Ընդդիմությունը պետականությունից քաղաքական արձակուրդ է վերցրել

Tiv1.am-ը գրում է․

«Դիմադրություն», «Փրկություն» և նմանատիպ այլ անուններով հայտնի շարժման մարումից հետո ընդդիմադիրները ներկայումս զբաղված են իրենց մանդատների պահպանման ու հենց իրենց ներսում հարցերի պարզաբանման, դերերի վերաբաշխման հարցերով՝ մի կողմ թողնելով պետական կարևորության խնդիրների լուծման ուղղությամբ քննարկումներին մասնակցելը։ Նրանք արդեն տևական ժամանակ է՝ չեն մասնակցում Ազգային ժողովի հանձնաժողովների աշխատանքներին, խորհրդարանական լսումներին և քառօրյա նիստերին՝ դրա դիմաց, սակայն, ստանալով աշխատավարձ։

Քաղաքական արձակուրդում գտնվող ընդդիմադիր դարձած ավանդական ուժերն իրենց ներկայիս վարքագծով ոչ միայն չեն աջակցում Հայաստանի առջև նաև իրենց կառավարման տարիներին գործած «մեղքերի» պատճառով ծառացած մարտահրավերների մեղմմանը, այլև անգործությամբ նպաստում են պաշտոնական Երևանի դիրքերի սասանմանը՝ արտաքին հարցերի քննարկումներում թիկունքը բաց ու խոցելի պահելով։

Անշուշտ, խոսքն օրվա իշխանություններին ամեն գնով սատարելու և անհամաձայնությունները մի կողմ թողնելու մասին չէ, հատկապես որ դա չի կարող անել տվյալ իշխանությանը դավաճան որակած ու նրա հրաժարականին ամեն գնով ձգտով ուժը։ Բայց հանուն սեփական պետության, քաղաքացիների ու ընդհանրապես՝ Հայաստանի Հանրապետության, արժեր գոնե հաճախ մատնացույց արվող «փորձառությունն» ու մասնագիտական կարողություններն առաջարկել՝ արտաքին մարտահրավերների դեմ համատեղ ճակատով ու աներեր թիկունքով պայքարելու համար։

Հաջողելու հավանականությունն, իհարկե, միայն դրանով չէ, որ պիտի մեծանար։ Սակայն հաշվի առնելով տարածաշրջանում այս օրերին տեղի ունեցող բազմակողմ աշխատանքները, խմորումներն ու վերադասավորումները, կարելի է փաստել, որ հայկական դիրքերի ամրապնդմանն ուղղված աննշան աջակցությունն անգամ էականորեն կարող է փոխել հավասարակշռությունը՝ շատ տուժելու, քիչ տուժելու, չեզոք մնալու, օգտվելու և մեծապես օգտվելու կշռաքարերի համատեքստում։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ