![]()
Զոյա Թադրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
Տարածաշրջանային բարդ իրավիճակում գոյատևելը, անշուշտ, դժվարին խնդիր է: Խնդիրն ավելի է դժվարանում, երբ պետական քաղաքականություն կերտողները, քաղաքական ուժերը, քաղաքացիական հասարակության անդամները, մի կողմ թողնելով պետական, համընդհանուր շահը՝ առաջնորդվում են կորպորատիվ, խմբային, ներկուսակցական, անձնական և այլ շահերով:
Արևմտամետ, ռուսամետ, գործակալ, դրածո, դավաճան, մարիոնետ տերմինների «տանիքների» տակ ծվարած ուժերի, խմբերի միջև հակասություններն ու հակադրությունները ժողովրդի միասնությունն ու միակամությունն են ծվեն-ծվեն անում, թուլացնում են պետությունը, դարձնում չափազանց խոցելի:
Անպաշտպան են դարձնում պետությունը: Ազգային անվտանգության սպառնալիքները հենց այդ տիրույթում են:
Ռուսամետներին հիշեցնե՞մ, թե քանի-քանի անգամ է հյուսիսի հսկան մեր տարածքների հաշվին իր աշխարհաքաղաքական դիրքերն ամրապնդել, հիշեցնե՞մ, որ մեր տնտեսության 70-80%-ի սեփականատերն է: Շնորհիվ ռուսամետ անհայրենիքների:
Արևմտամետներին հիշեցնե՞մ, թե որքան հաճախ է հայկական հարցն օգտագործվել այս կամ այն պետության վրա ճնշում գործադրելու նպատակով, թե ինչու անգլիական նավերը չէին կարող բարձրանալ մեր լեռները, թե ինչպես էին պրեսկոտները կեղծված ընտրությունները համարում ժողովրդավարական:
Ո՛չ արևմուտքին եմ մեղադրում, ո՛չ ռուսին:
Մերն է մեղքը:
Երբ արևմուտքն ու ռուսը կտեսնեն, որ մենք ՍԻՐՈւՄ ենք մեր հայրենիքը, մեզ կդիտարկեն որպես գործընկեր, ոչ թե վասալ:
Փոքր երկրի լոլոների վերջն էլ տվեք:
![]()