![]()
Պրոդյուսեր Արմեն Գրիգորյանի գործով նախնական դատական նիստի ժամանակ այսօր վերջինիս ինքնազգացողությունը վատացել է: Մինչ «Շտապօգնություն» ՓԲԸ-ի բրիգադը հասել է նիստերի դահլիճ՝ արձանագրվել է Գրիգորյանի մահը:
Տեղեկությունը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում հայտնեց «Շտապօգնություն» ՓԲԸ-ի տնօրեն Թագուհի Ստեփանյանը:
Հիշեցնենք՝ պրոդյուսեր, КВН-ի նախկին անդամ Արմեն Գրիգորյանը մայիսի 18-ին 2 ամսով կալանավորվել էր:
Կալանքի նախորդ օրը Ազգային անվտանգության ծառայությունը հաղորդագրություն և տեսանյութ էր հրապարակել, ըստ որի՝ Գրիգորյանը ազգային, ռասայական կամ կրոնական թշնամանք հարուցելու մասին հանցանք կատարելու համար է ձերբակալվել, միաժամանակ քննիչը միջնորդություն էր ներկայացրել դատարան՝ նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու համար:
Հիշեցնենք՝ Արմեն Գրիգորյանը հարցազրույցներից մեկի ժամանակ ասել էր, որ Շիրակի ու Արարատյան դաշտի բնակիչները միշտ դավաճան են եղել, և հիմա «նիկոլական» դրանք են: «Սրանք թուրքի եթիմ են, ոնց կարող են դրանք հայ լինել, վիրավորում եմ, լավ եմ անում»,- մասնավորապես նշել էր նա:
![]()