![]()
Մինչ ԱԺ խորհուրդն իր՝ հուլիսի 14-ին տեղի ունեցած նիստում որոշեց առկախել ԱԺ 33 պատգամավորների հարցով ՍԴ դիմելու գործընթացը, ԱԺ պատգամավոր Իշխան Սաղաթելյանը հուլիսի 15-ին տեղի ունեցած հանրահավաքում հայտարարեց նոր նախաձեռնության՝ այսպես կոչված «չեղարկման հռչակագրի» մասին։ Չեղարկումը, սակայն, վերաբերում է ոչ թե ամիսներ շարունակ ձգվող բոյկոտին, այլ․․․ոչ դես, ոչ դեն՝ Նիկոլ Փաշինյանի ձեռք բերած գրավոր ու բանավոր հայաձայնությունները առոչինչ հայտարարելուն։ «Մենք հանդես ենք գալու նախաձեռնությամբ, որ հաջորդ իշխանությունը հրատապության կարգով պետք է առոչինչ հայտարարի Նիկոլի ձեռք բերած ցանակցած բանավոր և գրավոր պայմանավորվածություն։ Մենք այս փաստաթուղթը վերջնական մշակելուց հետո առաջարկելու ենք, որ ՀՀ բոլոր քաղաքական ուժերը, գործիչները ստորագրեն դրա տակ եւ ամբողջ աշխարհը, այդ թվում Ալիևն ու Էրդողանը, հասկանան, որ Նիկոլի հետ ձեռք բերած ցանկացած պայմանավորվածություն առոչինչ է և որևէ իրավական նշանակություն չունի հայ ժողովրդի համար»,- «չեղարկման հռչակագրի» էությունն է ներկայացրել երկրի թիվ մեկ դիմադրողականը։
«Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության առաջնորդ, քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Civic.am-ի հետ զրույցում նախ ողջունեց ՔՊ-ի որոշումը՝ հիշեցնելով, որ ԱԺ խորհրդի նիստի նախօրեին ինքը եւս նման գործընթաց չսկսելու օգտին էր հանդես եկել։ «Համարել ենք, որ քաղաքական խնդիրները իրավական գործիքակազմով լուծել չի կարելի, եւ համարում ենք ողջամիտ այն, ինչը որոշել է ԱԺ խորհուրդը։ Ի վերջո, Իշխան Սաղաթելյանի եւ մյուսների գնահատականը պետք է տա ընտրողը եւ այդ գնահատականը, վստահաբար, կտրվի հաջորդ ընտրություններում։ Փողոցային պայքարը յուրաքանչյուրի իրավունքն է, բայց տեւական բոյկոտի գաղափարը քաղաքական կյանքում վաղուց չի կիրառվում աշխարհի որեւէ երկրում։ Նույնիսկ իրենց սիրած՝ վրացական խորհրդարանի բոյկոտի օրինակը երբ բերում են, այդտեղ լրիվ այլ իրավիճակի թելադրանքով է, այլ օրակարգով, շեշտադրումներով եւ ոչ տեւական»։
Ինչ վերաբերում է վերոհիշյալ պրովոկացիոն անվանումով հռչակագրին միանալ-չմիանալուն, ապա, ըստ պրն Սուրենյանցի, իրենց կուսակցությունը չի միանալու դրան։ «Նույնիսկ պետք չէ ինձ այդ հռչակագրի տեքստը տեսնել, արդեն իսկ շեշտադրումներից հասկանալի է։ Նման հռչակագրի իմաստ ու անհրաժեշտություն կարող էր առաջանալ մեկ դեպքում միայն, եթե կասկածի տակ դրված լիներ անցած տարվա ԱԺ ընտրությունների լեգիտիմությունը։ Իրեն հարգող քաղաքական գործիչը նման նախաձեռնությամբ հանդես է գալիս միայն այդ պարագայում, եթե համընդհանուր կարծիք կա մեր հասարակության, միջազգային հանրության, ընտրություններին մասնակից քաղաքական ուժերի, այդ թվում՝ իրենց մոտ, որ արտահերթ ընտրությունները լեգիտիմ չեն։ Բնականաբար, այն ուժերը, որոնք չեն հայտնվել ԱԺ-ում, համաձայն չեն ընտրությունների արդյունքների հետ, բայց դա կապ չունի ընտրությունների որակի, իշխանության լեգիտիմության հետ։ Լեգիտիմ իշխանության պարագայում դիմել միջազգային կառույցներին, ասել՝ ՀՀ իշխանության ստորագրությունը մի ճանաչեք, դա, կներեք, կապ չունի լուրջ քաղաքականության հետ։ Մենք կարող ենք իշխանության որակը քննադատել, բայց դրա լեգիտիմությունը կասկածի տակ դնել չենք կարող, որովհետեւ այդ իշխանությունը ձեւավորվել է միանգամայն օրինական ընտրությունների միջոցով։ Հարցի մյուս կարեւոր շերտին էլ անդրադառնամ՝ Իշխան Սաղաթելյանը եթե այդքան չեղարկման կողմնակից է եւ այդքան համարձակ գործիչ է, ապա Նոյեմբերի 9-ի փաստաթղթի մասին էլ թող խոսի, որի տակ դրված է նաեւ Վ․ Պուտինի ստորագրությունը։
Գլխավոր փաստաթուղթը, որից բխում են մնացած բոլոր փաստաթղթերն ու օրակարգերը, հենց այդ եռակողմ հայտարարությունն է, որի գլխավոր մոդերատորը ՌԴ նախագահն է։ Եւ ընդհանրապես, ի գիտություն Սաղաթելյանի՝ մի շատ կարեւոր բան ասեմ՝ իրենց սիրելի ՌԴ արտաքին գործերի մամուլի խոսնակ Մարիա Զախարովան օրեր առաջ հայտարարեց, որ հայ-թուրքական դիալոգի մեկնարկը տրվել է ռուսական կողմի ուղղակի միջնորդությամբ, Մոսկվայում, այս տարվա հունվարի 14-ին։ Եւ եթե պարոնայք Սաղաթելյանն ու այլք խոսում են թուրքական, ադրբեջանական օրակարգերից, ապա թող շա՜տ զգույշ լինեն, քանի որ ոչ մի առանձին վերցված թուրքական-ադրեջանական օրակարգ գոյություն չունի, տարածաշրջանի բոլոր գործընթացների մոդերատորը ՌԴ-ն է։ Հետեւապես, եթե այդքան համարձակություն ունեն, ապա թող ՌԴ-ի քաղաքականությունը քննադատեն»։
Նկատեցինք, որ Սաղաթելյանը ՀՀ գալիք իշխանությանն է վերապահում գործող իշխանության ստորագրությունների չեղարկումը, այսպիսով եւս մեկ անգամ ֆիքսելով՝ քանի գործող իշխանությունը պաշտոնավարում է, իրենք, որպես ընդդիմություն, անգործունակ են, որեւէ կերպ չեն կարող կասեցնել որեւէ համաձայնության ձեռք բերում։ «Այսպիսի նախաձեռնությունը տրեխային հայրենասիրության դասական օրինակ է,այսպիսով այո՛, իրենք նախ ֆիքսում են, որ բովանդակային առումով զրո են, չունեն քաղաքական կոնտենտ, եւ երկրորդ՝ միջազգային հարաբերությունները վերպետական ընթացակարգ չեն միայն։ Դու պետք է ոչ միայն քո պետական ինստիտուտները հարգես, այլ նաեւ պարտավոր ես հարգել միջազգային բոլոր գործընկերներին, ում հետ քո պետությունը որեւէ փաստաթուղթ է ստորագրում։ Պետությունը ինչ-որ կուսակցության մենաշնորհած խմբավորում չէ, որ ցանկացած իշխանություն գա եւ չեղարկի նախորդ իշխանության օրոք կնքված միջազգային պարտավորությունները։ ՀՀ-ում նման բան չի եղել եւ չի կարող լինել։ Նույնիսկ Աֆղանստանում թալիբները նման բան չեն անում։ Իրենք վստահ գիտեն, որ հաջորդ իշխանություն չեն լինելու, ես գրեթե վստահ եմ, որովհետեւ միջազգային գործընկերների հանդեպ նման անհարգալից վերաբերմունք կարող է ցուցաբերել մի ուժ, որը վստահ է, որ էլ երբեք չի գալու իշխանության»։
Ի հավելում ասվածի՝ մեր զրուցակիցը հիշեցրեց, որ, երբ սկսվեց ֆուտբոլային դիվանագիտությունը, այդ ժամանակ պաշտոնավարող Սերժ Սարգսյանի վարչակարգը իսկապես ոչ լեգիտիմ էր ոչ միայն մեր հանրության, այլեւ միջազգային կառույցների դիտարկմամբ, սակայն Հայ ազգային կոնգրեսի առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը քաղաքական զգուշավորության եւ պետական մտածողության օրինակ ցույց տվեց, նույնիսկ պերմանետ հանրահավաքները առժամանակ դադարեցնելու որոշում կայացվեց, որպեսզի իշխանությունները արտաքին մանեւրի հնարավրություն ունենան եւ որեւէ կերպ չխոչընդոտվի այդ՝ անչափ կարեւր դիալոգի կայացմանը։ Մենք էլ՝ ՀԱԿ-ի շուրջ համախմբված բոլոր գործիչներս, մեր հոդվածներով մեր նպաստն էինք բերում այդ դիալոգի կայացմանը, նույնիսկ այդ պարագայում, երբ գիտեինք, որ իշխանությունը ոչ լեգիտիմ է, մեր ընկերներից շատերն էլ բանտերում էին»։
Ի՞նչն է պատճառը, որ ՀՀ-ի շուրջ ու ՀՀ-ում տեղի ունեցած վերջին մի քանի օրերի կարեւոր զարգացումները՝ մասնավորապես ԻԻՀ ԱԳԽ քարտուղար Ալի Շամխանիի գլխավորած պատվիրակության, ԱՄՆ ԿՀՎ տնօրեն Ուիլյամ Բըրնսի կարեւոր այցերը ՀՀ ընդդիմության քննարկումերի օրակարգում չեն, ինչո՞վ բացատրել այս «խոսուն» անտարբերությունը։ Ի պատասխան՝ Civic.am-ի զրուցակիցն ասաց․
«Իրենք ընդդիմություն են, որոնք, ցավոք սրտի, գլոբալ գործընթացներին չեն անդրադառնում, շատ նեղ օրակարգ է իրենց առաջադրածը, որը հանգում է պրիմիտիվ, քաղաքականության հետ չասոցացվող կարգախոսների, նարատիվների, ասենք՝ «ոչ թուրքացմանը եւ այլն։
Առաջնորդվելով այդ պրիմիտիվ նարատիվով, բնականաբար, նրանք չեն կարող անդրադառնալ ավելի գլոբալ գործընթացների։ Ձեր նշած այցերն, անշուշտ, շատ կարեւոր են, սակայն դրանց օրակարգերի մասին բավարար ինֆորմացիա չունենք, որպեսզի հեռուն գնացող ենթադրություններ անենք, շատ բազմաշերտ օրակարգերվ նրանք կարող են այցելած լինել հիշյալ պաշտոնյաներին։ Բայց միայն այն փաստը, որ ՀՀ-ի շուրջ շոշափելի ակտիվություն կա, դա դրական է, այլ խնդիր, որ մեր ԱԳՆ-ն պետք է կարողանա կապիտալիզացնել այդ ակտիվությունը՝ որպես կոնկրետ արտաքին քաղաքական պրոդուկտ։ Վերջին օրերի շատ կարեւոր իրադարձություն էր նաեւ Ա․ Միրզոյան-Ջ․Բայրամով հանդիպումը։ 2000-ակաների սկզբից ես պնդել եմ եւ շարունակում եմ պնդել, որ հայ-ադրբեջանական դիալոգի հաջողության հիմնական գրավականը ուղիղ բանակցություններն են»։
Մեծ արդյունքներ, ըստ Սուրենյանցի, պետք է չէ ակնկալել առաջիկայում, քանի որ Բաքվի եւ Երեւանի դիրքորոշումները մի շարք հարցերում տրամագծորեն տարբեր են, բայց դիալոգի փաստը նվազեցնում է պատերազմի վերսկսման ռիսկը։ «Բացի այդ, հիմա տեղի են ունենում զուգահեռ երկու գործընթացներ՝ հայ-ադրբեջանական եւ հայ-թուրքական, որոնք ռեալ պոլիտիկի տեսանկյունից միմյանցից տարանջատ լինել չեն կարող՝ ուզենք մենք դա, թե ոչ։ ՀՀ-ում քաղաքականությամբ զբաղվող մարդիկ պետք է գիտակցեն, որ ՀՀ-ի անվտանգության եւ ինքնիշխանության հիմնական երաշխիքը ոչ մեր զինված ուժերն են, ոչ էլ առավել եւս՝ երրորդ երկիրը, այլ՝ հարեւան երկրների հետ բնականոն հարաբերությունների հաստատումը։ Այդպիսի հարաբերություններ եթե չլինեն, միշտ լինելու է պատերազմի եւ ՀՀ-ի սուբյեկտության կորստի վտանգ։ Ես իշխանություններից պահանջում եմ հետեւյալը՝ հետեւողականորեն, անկախ ներսում հնչող քննադատություններից գնալ եւ իրենց ստացած վստահության մանդատի շրջանակներում իրականացնել հայ-ադրբեջանական եւ հայ-թուրքական դիալոգը եւ այդ մանդատը կապիտալիզացնել կոնկրետ փաստաթղթերի ստորագրմամբ»։
![]()