![]()
«Իզմիրլյան» ԲԿ-ն դարձել է Դրեզդենի հոսպիտալը։ Պետք է Արմեն Չարչյանին հարցում անել ՝ լսիր, քո մոտ ամեն ինչ են բուժո՞ւմ, ինչպես Դրեզդենի հոսպիտալում»,-Civic.am-ի հետ զրույցում, պատասխանելով հարցին՝ ինչո՞վ բացատրել աղմկահարույց քրեական գործերով մեղադրվող նախկին բարձրաստիճան պաշտոնյաների սերն ու համակրանքը մասնավորապես «Իզմիրլյան» ԲԿ-ի հանդեպ՝ հայտարարեց փաստաբան, նախկինում դատախազ, «Սիրունյան» իրավաբանական գրասենյակի ղեկավար, դոցենտ Ալեքսանդր Սիրունյանը։
Հիշեցնենք, որ կալանքի տակ գտնվող նախկին ՀՀ գլխավոր Աղվան Հովսեփյանը եւս տեղափոխվել է հիշյալ կենտրոն։ «Ինձ այս դեպքում ահա թե ինչն է հետաքրքիր՝ քանի որ ներսից ինֆորմացիա ունեմ․ Հովսեփյանն ունի շաքար շատ վաղուց։ Երբ ես ժամանակին աշխատում էի որպես դատախազ, իսկ նա որպես քննիչ, այդ ժամանակ շաքար ուներ։ Այսօր, սակայն, իմ տեղեկություններով, փաստաթղթեր են սարքվում ոչ թե դիաբետի, այլ մեկ այլ հիվանդության հիմքով նրան կալանքից ազատելու համար։ Ըստ այդմ՝ Հովսեփյանն ունի նյարդային հիվանդություն, որը հանգեցրել է վերջույթների շարժումների անկայունության՝ քայլելու հետ կապված խնդիրներ, ձեռքերի դող եւ այլն։ Ասեմ, որ այդ հիվանդությունը եւս՝ ձեռքերի դող, նախկինում ուներ։ Հիմա իրենք աշխատում են այն ուղղությամբ, որ համապատասխան փորձագետը եզրակացություն տա, որ Հովսեփյանը չի կարող նման հիվանդության պարագայում մնալ կալանքի տակ, այսինքն՝ կալանքից ազատման հարցն են լուծում»,- փակագծեր բացեց փաստաբանը։
Նրա խոսքով՝ ազատազրկման վայրերում կա մոտ 4 հազար մարդ, որոնց մոտ 70 տոկոսը դատապարտյալներ են, մոտ 30 տոկոսը՝ կալանավորներ։ «Այդ անձանցից շատերն ունեն մի շարք հիվանդություններ, այդ թվում եւ Աղվան Հովսեփյանի հիվանդությունից՝ շաքարային դիաբետ։ Հիմա ես հարց եմ տալիս գլխավոր դատախազին՝ գաղութների վրա հսկողություն իրականացնող միակ մարմինը այս երկրում դուք եք՝ դատապարտյալների ճաշից սկսած, բժշկական հսկողությունով վերջացրած։ Ես ինքս Սեւանի գաղութի դատախազ եմ եղել 5 տարի, հիմա հարց եմ տալիս Արթուր Դավթյանին՝ ձեր կալանավորը, ոչ թե սովորական քաղաքացին, 3 ամիս իբր բուժվում է՝ «Միքայելյան վիրաբուժության ինստիտուտ»-ում ու շաքա՞ր է բուժում, բա դուք հարց չեք տալի՞ս՝ իմ կալանավորն ի՞նչ գործ ունի այդ բուժհիմնարկում։ Ասեմ, որ մինչեւ հեղափոխությունը նման հաճույքն արժեր ամիսը 1500-2000 դոլար՝ եթե սովորական մարդ էր, ոչ թե Հովսեփյանի նման մարդ։ Փողը տալիս էր, մի երկու-երեք շաբաթ տանում էին որևէ բժշկական կենտրոն, պահում էին, հետ էն տանում, հետո տանում էին մեկ այլ հիվանդանոց, ասում էին՝ հիվանդ ա, դատախազը փողը վերցնում էր, ձայն չէր հանում, գաղութի պետն էլ փողը վերցնում էր՝ կազմակերպում։ Հիմա հարց եմ տալիս՝ շաքարի ի՞նչն էիք բուժում վիրաբուժության ինստիտուտում, էսօր էլ տեղափոխեցիք «Իզմիրլյան»։ Գլխավոր դատախազը չի հետաքրքրվում՝ իմ կալանավորն այդ ո՞ր հիվանդությամբ է տառապում, որ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում չեն կարողանում բուժեն, տանում են քաղաքացիական հիվանդանոոց։ Որովհետեւ քաղաքացիական հիվանդանոց տանում են էն դեպքում, եթե ԴՀ ՔԿՀ-ում այդ հիվանդությունը հնարավոր չէ բուժել»,- հայտարարեց մեր զրուցակիցը՝ որպես օրինակ նշելով սրտի եւ այլ օրգանների վիրահատությունները։
Փաստաբանը նկատեց նաեւ, որ եթե խոսում ենք միջազգային ստանդարտներին համապատասխանող ԲԿ-ների մասին, ապա ՀՀ-ում այդ ստանդարտներին համապատասխանում են այլ ԲԿ-ներ։ «Ինչո՞ւ հենց «Իզմիրլյան»։ Վաղն էլ չի բացառվում, որ այլ հիվանդանոց տանեն։ Սա գալիս է հսկող մարմինի թողտվությունից։ Կալանավորն ասում է՝ կլինի՞ գնամ դրսում բուժվեմ, նա էլ ասում է՝ գնա։ Ի՞նչ տարբերություն հիվանդանցի անունը Լենինական ա, Իզմիրլյան թե Զանգելան։ Դուք հարցը էսպես դրեք՝ էդ մարդը ինչքա՞ն պիտի մնա դրսում։ Որովհետեւ, եթե հարցը էդպես չի դրվում, ապա բոլոր շաքարով հիվանդ կալանավորներին ու դատապարտյալներին պետք է տանեն «Իզմիրլյան» բուժելու։ Հիմա ես ասեմ այդ հարցին հաջորդող նրբությունները՝ կալանավորը, ըստ կարգի, պետք է գտնվի խցում, կալանավորը հեռախոսից օգտվելու իրավունք չունի, կալանավոր ունի զբոսանքի իրավունք՝ օրը մեկ ժամ, կալանավորը պետք է ենթարկվի ռեժիմին։ Այսինքն, եթե մտնում են խուց, պետք է կանգնի եւ ներկայանա՝ կալանավոր Աղվան Հովսեփյան, այսինչ հոդվածով կալանավորված եմ էսինչ օրվանից եւ այլն։ Օրենքը սահմանում է, որ կալանավորը ստանում է «պերեդաչի» եւ սահմանում է նաեւ, թե ինչ պետք է ստանա։ Հիմա ես ու դուք պիտի հավատանք, որ երեք ամիս Հովսեփյանի մոտ ոչ մեկ չի գալի՞ս, ինքը հեռախոսից չի՞ օգտվում, ինքը ծանրոցներ է ստանում եւ օրը մեկ ժամով դուրս է գալիս զբոսանքի՞։ Ինքը այսօր սանատորիայում է։ Քանի որ իմ գերդաստանում բոլորը բժիշկներ են, ես էլ մի քիչ հասկանում եմ բժշկությունից, ապա հարց տամ՝ շաքարն էդ երբվանի՞ց դարձավ բուժվող հիվանդություն, չլինի՞ էդ բուժհիմնարկում ուզում են շաքար բուժելու համար Նոբելյան մրցանակ ստանան»։
Փաստաբանը մի դիտարկում էլ արեց՝ հիշեցնելով նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի դեպքը, որը նույնպես պարբերաբար բուժման նպատակով տեղափոխվում էր վերոհիշյալ հանրահայտ ԲԿ։ «Էդ ո՞նց եղավ, որ Քոչարյանի մոտ այնքան հիվանդություն էին հայտնաբերել, որ տպավորություն էր, թե էդ խեղճ մարդը պետք է հեսա-հեսա հոգին տա, բայց հենց կալանքից ազատվեց, հաջորդ օրը պարզվեց, որ առողջ է։ Տեսնու՞մ եք ինչ լավ տեղ է Չարչյանի հիվանդանցը։ Հետեւապես մի շատ կարեւոր հարց նրան՝ դուք բոլորի՞ն եք նման դիպուկ դիագնոզներ դնում»,- եզրափակեց Սիրունյանը։
![]()