ԲԴԽ անդամ Ստեփան Միքայելյանը Ռուբեն Վարդազարյանի հրապարակած ձայնագրության գործով հրավիրվել է հարցաքննության

ԲԴԽ նախկին նախագահ Ռուբեն Վարդազարյանի հրապարակած ձայնագրության հիման վրա նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում ԲԴԽ անդամ Ստեփան Միքայելյանը վկայի կարգավիճակով հրավիրվել է Քննչական կոմիտե՝ հարցաքննության:

Տեղեկությունը «Հայկական ժամանակին» հայտնեց Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Վարդան Թադևոսյանը։

Նշենք, որ Ստեփան Միքայելյանը ներկա է եղել ԲԴԽ նախկին նախագահ Ռուբեն Վարդազարյանի և նախկին անդամ Գագիկ Ջհանգիրյանի հանդիպմանը, որի ձայնագրությունը հենց Վարդազարյանն էր հրապարակել:

Հիշեցնենք նաև, որ ԲԴԽ նախկին նախագահ Ռուբեն Վարդազարյանն օրերս ասուլիս էր հրավիրել և գաղտնի ձայնագրություն հրապարակել՝ հայտարարելով, թե ունի ապացույց, որ իր դեմ կատարվող «արշավն» ու ամեն ինչ քաղաքական որոշում է և ԲԴԽ-ում իրեն զրկել են ապացույց ներկայացնելու իրավունքից։

Ըստ Վարդազարյանի՝ ձայնագրությունը կատարվել է 2021 թվականի փետրվարի 20-ին. զրուցում են ինքը, ԲԴԽ նախագահի պարտականությունները կատարող Գագիկ Ջհանգիրյանն ու ԲԴԽ անդամ Ստեփան Միքայելյանը։

Տարածված ձայնագրության վերաբերյալ հաղորդագրություն էր տարածել ՀՀ դատախազությունը: Կառույցից հայտնել էին, որ Վարդազարյանի և Ջհանգիրյանի խոսակցության ձայնագրությունը ստուգման նպատակով ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտե:

ԲԴԽ-ն էլ հունիսի 30-ին, որոշում էր կայացրել մերժել Գագիկ Ջհանգիրյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ վարույթի հարուցումը:

Հուլիսի 1-ին էլ Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանը առողջական խնդիրների պատճառով հրաժարական տվեց ԲԴԽ անդամի պաշտոնից:

Աղբյուրը՝Հայկական ժամանակ

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ