Ես պնդում եմ, որ բանակից պետք է արմատախիլ արվի ծեծն ու հայհոյանքը.բանակում «լավ տղեն» պետք է լինի ամենակրթված, ամենաինտելեկտուալ ու խելացի սպան ու զինվորը

Նորայր Նորիկյանը գրում է.

Բանակում ՛՛լավ տղեն՛՛ պետք է լինի ամենակրթված, ամենաինտելեկտուալ ու խելացի սպան ու զինվորը

Այսօր N զորամասի մարտական դիրքում հայտնաբերվել է պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Արսեն Արմենի Մանուկյանի (ծնվ. 2003թ.) դին՝ գլխի շրջանում հրազենային վիրավորումով։

Ես պնդում եմ, որ Զինված ուժերում հանցավոր աշխարհի բարքերի ներթափանցումը չափազանց բացասական երևույթ է: Այդ արժեքների գործունեության արդյունքում անխուսափելիորեն խաթարվում է օրինականության սկզբունքը, զինված ուժերի կանոնակարգերը, հեղինակազրկվում է սոցիալական արդարության գաղափարը, ոտնձգության թիրախում հայտնվում զինծառայողների անձնական արժանապատվությունը:

Սրան զուգահեռ, այդ արժեքները կրող անձինք փորձում են ստեղծել իրենց պատկերացրած ոչ ֆորմալ վարքականոնները, ինքնատիպ սոցիալական միջավայրը, արդյունքում կառուցվում է հանցավոր մի համակարգ՝ հիմնված խեղաթյուրված չափանիշների և մարդկային հարաբերություններին խորթ պատկերացումների վրա:

Ես պնդում եմ, որ բանակից պետք է արմատախիլ արվի ծեծն ու հայհոյանքը:

Որևէ զինծառայող, անկախ իր պաշտոնից և ունեցած կոչումից, շարքայինից մինչև գեներալ չպետք է ենթարկվի որևէ նվաստացման:

Այն սպան, ով հայհոյեց և նվաստացրեց որևէ զինվորի, նա կորած անձնավորություն է, և պետք է շատ արագ մեկուսացվի անձնակազմից:

Եվ ճիշտ հակառակը, այն զինվորը, ով չենթարկվեց իր վերադասին, ով փորձ արեց սահմանել սեփական խաղի կանոնները, որոնք դուրս են բանակային կանոնակարգերի սահմաններից, նոյնպես պետք է մեկուսացվի:

Անհրաժեշտ է հասնել նրան, որ սպան բանակում իրական հեղինակություն վայելի, որը կառուցված չլինի վախի, բռնության ու սպառնալիքի վրա:

Որևէ կասկած չունեմ, որ այսպես կոչված ՛՛հեղինակությունները՛՛ պետք է չեզոքացվեն, հանցավոր մտայնությամբ ու արժեքներով առաջնորդվող զինծառայողների հետ պետք է տարվի շատ խիստ ու հետևողական աշխատանք՝ այդ մտայնությունն իսպառ վերացնելու համար:

Զինված ուժերի ղեկավարումը բացառապես պետք է իրականացվի ֆորմալ ինստիտուտների, ասել է թե զինվորական կանոնակարգի ոգուն և տառին համապատասխան՝ առանց որևէ բացառության:

Բանակում ՛՛լավ տղեն՛՛ պետք է լինի ամենակրթված, ամենաինտելեկտուալ ու խելացի սպան ու զինվորը:

Հիշե՛ք, բանակը շատ զգայուն է և շատ ծանր է տանում խտրականությունը: Զինվորների միջև խտրականության դրսևորումը հոգեբանական սթրես է ստեղծում մյուսների մոտ:

Ավելի՛ն, գնալով համոզվում եմ, որ անհրաժեշտ է խորապես վերանայել սպայական կազմի իրավասությունների ծավալը:

Սպայական կազմը պետք է լիարժեք հնարավորություն ունենա իրացնելու օրենքներով ու կանոնագրքերով իրեն վերապահված բոլոր լիազորությունները․

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ