![]()
Ընդդիմադիր պատգամավորներին մանդատներից զրկելու հարցով ԱԺ նիստ է հրավիրվել: Նիստը կկայանա վաղը՝ ժամը 18։30-ին։
ԱԺ հանրային կապերի բաժնից հայտնում են, որ եթե ընդդիմադիր պատգամավորները չներկայանան, հարցը մեկ շաբաթով կհետաձգվի, իսկ իշխող քաղաքական ուժի պատգամավորներն առանց ընդդիմադիր գործընկերների կկարողանան քննարկել հարցը։
Նկատենք, որ ԱԺ խորհրդի որոշման նախագծի համաձայն՝ պատգամավորների ցանկում բացակայում են «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանի և անկախ պատգամավոր Իշխան Զաքարյանի անունները, քանի որ վերջիններս չեն հատել բացակաների թույլատրելի շեմը:
Ցուցակում չկա նաև Մարտուն Գրիգորյանի անունը, որը ընդամենը օրեր առաջ է վերցրել պատգամավորական մանդատը՝ փոխարինելով Արթուր Վանեցյանին:
Նշենք, որ ընդդիմադիր պատգամավորները սույն թվականի ապրիլ ամսից փողոցային պայքար են սկսել և այլևս չեն մասնակցում ԱԺ նիստերին ու աշխատանքներին, ինչի հետևանքով հատել են բացականեր ունենալու թույլատրելի սահմանաչափը:
Ըստ սահմանադրական օրենքի 156-րդ հոդվածի՝ յուրաքանչյուր օրացուցային կիսամյակի ընթացքում քվեարկությունների առնվազն կեսից անհարգելի բացակայելու դեպքում պատգամավորի լիազորությունները դադարեցնելու հարցով սույն հոդվածով սահմանված կարգով Սահմանադրական դատարան է դիմում ԱԺ խորհուրդը, ինչպես նաև կարող է դիմել պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ հինգերորդը:
Հիշեցնենք նաև, որ օրեր առաջ Ազգային ժողովը «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նախաձեռնությամբ փոխնախագահի պաշտոնից հեռացրեց «Հայաստան» խմբակցության անդամ Իշխան Սաղաթելյանին, իսկ Վահե Հակոբյանին՝ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնից: Ընդդիմադիր Արմեն Գևորգյանն էլ հրաժարվեց ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնից:
Հուլիսի 1-ին էլ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը հրաժարվեց արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնից, իսկ «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Թադևոս Ավետիսյանը և Արթուր Խաչատրյանն էլ համապատասխանաբար հրաժարվեցին Աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի և Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոններից:
Ընդդիմադիրներից այս պահին միայն «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանն է, որը զբաղեցնում է Մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի նախագահի պաշտոնը: Վերջինս ֆեյսբուքյան գրառմամբ պարզաբանել էր, թե ինչու չի հրաժարվում զբաղեցրած պաշտոնից:
Հիշեցնենք, որ առցանց մամուլի ասուլիսի ժամանակ պատգամավորների բացակաների և նրանց մանդատից զրկելու հարցին արձագանքել էր նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Հայկական ժամանակի» հարցին, թե ի՞նչ դիրքորոշում ունի վերջինս ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների մի շարք պատգամավորների անհարգելի բացակաների վերաբերյալ և արդյոք ընդունո՞ւմ է նրանց այն տեսակետը, թե իրենց ժողովուրդն է մանդատ տվել և ոչ ոք չի կարող մանդատից զրկել, վերջինս նշել էր, որ ինքը նույնպես եղել է ընդդիմադիր պատգամավոր, մասնակցել հանրահավաքների, հեղափոխություն արել, բայց երբեք մեկ նստաշրջանի կեսից ավելի նիստերից չի բացակայել: Վարչապետը շեշտել էր՝ Սահմանադրությունն ու օրենքը հստակ ասում են՝ ինչպես են մանդատ ստանում պատգամավորները և ինչպես այդ մանդատներից զրկվում:
Աղբյուրը՝ Հայկական ժամանակ
![]()