![]()
Այսօր՝ հուլիսի 21-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20։40-ի սահմաններում Աշտարակի խճուղում բախվել են 29-ամյա Վարազդատ Չոբանյանի վարած ՎԱԶ 21099 մակնիշի և 25-ամյա Նարեկ Մովսիսյանի վարած Opel մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 099-ը կողաշրջվել է՝ հայտնվելով բաժանարար գոտում, Opel-ը նույնպես հայտնվել է բաժանարար գոտու վրա։
Օպերատիվորեն ժամանել են Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության թիվ 7 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։ Հրշեջ փրկարարները հոսանքազրկել են մեքենաները, փակել գազաբալոններն ու սահմանազատել տարածքը։
Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ոստիկանության Պարեկային ծառայության Երևանի գնդի 4-րդ գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արմեն Գասպարյանի գլխավորությամբ։ Վթարի փաստով Պարեկային ծառայության Երևանի գնդում նյութեր են նախապատրաստվում։
![]()