Պատմության մեջ առաջին անգամ օլիմպիական մարզաձևից Հայաստանը կընդունի համաշխարհային կոնգրես

Բռնցքամարտի միջազգային ֆեդերացիայի (IBA) առաջիկա արտահերթ կոնգրեսը կկայանա Հայաստանում։ Այս մասին տեղեկացնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան:

Ալժիրում կայացած հերթական նիստի ընթացքում քվեարկության է դրվել առաջիկա ընդլայնված կոնգրեսն անցկացնելու վայրի ընտրության հարցը։ Հավակնող երկրներն էին Հայաստանը, Թուրքիան և Նիդերլանդները։

Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան հաղթել է բացահայտ առավելությամբ։ 17 քվեարկողներից 15-ը նախապատվությունը տվել են մեր երկրին։

Նման ընտրությունը IBA-ն և քվեարկությանը մասնակցած անձիք բացատրել են նրանով, որ համաշխարհային բռնցքամարտի ընտանիքում կտրուկ բարձրացել է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի հեղինակությունը, իսկ վերջերս ամենաբարձր մակարդակով անցկացված Եվրոպայի առաջնությունը դրա վառ ապացույցն էր։

Այսպիսով պատմության մեջ առաջին անգամ օլիմպիական մարզաձևից Հայաստանը կընդունի համաշխարհային կոնգրես։

Սեպտեմբերի 24-ից հոկտեմբերի 1-ը ընկած ժամանակահատվածում Երևան կժամանի համաշխարհային բռնցքամարտի ամբողջ էլիտան։ Սպասվում է մոտ 200 երկրի ավելի քան 400 ներկայացուցչի մասնակցություն։

Կոնգրեսի ընթացքում քննարկվող հարցերից գլխավորը լինելու է  IBA-ի նախագահի նոր ընտրություններ անցկացնել-չանցկացնելու հարցը։

Ֆեդերացիան հիշեցնում է, որ ՄՕԿ-ը կամայականորեն չի ընդունել IBA-ի նախագահի վերջերս կայացած ընտրությունը`նշելով, որ առկա են եղել խախտումներ` մինչդեռ բռնցքամարտի միջազգային կառույցը պնդում է, որ ընտրություններն անցկացնելիս առաջնորդվել են հստակ կանոնադրությամբ։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ