Հիսուս Քրիստոսի արձանի կառուցումը շռնդալից զբոսաշրջային նախագիծ է. Քերոբյան

Հատիս սարի վրա Հիսուս Քրիստոսի արձանի կառուցումը ՛՛շռնդալից՛՛ զբոսաշրջային նախագիծ է։ Այսպես է կարծում էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:

Նա այսօր լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց. ՛՛Ինչպես այլ ներդրումների պարագայում, այս դեպքում էլ մենք պատրաստ ենք հնարավորինս ամեն ինչ անել, որպեսզի նախագիծը առանց խոչընդոտների իրականություն դառնա։ Այսօր եկել ենք Հատիս լեռը, որպեսզի հասկանանք՝ Կառավարության անելիքները, բնականաբար, այսօր պարզ չի լինի բոլոր անելիքները, բայց կստորագրենք հուշագիր, որով Կառավարությունն իր օժանդակությունը կհայտնի այս նախագծին։ Հետո էլ բոլոր խնդիրները լուծելու համար կստեղծենք աշխատանքային խումբ, որը նախագծի օժանդակությունը կապահովի՛՛։

Քերոբյանը հավելեց, որ զբոսաշրջության բյուջեն վերջին տարիներին մեծացել է, օրինակ՝ 2021–ին 4 մլրդ դրամ է ուղղվել զբոսաշրջային ենթակառուցվածքների զարգացմանը։

՛՛Ամեն տարի այդ ծավալը մեծանալու է։ Մենք զբոսաշրջության զարգացման գլխավոր անելիքը համարում ենք պատշաճ, բարձրակարգ ենթակառուցվածքների կառուցումը, որը թույլ կտա զբոսաշրջիկներին Հայաստանում ավելի շատ բան տեսնել։ Այս տարվա բյուջեն ավելի մեծ է, հաջորդ տարվա համար էլ նախատեսել ենք մոտ 9 մլրդ դրամ ներդրումներ՝ զբոսաշրջային ենթակառուցվածքների կառուցման համար։ Միայն կառավարությունը չէ, որ ներդրումներ պետք է անի զբոսաշրջության զարգացման համար, այս նախագիծն էլ լավ օրինակ է, թե ինչ խոշոր մասշտաբի ներդրում է կատարվում Հայաստանում, շնորհակալ ենք Գագիկ Ծառուկյանին այս նախաձեռնության համար։

Կարծում ենք, որ մեծ զբոսաշրջային հոսք կապահովվի, ճշգրիտ հոսքի մասին խոսել չենք կարող, դա անշնորհակալ գործ կլինի, բայց մենք էլ պետք է աշխատենք, որ մեր ենթակառուցվածքները հասնեն այն մակարդակին, որ կարողանանք պատշաճ կերպով նոր զբոսաշրջային հոսք ապահովել՛՛,-ասաց էկոնոմիկայի նախարարը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ