք այդ քայլերն ուղղակիորեն փոխկապակցված են Հայաստանի՝ Արցախի հիմնախնդրից հրաժարումն ու պահանջներ չներկայացնելու հետ։ Արդյոք Անկարան ակնկալում է նաև, որ Հայաստանը կդադարի պահանջատեր լինել նաև Ցեղասպանության հարցում։ Եվ արդյո՞ք, ի վերջո, Բաքուն ու Անկարան համատեղ փորձում են ճնշել Հայաստանին՝ ինչպես թուրքերն են ասում, «միջին միջանցքը», իսկ ինչպես ադրբեջանցիք՝ «Զանգեզուրի միջանցքն» իրենց պայմաններով ստանալու համար։
![]()