![]()
Ամառային եղանակը մարդու օրգանիզմի վրա իր բարերար դրական ազդեցության հետ մեկտեղ կարող է նաև առաջացնել առողջական վիճակի տարաբնույթ խանգարումներ, հատկապես, երբ օդի ջերմաստիճանը գերազանցում է մարդու նորմալ կենսագործունեությունն ապահովող միջին ջերմաստիճանային ցուցանիշը: Ըստ մասնագետների՝ մարդու առողջության համար բացասական հետևանք կարող է առաջանալ հատկապես, երբ օդի ջերմաստիճանը 40 աստիճան և ավելի բարձր է։
Համաձայն Հիդրոօթերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի՝ ՀՀ-ում մոտ օրերին նկատվելու է եղանակի կտրուկ բարձրացում։ Մասնավորապես Արարատյան դաշտում, Արագածոտնի, Վայոց ձորի նախալեռնային գոտիներում և Երևանում հուլիսի 12-17-ի ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կհասնի +39…+42 աստիճանի։
«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ՀՀ առողջապահության նախարարության ընտանեկան բժշկության գծով խորհրդատու, ընտանեկան բժիշկ Սամվել Հայրումյանը մանրամասնում է՝ բարձր ջերմության հետևանքով, օրինակ, մարդկանց մոտ կարող է անոթների լայնացում տեղի ունենալ, երակները և զարկերակները լայնանում են, զարկերակային գերճնշումով հիվանդների մոտ ճնշումը իջնում է։ Ամռանը մարդու օրգանիզմի վրա առավել մեծ ազդեցություն ունեցող հիմնական բացասական գործոններն են օդի բարձր ջերմաստիճանը եւ ուլտրամանուշակագույն ճառագայթումը:
«Օրինակ՝ նման մարդկանց դեպքում բժիշկները պետք է վերանայեն նշանակած դեղերը, որովհետև ճնշման անկումը հիվանդների համար կարող է բացասական հետևանքներ ունենալ։ Շոգ եղանակին անձի մոտ կարող է ընդհանուր թուլություն նկատվել, աչքերի առաջ սևանալ, գլխապտույտ առաջանալ, երբեմն՝ ուշաթափվել։ Եթե եղանակը միանգամից փոխվում է և շատ է տաքանում, դա կարող է առատ քրտնարտադրության բերել, օրգանիզմի ջրազրկման, դրանք էլ իրենց հերթին կարող են վատ հետևանքներ ունենալ»,- ասում է նա։
Մասնագետը նշում է՝ արևի ուղիղ ճառագայթները նպաստում են նաև մաշկի քաղցկեղի առաջացմանը։ Երբեմն լինում են արևահարության դեպքեր, արևից մարդը կարող է տարբեր աստիճանի այրվածքներ ստանալ։
«Եթե բարձր ջերմաստիճանի ժամանակ արևապաշտպան կրեմներ չեն օգտագործում, ունենում են այրվածքներ, օրինակ՝ 1-ին և 2-րդ աստիճանի։ Արևահարությունը արտահայտվում է ընդհանուր թուլությամբ, գիտակցության կորուստով։ Արևահարված մարդիկ, որոնց մաշկը արդեն սինթեզվում է, մաշկին ունենում են պիգմենտ և ավելի թեթև են տանում արևահարվածությունը։ Բաց գույնի մաշկ ունեցող մարդկանց մոտ ավելի է դրսևորվում այրվածքի ազդեցությունը»,- շեշտում է նա։
Բարձր ջերմաստիճանը նաև վարիկոզով հիվանդների մոտ է բացասական հետևանք թողնում․ ախտանշանները ավելանում են, ոտքերում թմրածություն է նկատվում։ Բարձր ջերմաստիճանի ազդեցության տակ ներքին օրգաններից դեպի մաշկային և ենթամաշկային ծածկույթներ արյան տեղաբախշման արդյունքում հաճախանում է պուլսը, բարձրանում մարմնի ջերմաստիճանը, տատանվում զարկերակային ճնշումը, շնչառությունը կարող է հաճախանալ մոտ 2 անգամ: Բարձր ջերմաստիճանը բացասաբար է ազդում նաև կենտրոնական նյարդային համակարգի վրա՝ թուլանում են պայմանական ռեֆլեքսները, առաջանում շարժողական համակարգի խանգարումներ, նվազում է աշխատունակությունը, ինչպես նաև՝ արգելակվում սեկրետոր գեղձերի հյութարտադրությունը:
Ուլտրամանուշակագույն ճառագայթման մեծ քանակով ենթարկվելը թողնում է բացասական հետևանք. մաշկի կարմրություն, այտուց, ցավ, բշտերի գոյացում, կոպերի ցավոտություն, կարմրություն, աչքերում ավազի զգացողություն, լուսավախություն, արցունքահոսություն և այլն, և այլն:
«Շոգ եղանակին նախընտրելի է զբաղվել ֆիզիկական ակտիվությամբ։ Ամեն օր ցանկալի է քայլել 20-30 րոպե։ Նախընտրելի չէ կեսօրվա ժամերին դուրս գալ, պետք է խուսափել արևի ուղիղ ճառագայթներից։ Ցանկացած ախտանշանի դեպքում պետք է դիմել ընտանեկան բժշկին կամ սրտաբանին»,- նշում է Հայրումյանը։
Արևից ու շոգ եղանակից պաշտպանվելու, օրգանիզմի անցանկալի գերտաքացումը մեղմելու կամ կանխելու, ինչպես նաև մրսածությունից խուսափելու համար անհրաժեշտ է շատ հեղուկներ օգտագործել, շեշտում է ԱՆ մասնագետը, խուսափել ցերեկային ամենաշոգ ժամերին բացօթյա տարածքում ծանր ֆիզիկական աշխատանքից, ինչպես նաև՝
Խմել օրական շուրջ 3 լիտր հեղուկ՝ ջուր, թան, առանց շաքարի բնական հյութեր և թեյ։ Ջուրը ծարավը հագեցնելու ամենատարածված ու ամենամատչելի միջոցն է: Թանը պարունակում է օրգանական թթուներ, սպիտակուցներ, և աղերի շնորհիվ ծարավը հագեցնելու հրաշալի միջոց է: Բնական հյութերից ամռանը նախապատվությունը տվեք լոլիկի, թուրինջի, բալի, սալորի և հոնի հյութերին։ Թեյը ևս լավ միջոց է շոգ եղանակին ծարավը հագեցնելու համար, սակայն այն պետք է լինի առանց շաքար, ոչ թունդ և ցանկալի է կանաչ։ Սրտանոթային կամ միզասեռական համակարգի հիվանդություններով անձինք հեղուկներ պետք է ընդունեն իրենց բուժող բժշկի հետ խորհրդակցելուց հետո:
Ուշադիր լինել արևահարվելուց: Ցանկալի է խուսափել արևի ուղիղ ճառագայթներից, հատկապես ժամը 12:00-17:00-ն ընկած ժամանակահատվածում չընդունել արևային լոգանք:
Ցանկալի է կրել գլխարկ, արևային ակնոց, հովանոց, հագնել սպիտակ կամ բաց երանգների ազատ, օդաթափանց, խրախուսելի է բամբակյա կտորից հագուստը:
Աշխատել հրաժարվել կծու, յուղոտ կերակուրներից, նախընտրել ավելի թեթև, դյուրամարս սնունդ, օգտագործել շատ մրգեր և հում բանջարեղեն:
Հեղուկներ ընդունելիս շատ չսառեցնել, ցանկալի է խմել գոլ կամ մի փոքր հովացրած վիճակում:
Հնարավորինս զերծ մնալ շաքարավազ պարունակող գազային ըմպելիքներից:
Չօդափոխվող կամ վատ օդափոխվող տարածքներում երկար ժամանակ չգտնվել, երկարատև արևի տակ կայանված փոխադրամիջոցներ չնստել:
Արգելվում է երեխաներին և ընտանի կենդանիներին թողնել փակ պատուհաններով ավտոմեքենաներում:
Խրախուսվում է, որ երեխաները, հղիները, ծերերը, խրոնիկ հիվանդություններով անձինք ցերեկային ամենաշոգ ժամերին քնեն կամ պառկեն, քանի որ պառկած դիրքում հեշտանում է ջերմատվությունը և արյան շրջանառությունը:
![]()