Ճգնաժամի մանդատը

Դնելով խորհրդարանի ընդդիմության պատգամավորներին մանդատից զրկելու հարցը՝ իհարկե ԱԺ կանոնակարգի հիմքով, խորհրդարանական մեծամասնությունը փաստացի անում է հենց այդ ընդդիմության համար քաղաքականապես «օգտակար» քայլ: Իհարկե ամեն ինչ հարաբերական է, ինչպես քաղաքականության մեջ գործնականում՝ միշտ: Բայց, մանդատներից զրկվելու տարբերակի իրականություն դառնալու պարագայում խորհրդարանական ընդդիմության ուժերը ստանում են իշխանությանը քաղաքական հետապնդման համար մեղադրելու նոր առիթ: Ինչ խոսք, ամենևին այնպես չէ, որ այդ մեղադրանքը մեծ մարտահրավեր է քաղաքական իշխանության համար, բայց բոլոր դեպքերում, թույլ է տալիս խորհրդարանական ընդդիմությանը գոնե մասնակի հաղթահարել այն ճգնաժամը, որում հայտնվել է փողոցային անարդյունավետ շարժումից հետո:

Միևնույն ժամանակ, մանդատները վերցնելու գործողությունն իրականություն դառնալու պարագայում, ներընդդիմադիր ճգնաժամը կարող է և խորանալ, և հարաբերականությունը այստեղ է: Ի վերջո, առաջանալու է հարց, թե ինչպես պատասխանել այդ գործողությանը: Պարզ է, որ դա իշխանության հասցեին քննադատության նոր առիթ է, բայց այդ քննադատությունը խիստ կարճաժամկետ սպառման ռեսուրս է: Պետք է դրան հաջորդի մի որևէ քայլ՝ կամ պայքար, դարձյալ փողոցում, կամ պատգամավորների մի «հոսքի» փոխարեն գալու է նոր հոսք, այսինքն մանդատը վերցնելու են այն անձինք, որոնք հաջորդն են ցուցակում: Իսկ որպես կանոն, այդ պարագայում առաջանում են ամենատարբեր ինտրիգներ: Դրանք էլ կարող են խորացնել ընդդիմության ներսում հարաբերություններ պարզելու առանց այդ էլ բավականին նկատելի գործընթացը:

Բացառված չէ, որ իշխանությունն իր քայլով փորձում է «խթանել» հենց դա, կամ էլ խորհրդարանական ընդդիմությանը դարձյալ դուրս բերել փողոց, որը ևս՝ ճգնաժամի աղբյուր է բոլորովին վերջերս փողոցից «դուրս գալու» բարդ որոշումը կայացրած ուժերի համար: Այդ ընթացքում, ինչպես հայտնի է, մանդատների հարցը քննարկող Սահմանադրական դատարանն ունի դա անելու՝ դիմումին հաջորդող 30 օր ժամանակ: Դատարանը դրանից ոչ ուշ պետք է կայացնի որոշում: Փաստացի, դա ժամանակ է նաև քաղաքական երկու կողմերի համար, կողմնորոշվելու և դիտարկելու ներքաղաքական կյանքն ի վերջո քաղաքական բովանդակային դիմակայության դաշտ բերելու թեկուզ տեսական հնարավորության մասին:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ