Ինչու՞ է Ադրբեջանը բացակայում ԱՄՆ նախազգուշական ցուցակից

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը այս օրերին ընդունեց ԱՄՆ ազգային անվտանգության հատկացումների ակտի վերաբերյալ մի քանի լրացում, որոնք բնութագրվում են հայամետ: Այդ բնորոշման պատճառն այն է, որ լրացումները վերաբերում են Ադրբեջանի գործողություններին, մասնավորապես 44-օրյա պատերազմին առնչվող՝ սկսած պատերազմական հանցագործություններից մինչեւ ռազմագերիների հարց: Լրացումները ներառում են նաեւ պատերազմից հետո Հայաստանի եւ Արցախի դեմ ագրեսիվ գործողությունների շրջանակը, ԱՄՆ գործադիր իշխանությունից պահանջելով զեկույց եւ գնահատական այդ թեմաների վերաբերյալ: Ինչ խոսք, ԱՄՆ Կոնգրեսի հայկական հանձնախմբի անդամների նախաձեռնությամբ ընդունված լրացումները կարեւոր են, ողջունելի, թեեւ բավականին քիչ է հիմքը եզրակացնելու, թե դրանք էական ազդեցություն կունենան ԱՄՆ ռեգիոնալ քաղաքականության հարցում: Այդուհանդերձ, կարեւոր է ցանկացած «շտրիխ», որը բացում է մեր համար կարեւոր հարցերի ուղղությամբ աշխատանքի հնարավորություն: Դրանով հանդերձ, այս օրերին ԱՄՆ-ից ստացվեց եւս մի տեղեկություն, արդեն գործադիր իշխանության համակարգից, որը Հայաստանում չարժանացավ բավարար ուշադրության, թերեւս այն պատճառով, որ այն նույնքան ոգեւորիչ չէր իր բովանդակությամբ, որքան կոնգրեսական շրջանակից ստացվածը:

Ֆինանսական հանցագործությունների դեմ պայքարի գործակալությունը (FinCEN) և ԱՄՆ ֆինանսների նախարարության Արդյունաբերության և անվտանգության բյուրոն (BIS) Հայաստանը ներառեցին այն երկրների թվում, որոնց միջոցով ԱՄՆ պատժամիջոցների տակ գտնվող ապրանքները կարող են արտահանվել Ռուսաստան և Բելառուս։ Ըստ այդ տեղեկության, ամերիկյան կառույցները հայտնաբերել են մի քանի ընդհանուր փոխադրման կետեր, որոնցով անցնում են սահմանափակ կամ վերահսկվող արտահանումներ՝ մինչ Ռուսաստան կամ Բելառուս հասնելը: Այդ դիտարկման տակ են հայտնվել Հայաստանը, Բրազիլիան, Չինաստանը, Վրաստանը, Հնդկաստանը, Իսրայելը, Ղազախստանը, Կիրգիզիան, Մեքսիկան, Նիկարագուան, Սերբիան, Սինգապուրը, Հարավային Աֆրիկան, Թայվանը, Տաջիկստանը, Թուրքիան, Արաբական Միացյալ Էմիրությունները և Ուզբեկստանը:

Նկատելի է, որ ցանկն այսպես ասած չունի քաղաքական ընդգծվածություն, որովհետեւ այն ներառում է նաեւ երկրներ, որոնց հետ ԱՄՆ-ը ունի ընդհուպ դաշնակցային հարաբերություն: Տվյալ պարագայում սակայն ուշադրության է արժանի թերեւս այն, թե ինչու՞ է դրանում բացակայում Ադրբեջանը: Իհարկե ամերիկյան գերատեսչությունների տարածած տեղեկությունը արձանագրում է, որ ցանկը ամենեւին սահմանափակ չէ, հետեւաբար դրանում կարող են հայտնվել նոր երկրներ: Այդուհանդերձ, Ադրբեջանի «բացակայությունը» իրապես հետաքրքիր է, քանի որ՝ համենայն դեպս բարդ է պատկերացնել, որ ադրբեջանական կառավարման համակարգն ու ընդհանրապես կառավարող համակարգի բնույթը այդ տեսանկյունից առաջացնում են Ռուսաստանին պատժամիջոց շրջանցելու հարցում «ծառայություն մատուցելու» նվազ ռիսկեր, քան ցանկում արդեն իսկ ներառված երկրները: Այդ իմաստով, եթե ԱՄՆ կազմած ցանկը դիտարկենք որպես դրանում ներառված երկրներին արվող որոշակի զգուշացում, որպեսզի նրանք լինեն չափազանց ուշադիր, ապա տարակուսելի է, որ այդ զգուշացմանը կամ նախազգուշացմանը չի արժանանում Բաքուն: Իհարկե հեռու ենք միարժեք արձանագրելուց, թե Բաքվի «բացակայությունն» ունի քաղաքական շարժառիթներ, բայց համենայնդեպս ունի թերեւս հանգամանալից եւ համոզիչ բացատրության կարիք, թե ինչո՞վ է Ադրբեջանը գոնե այս փուլում դարձել ՌԴ դեմ պատժամիջոցների «շրջանցիկ ճանապարհ» դառնալու առումով վերը թվարկված երկրներից առավել վստահելի:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ