Համավարակի նոր ալիք է սպասվում Հայաստանում․ BA.2.75 շտամը շատ արագ տարածվում է

Lragir.am-ի զրուցակիցն է Երևանի պետական բժշկական համալսարանի համաճարակաբանության ամբիոնի դոցենտ Մերի Տեր-Ստեփանյանը։

Տիկին Տեր-Ստեփանյան, նախորդ շաբաթ Հայաստանում կորոնավիրուսի 629 դեպք է գրանցվել։ Համավարակային իրավիճակն ինչպիսի՞ն է, ի՞նչ ծանրության դեպքեր են գրանցվում։

Մինչև հիմա հայտնում էին օմիկրոնի երկու շտամների մասին՝ BA.4 և BA.5, բայց սկսած հուլիսի 11-ից ԱՀԿ-ն BA.2.75 շտամը, որը նախկինում գտնվում էր մոնիթորինգի տակ, ներկայացրեց հետաքրքրություն ներկայացնող, այնուհետև անհանգստացնող տարբերակ։ Սա մուտացիայի ենթարկված շտամն է, որը շատ արագ տարածվում է, շատ ավելի արագ, քան BA.5-ը, որը նախկինում համարվում էր ամենաարագ տարածվողը։ Եվ կարծում եմ, որ Հայաստանում նույնպես մենք արդեն ունենք այդ շտամը, որովհետև դեպքերի աճը վկայում է դրա մասին։

Ինչպե՞ս է ընթանում այս շտամը։

Դեռ կարող ենք ասել, որ արագ է տարածվում, ծանրության աստիճանը մոնիթորինգի տակ է։ Բայց այն, որ օրական աշխարհում արդեն մոտ 1 մլն դեպք է արձանագրվում, սա հաստատում է դրա ինտենսիվ տարածումը։ Անհանգստացնող է այն, որ մուտացիաներն այն հատվածում են, որոնք դրան թույլ կտան խուսափել իմուն պատասխանից։ Այսինքն՝ այս շտամը նախկինների համեմատ կարող է ավելի հեշտ խուսափել թե նախկինում հիվանդության արդյունքում ձևավորված, թե որոշ չափով նաև պատվաստման արդյունքում ձևավորված հակամարմիններից։

Հետևաբար, պատվաստումները պետք է շարունակե՞լ, թե՞ արդյունավետ չեն այս դեպքում։

Ամեն դեպքում, բուստեր դեղաչափերով պատվաստումը պետք է շարունակել, որովհետև ծանր ձևերից պաշտպանում է։ Եթե հիվանդանալուց մենք այդքան պաշտպանված չենք, ինչպես նախկին շտամների դեպքում, ծանր դեպքերից և մահվան ելքից դա պաշտպանում է։ Իսկ բուստեր դեղաչափով պատվաստման ցուցանիշները մեզ մոտ շատ ցածր են։ Մենք ունենք ընդամենը 60 հազարի կարգի խթանիչ դեղաչափով պատվաստման ցուցանիշ, դա շատ փոքր թիվ է, որը կարիք ունենք ավելացնելու։

Կորոնավիրուսի համավարակի նոր ալի՞ք է սպասվում Հայաստանում։

Միանշանակ, մենք ալիքի սկզբին ենք գտնվում, մեզ մոտ դա վեցերորդ ալիքն է, իսկ երկրներ կան, որտեղ 7-րդ, 8-րդ ալիքն է։ Այո, կարծում եմ, սա շարունակական է, և դեռ վերելք էլ կունենանք։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ