Ամերիկյան օդանավակայանում 2 ինքնաթիռ է բախվել․ կան զոհեր

ԱՄՆ Նևադա նահանգի Նորթ Լաս Վեգաս քաղաքի օդանավակայանում ավիավթար է տեղի ունեցել, որի հետևանքով զոհվել է չորս մարդ:

Ամերիկյան լրատվամիջոցները հայտնում են, որ միջազգային օդանավակայանի ներկայացուցիչ Հարրի Ռիդը հաստատել է տեղեկությունը՝ նշելով, որ օդանավակայանի թռիչքուղու տարածքում բախվել է երկու օդանավ։

Դաշնային ավիացիոն վարչության տվյալներով՝ PIPER PA-46 ինքնաթիռը վայրէջք կատարելիս բախվել է Cessna 172-ին։ Երկուսն էլ մեկ շարժիչով փոքր օդանավեր են:

Բախման հետևանքով PIPER PA-46-ն ընկել է թռիչքուղուց ոչ հեռու գտնվող դաշտում, իսկ Cessna-ն՝ մոտակայքում գտնվող արհեստական լճակի մոտ:

Միջադեպի վերաբերյալ ահազանգը փոխանցվել է ոստիկանություն ու հրշեջ ծառայություն: Նշվում է, որ օդանավերից յուրաքանչյուրում եղել է երկուական մարդ։ Նրանցից ոչ մեկին փրկել չի հաջողվել։

Ավելի վաղ Fox3 Now կայքը հրապարակել էր միջադեպի կադրերը, որոնցում երևում էին ինքնաթիռներից մեկի այրվող բեկորները թռիչքուղուց ոչ հեռու։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ