![]()
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Արմավիրի մարզ՝ ծանոթացել մարզի մի քանի համայնքներում պետական բյուջեի, սուբվենցիոն ծրագրերի և մասնավոր ներդրումների շրջանակում իրականացվող և արդեն ավարտված ծրագրերին:
Նիկոլ Փաշինյանն իր այցերի ընթացքում այցելել է նաև ամբողջությամբ վերակառուցված Քարակերտի «Երևան Մարմըլեյդ Ինդըսթրիս» ընկերության գործարան:
Կառավարության ղեկավարին ներկայացվել է, որ դեռևս 1963թ. Քարակերտ բնակավայրում հիմնադրված պահածոների գործարանի վերակառուցման աշխատանքները մեկնարկել են դեռևս 2018թ.: 5,5 հա հողատարածք զբաղեցնող գործարանում իրականացվել է 20 մլն դոլարի ներդրում: Արդյունքում՝ գործարանը հագեցվել է իտալական BERTUZZI Macchine Agricole ընկերության ժամանակակից հոսքագծերով: Վերջիններս ներկրվել ու տեղադրվել են կառավարության օժանդակությամբ:
Իրականացված աշխատանքների արդյունքում մի քանի արտադրամաս և չորանոց ունեցող գործարանի գործարանի արտադրողականությունը և արտադրանքի որակը կտրուկ աճել է: Պատասխանատուների ներկայացմամբ, ի թիվս բազմատեսակ պահածոների և չրերի, շուկայում ներկայացվում են նաև չորացված համեմունքներ, ինչպես նաև կիսաֆաբրիկատներ և խյուսերի տեսականի:
Արտադրանքը հայտնի է ինչպես հայաստանյան սպառողին, այնպես էլ ՌԴ և եվրոպական մի շարք երկրներում։
Սեզոնին գործարանում աշխատողների թիվը կազմում է 120-150։ Ապագայում նախատեսվում է ընդլայնել արտադրական հնարավորությունները, հիմնել սառնարանային տնտեսություն, որը կնպաստի նոր աշխատատեղերի ստեղծմանը։
Ընկերության ղեկավարները շնորհակալություն են հայտնել վարչապետին՝ կառավարության աջակցության և հարկային բարենպաստ քաղաքականության համար:
![]()