«Երկու օր դժվարություն ունեցող վարորդները ամբողջ կյանքում կհիշեն, որ փորձարկում անցնելով՝ ազատվել են մեծ վտանգից».նախարար

Չլիցենզավորված գազաբալոններն օգոստոսի 1-ից չեն լիցքավորվի. ամսաթվերը չեն փոխվելու, քանի որ մեկ անգամ արդեն փոխվել են:

Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը:

Հիշեցնենք՝ ՀՀ կառավարության որոշմամբ՝ օգոստոսի 1-ից սեղմված եւ հեղուկ գազով շահագործվող մեքենաները պետք է 2 տարին մեկ առնվազն գազի սարքավորումների ստուգում անցնեն եւ գազաբալոնային համակարգ տեղադրեն միայն լիցենզավորված կազմակերպություններում:

Գնել Սանոսյանի փոխանցմամբ՝ ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության կողմից լիզենզավորում իրականացնելու թույլտվություն ստացած կազմակերպությունները հանրապետության տարածքում առայժմ 23-ն են: Դիտարկմանը, թե դրանց քանակը քիչ է, ինչը նույնպես բողոքի տեղիք է տալիս, նախարարը ասաց. «Միգուցե 23 կայանը բավարար չէ, բայց փետրվարի 1-ից ամսաթիվը փոխել ենք նաեւ այդ պատճառով: Հիմա նախարարությունում եւս 3 կայանի փաստաթղթեր են շրջանառվում, եւ մոտ օրերս դրանք էլ կստանան համապատասխան թույլտվություն»:

Վերջինիս հավաստմամբ՝ ավելի լավ է գործընթացը մեկնարկել ու փոքրաթիվ հերթերով իրականացնել, քան անընդհատ հետաձգել:

Լրագրողների դիտարկմանը՝ վարորդները բողոքում են, որ այս որոշումն իրենց համար հավելյալ դժվարություններ է առաջացրել, նախարարը շեշտեց. «Կառավարությունը նման նախաձեռնությամբ շատ վարորդների կյանք է պարգեւելու: Ինձ մոտ այնպիսի տպավորություն է, որ մենք ամեն ինչից խոսում ենք, բացի մարդկանց կյանքից ու անվտանգությունից: Այն վարորդները, որոնք հիմա, մեկ-երկու օր դժվարություններ կունենան, պետք է ամբողջ կյանքում հիշեն, որ փորձարկումներ անցնելով՝ ձերբազատվել են մեծ վտանգից»:

Գնել Սանոսյանը նաեւ նկատեց՝ մեզանում ընդունված շատ վատ սովորություն կա, դա սպասելն է. «Մենք անընդհատ սպասում ենք, որ մեր հարեւանն իր մեքենայով գնա, փորձաքննություն անցնի, հետո մյուս հարեւանը, որ նոր մենք գնանք»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ