Եվրոն և դոլարը 20 տարվա մեջ առաջին անգամ հավասարվել են. որն է պատճառը և տնտեսապես ինչ խնդիրների է բերելու

Եվրոն և դոլարը 20 տարվա մեջ առաջին անգամ հավասարվել են: Վերջին անգամ նման իրավիճակ նկատվել էր 2002 թվականին:

Մասնագետների խոսքով՝ Ուկրաինայի պատերազմը փոխեց իրավիճակը՝ մեծ վնաս պատճառելով ԵՄ տնտեսությանը: Հանկարծակի ցնցումը հանգեցրել է եվրոգոտում ռեկորդային գնաճի, որը հունիսին կազմել է 8,6 տոկոս՝ տնտեսական ակտիվության աստիճանական դանդաղման հետ մեկտեղ:

Եվրոպական կենտրոնական բանկն արդեն բարձրացրել է տոկոսադրույքները՝ փորձելով զսպել գնաճը և նախատեսում է շարունակել դա, քանի որ հնարավոր է իրավիճակը է՛լ ավելի վատթարանա:

Տնտեսագետ Կառլեն Խաչատրյանը, «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում անդրադառնալով տեղի ունեցողին, նկատում է՝ դոլարը վերջին 3-4 ամիսների ընթացքում գրեթե բոլոր արժույթների նկատմամբ ամրապնդում է իր դիրքերը, միայն մի քանի երկիր կա, որտեղ այն արժեզրկվում է, և այդ երկրներից մեկն էլ Հայաստանն է:

Տնտեսագետի խոսքով՝ աշխարհաքաղաքական դասավորումները ունենում են իրենց ազդեցությունը նաև տնտեսության վրա. «Նույն ռուս-ուկրաինական պատերազմի շրջանակներում Արևմուտքը Ռուսաստանի դեմ լայն պատժամիջոցներ սկսեց կիրառել, Ռուսաստանը դրանց պատասխանեց այլ բնույթի տնտեսական գործիքակազմ կիրառելով: Եվ այս դրսևորումներով էլ պայմանավորված են դոլարի և եվրոյի փոխարժեքների փոփոխությունները»:

Խաչատրյանն ընդգծում է՝ փոխարժեքների փոփոխության վրա ազդեցություն ունի նաև եվրոգոտում տիրող տնտեսական անորոշությունը՝ Ռուսաստանի հակընդդեմ պատժամիջոցներով պայմանավորված:

«Եվրոգուտու բազմաթիվ երկրներ ակտիվորեն քննարկում են, թե մոտալուտ ձմռանը ինչպես են լուծելու էներգակիրների խնդիրը: Դա էլ օբյեկտիվորեն բերում է անորոշության, ինչը թուլացնում է Եվրամիության երկրների տնտեսական պոտենցիալը: Մտավախություն կա, որ Ռուսաստանը՝ ԵՄ հիմնական էներգիայի մատակարարը, պատրաստվում է ամբողջությամբ դադարեցնել գազի մատակարարումը՝ ի պատասխան Արեւմուտքի պատժամիջոցների: Թե՛ բիզնեսմենները, թե՛ պոտենցիալ ներդրողներն այս անորոշությունների ֆոնին կա՛մ ձեռնպահ եմ մնում դրանք կատարելուց, կա՛մ արդեն ձեռք բերված պայմանավորվածությունները փորձում են չեղարկել: Դրա արտացոլումն էլ եվրոյի արժեզրկումն է»,- ասում է տնտեսագետը:

Վերջինիս կարծիքով՝ ռուս-ուկրաինական պատերազմի ելքը մեծ ազդեցություն կունենա այս ճգնաժամի հաղթահարման վրա:

«Երեկ Ուկրաինան Եվրամիությունից մոտավորապես 750 միլիարդի աջակցություն է ակնկալել, որից 60-65 միլիարդը՝ եկող տարվա կտրվածքով: Սա իրականում ահռելի միջոց է: Եվրոգոտում այս մասով լիարժեք կոնսենսուս չկա: Երկրներ կան, որոնք օբյեկտիվորեն հարց են բարձրացնում՝ մեր քաղաքացիների սոցիալական խնդիրներն ու բարեկեցությունը լուծելու փոխարեն ինչո՞ւ պետք է այդ հսկայական միջոցներն ուղղվեն Ուկրաինայում վերականգնողական ծրագրերի իրականացման համար»,- ասում է Խաչատրյանը և հավելում՝ այնպես չէ, որ պատերազմի ավարտից հետո միանգամից Եվրոպայում ամեն ինչ լավ է լինելու, բայց պատերազմի դադարեցումը և դրանով պայմանավորված՝ կոնսենսուս կձևավորվի, ինչը հնարավորություն կտա քիչ թե շատ կանխատեսել՝ ինչ զարգացումներ տեղի կունենան առաջիկայում:

Հարցադրմանը՝ եվրոյի արժեզրկմամբ եվրոպական ապրանքների արտահանումը միջազգային շուկաներում կէժանանա՞ն, տնտեսագետն ասում է՝ եվրոգոտուց ապրանքների արտահանումը խնդրահարույց է դառնալու, Եվրոպան այս ամենից օգուտներ դժվար թե ունենա:

Խոսելով եվրոյի հետագա արժեզրկման մասին՝ Կառլեն Խաչատրյանը նշում է՝ կանխագուշակելն ապաշնորհ գործ է, քանի որ ամեն բան կախված է աշխարհաքաղաքական իրավիճակներից:

«Ապրիլից սկսված՝ նկատվում է դոլարի արժևորում եվրոյի նկատմամբ, վերջին շրջանում տեմպերն արագացան, և փոխարժեքը հավասարվեց: Չես կարող ասել, թե որոշակի ժամանակ անց ինչ կլինի»,- ասում է տնտեսագետը:

Անդրադառնալով այն տենդենցին, որ մի շարք երկրներում դոլարի փոխարժեքը իր դիրքերը բարելավում է, բայց, օրինակ, Հայաստանում՝ նվազում՝ զրուցակիցը նշում է՝ սա պայմանավորված է մեծաթիվ ռուս տուրիստների ներհոսքով:

«Օտարերկրյա քաղաքացիները գալիս են և՛ որպես զբոսաշրջիկ, և՛ բիզնես հիմնելու նպատակով։ Դոլարային մեծ հոսքերը մեր տնտեսությունը չի կարողանում կլանել, որի արդյունքում էլ դոլարի փոխարժեքը սկսում է նվազել: Այս տարվա առաջին 5 ամիսների ընթացքում 4 անգամ ավելի շատ տուրիստ է եկել Հայաստան, քան անցած տարի: Նրանք իրենց հետ, բնականաբար, կապիտալ են բերել, դոլարի ներհոսքը դեպի մեր տնտեսություն էապես ավելացել է: Երբ մի բանի առաջարկը շատ է լինում, դրա գինը նվազում է»:

Կառլեն Խաչատրյանի խոսքով՝ ներմուծման տեսանկյունից գնաճային ավելի ցածր ֆոն ունենք այս պայմաններում. «Մենք այժմ ունենք 10,3 տոկոս գնաճ, եթե փոխարժեքը չնվազեր, գնաճը կարող էր լիներ 17-18 տոկոս: Խնդիրներ ենք ունենում արտահանման ոլորտում, ՏՏ ոլորտն է տուժում, քանի որ իրենց եկամուտները դոլարով են, իսկ ծախսերը՝ դրամով: Սոցիալական խնդիր էլ կա, քանի որ բնակչության մի ստվար զանգված տրանսֆերներ է ստանում դոլարով, իսկ դոլարի արժեզրկմամբ այդ դոլարի գնողունակությունը կրճատվում է՝ բերելով սոցիալական լարվածության»:

Հարցին՝ Կենտրոնական բանկը կարո՞ղ է որևէ կանխարգելիչ քայլ անել, Խաչատրյանը պատասխանում է. «Կարող է կայունացնել փոխարժեքը, սակայն դա ԿԲ-ի գործառույթների մեջ չի մտնում։ Եթե արժևորի հայկական դրամը, դա բերելու է գնաճի, եթե չի անում, գնաճի խնդիրը մասամբ լուծում է, բայց արտահանելի զանգվածը կանգնում է խնդիրների առջև: Բացի դրանից, եթե հաշվի առնենք, որ ԿԲ-ի թիվ մեկ խնդիրը գնաճի կարգավորումն է, ու դոլարի արժեզրկումը գնաճի վրա դրական ազդեցություն ունի, ուստի ինչ-որ տեղ այս իրավիճակը «ձեռնտու» է ԿԲ-ին»։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ