![]()
Ադրբեջանում ՌԴ դեսպան Բոչարնիկովը այցելել է Շուշի: Այդ մասին հայտնել է Շուշիում Ադրբեջանի նախագահի հատուկ ներկայացուցիչը: Ըստ ամենայնի, ՌԴ դեսպանի այցը տեղի է ունեցել Ադրբեջանի օկուպացիայի ներքո հայտնված Շուշիում անցկացվող այսպես կոչված «Վագիֆի օրերի» շրջանակում, որ Բաքուն անցկացնում է օկուպացիայից հետո և որի մասին հայտնել էր նաև Մեհրիբան Ալիևան: Որքան էլ ՌԴ դեսպանի այցը օկուպացված Շուշի ունենար այսպես ասած մշակութային առիթ, անկասկած է, որ այն ստանում է քաղաքական համատեքստ և նստվածք, հաշվի առնելով մի պարզ իրողություն: Շուշին Ադրբեջանի օկուպացիայի ներքո է հայտնվել 44-օրյա պատերազմից հետո: Պատերազմ, որ Բաքուն սանձազերծել է ի հեճուկս Հելսնիկյան հայտնի երեք սկզբունքների, այդ թվում ուժի կամ ուժի կիրառման սպառնալիքի բացառման, որի վրա կառուցված էր ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ներքո տեղի ունեցող կարգավորման գործընթացը: Իսկ Ռուսաստանը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր է, համենայն դեպս քանի դեռ որևէ կերպ իրավաբանորեն լուծարված չէ այդ ձևաչափը, որ ստեղծվել է ԵԱՀԿ որոշմամբ: Միևնույն ժամանակ հասկանալի է, որ դե ֆակտո այն չի գործում, ինչպես որ դե ֆակտո չի գործում միջազգային որևէ ձևաչափ, որ կառուցված էր խոշոր ուժային կենտրոնների փոխհամաձայնության վրա:
Ուկրաինական պատերազմը քանդել է ամեն ինչ, այդ թվում նվազագույնը սառեցրել և դադարեցրել է Մինսկի խմբի համանախագահության աշխատանքը: Նախորդ տարի, Ադրբեջանը կազմակերպել էր մի շարք երկրների դեսպանների այց Շուշի, որին մասնակցել էին անգամ Հայաստանի հետ ջերմ հարաբերություն ունեցող այնպիսի երկրների դեսպաններ, ինչպիսին Հունաստանը: Իսկ ահա ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության որևէ երկրի դեսպան չէր մասնակցել Շուշի այցին: Սակայն, իրավիճակը 2021-ին այլ էր և այդ տարվա ամռանը նկատվեց համանախագահության ձևաչափի աշխուժացման միտում, իսկ աշնանը տեղի ունեցավ համանախագահության հովանու ներքո հայ-ադրբեջանական երկու հանդիպում՝ արտգործնախարարների մակարդակով: Այժմ սակայն, համանախագահությունը չի աշխատում: Ռուսաստանը հայտարարում է, թե հրաժարվում են աշխատել Ֆրանսիան ու ԱՄՆ: ԱՄՆ հունիսին հայտարարեց, թե պատրաստ է աշխատել ՌԴ հետ: Սակայն, առայժմ չկա հաստատուն գործնական քայլ, փոխարենը ԱՄՆ թերևս առավել գործնական աշխատում է բրյուսելյան ձևաչափի առաջմղման ուղղությամբ, իհարկե գուցե նաև այն հաշվարկով, որ դա ի վերջո Ռուսաստանին կստիպի վերադառնալ համանախագահության դաշտ:
Պատկերը անշուշտ միարժեք չէ և շատ բարդ է ասել, թե իրականում ո՞վ է ավելի քիչ շահագրգռված այդ համանախագահության աշխատանքով, որովհետև լոկ հայտարարությունները արտացոլում են իրականության թերևս մի մասը միայն: Փոխարենն ակնառու է, որ կա աշխարհաքաղաքական շատ ինտենսիվ դիմակայություն և այդ համատեքստում էլ թերևս տեղի է ունենում ՌԴ դեսպանի այցը Շուշի, որը փաստորեն զուգահեռվում է իրադարձությունների, որոնք ծավալվում են կովկաս-մերձավորարևելյան ուղղությամբ: Մասնավորապես, այս օրերին ծավալվել է երկու ընդգծված շարժ՝ ՄՆ նախագահ Բայդենի այցը Մերձավոր Արևելք, որտեղ նա փորձում է ապահովել պլացդարմ ՌԴ և Իրանի հանդեպ, և Թուրքիայի ու ՌԴ նախագահների այց Իրան, որտեղ կլինի նախագահական մակարդակի եռակողմ հանդիպում: Ընդ որում, անկասկած է, որ երկու այդ շարժը ինքնին ամենևին բաժանված չեն միատարությամբ և իրենց հերթին պարունակում են բազմիմաստություններ, սակայն այդ ամենով հանդերձ առկա է խնդիր, որի մասին խոսել եմ վերջին օրերին մի շարք առիթներով, արձանագրելով, որ ծավալվող այդ երկու շարժեը առաջացնում են Ադրբեջանին «սիրաշահելու» որոշակի վտանգ երկու կողմում էլ, ինչը մարտահրավեր է Հայաստանի համար և պահանջում է չափազանց նրբանկատություն և սառնասրտություն, հատկապես այն պարագայում, երբ որևէ կողմն էլ դեմ չի լինի Հայաստանին մղել զգայական արձագանքների:
![]()