![]()
Ամիսներ անց կլրանա մեկ տարին, ինչ հայկական երգարվեստը կորցրեց իր ամենավառ գույներից մեկին՝ ՀՀ վաստակավոր արտիստ, երգիչ, երգահան Հայկոյին, ով հայկական ժամանակակից երաժշտության զարգացման մեջ մեծ ներդրում եւ ավանդ է ունեցել: Հայկոյի մասին անցյալով խոսելը դժվար, երբեմն էլ գրեթե անհնար է. սիրո երգիչը ամենուր է, նա կենդանի է բոլորիս սրտերում իր երգերով ու թողած հարուստ երաժշտական ժառանգությամբ:
Ինչպես են Հայկոյի ընկերներ պատրաստվում նրա ծննդյան օրվան, ինչ անակնկալ է սպասում Հայկոյի երկրպագուներին, հնարավոր է արդյոք որեւէ կերպ լրացնել Հայկոյի բացը… Այս եւ այլ հարցերի շուրջ «Իրավունքը» զրուցել է Հայկոյի եղբոր` «Հայկո Հակոբյան մշակութային հիմնադրամի» նախագահ ՎԱՀԵ ՀԱԿՈԲՅԱՆԻ հետ:
— Պարոն Հակոբյան, հայտնի է, որ Ձեր եղբոր` սիրված երգիչ Հայկոյի ծննդյան տարեդարձի օրը տեղի է ունենալու մեծ համերգ: Կբացե՞ք մի փոքր փակագծեր համերգի նախապատրաստական աշխատանքների մասին:
— Հայկոյին նվիրված համերգը կկայանա այս տարվա օգոստոսի 25-ին` Մարզահամերգային համալիրում: Այս պահին ընթանում են ակտիվ նախապատրաստական աշխատանքներ` բարձր մակարդակով ներկայանալու համար: Շատ արտիստներ են ցանկություն հայտնել հանդես գալ, այս պահին չմանրամասնելով համերգային ողջ ծրագիրը` կարող եմ միայն վստահ ասել, որ հանդիսատեսը համերգի ընթացքում հնարավորինս զգալու է Հայկոյի շունչը: Մեր ծրագրերում է նաեւ ստեղծել «Հայկո Մյուզիք Ֆեսթ» ամենամյա փառատոնը։ Այն նախատեսվում է ամեն տարվա օգոստոսի 25-ից 30-ը:
— Շուտով կլրանա մեկ տարի, ինչ մեզ հետ չէ սիրված երգիչը, Ձեր եղբայրը… Հնարավո՞ր է առհասարակ որեւէ կերպ, որեւէ ձեւով լրացնել նրա բացակայությունը:
— Գիտեք, հարցը լսելուց անգամ, ինքնին ամբողջ մարմնովս սարսուռ է անցնում, որովհետեւ եղբորս կարոտը լրացնել անհնար է, Հայկոն ինձ համար ոչ միայն եղբայր էր, այլ նաեւ հորս կորստից հետո` երկրորդ հայր էր, ու նրա կորուստը երբեք էլ չի մեղմվի, չի լրացվի որեւէ ձեւով: Մենք եղբայրներով շատ կապված էինք իրար հետ, Հայկոյի դերը իմ կյանքում, որպես ավագ եղբայր անասելի մեծ էր:
— Հայկոյին ճանաչողները փաստում են, որ նա ոչ միայն կատարյալ երաժիշտ էր, այլ նաեւ կատարյալ մարդ էր, ընկեր, գործընկեր…
— Հայկոն պարզ էր, շիտակ, անմիջական ու ջիգյարով, բոլորին հասնող, նրա դրական կողմերը այնքան շատ են, որ դժվար է որեւէ հատկանիշ առանձնացնել: Նա նույնն էր թե՛ բեմում, թե՛ բեմից դուրս` առօրյա կյանքում: Եղբայրս կեղծել առհասարակ չէր սիրում:
— Ի՞նչը կարող էր սիրո երգչին հունից հանել:
— Նա առհասարակ շատ զուսպ էր, շատ դժվար էր նրան հունից հանելը:
— Հայկոյի մահից հետո` նրա ընկերների կողմից ջերմությունը պահպանվե՞ց, որով շրջապատված էր նա կենդանության օրոք:
— Իմ եւ Հայկոյի ընկերների մեծ մասը ընդհանուր ընկերներ են, հիմա էլ ամեն բան նույնն է մնացել, միայն եղբորս ֆիզիկական բացակայությունն է, թե չէ հոգով էլ ինքը միշտ մեզ հետ է, մեր զրույցներում, մեր սրտում:
— Եվ վերջում` եթե հրաշք լիներ ու մի վայրկյանով հանդիպեիք Հայկոյին, ի՞նչ կասեիք:
— Ամուր կգրկեի ու կասեի` շատ եմ կարոտել…
![]()