![]()
«Ասպարեզի» հետաքննության արդյունքները
Հայաստանի սոցիալական ցանցերը ողողված են կանանց աշխատանքի հրավիրման հայտարարություններով։ Այդ հայտարարությունները չեն տեղադրվում կամ հրապարակվում կայքերում, չունեն հստակ հասցեատերեր, դիմելու ընթացակարգ, իսկ առաջնային, գայթակղիչ կամ որոգայթային հատվածը վերաբերում է աշխատավարձի չափին։ «Միջազգային կազմակերպությունն աշխատանքի է հրավիրվում կանանց՝ բարձր աշխատավարձով։ Պայմաններին ծանոթանալու համար + դրեք։ Աշխատանքը տնից է»։ Նման բովանդակությամբ հայտարարություններով հետաքրքրված է ցանկացած տարիքի կին։ Ամսական աշխատավարձ նշվում է 100-150 հազար դրամը։
28-ամյա Ալինան պատմում է, որ աշխատանքի հայտարարությունն ընթերցելուց հետո անմիջապես դիմել է։ Հայտարարություն տարածողն անմիջապես համաձայնել է իրեն աշխատանքի ընդունել։ «Դա աշխատանք չէր, իրականում շահագործում էր։ Ես երեք ամիս հետո որոշեցի դուրս գալ այդ ցանցային վաճառքից, ընդհանուր եկամուտս, երեւի ծիծաղեք, կազմեց 15 հազար դրամ եւ կանացի խնամքի մի քանի պարագա, որոնք, երեւի թե, ընդհանուր արժեն 4-5 հազար դրամ։ Ամբողջ օրը սոցիալական ցանցերում էի, ստիպում էին մարդկանց հրավիրել, սոցցանցերի միջոցով ծանոթանալ անծանոթների հետ, գովազդ անել եւ այլն։ Մյուս կողմից էլ, սոցիալական ցանցերից կախյալ վիճակում էի հայտնվում»,-ասում է նա։
22-ամյա Աննա Ավետիսյանը եւս շահագործվել է այդ հայտարարության հետեւանքով։ Պատմում է, որ ոչ մի աշխատանքային պայմանագիր չեն կնքում, առաջարկում են պատվիրել 5-10 հազար դրամի չափով խնամքի միջոցներ, դրանք վաճառել, արդյունքում հավաքել միավորներ։ Բարձր միավորների արդյունքում ստանալ որոշակի գումար։ «Ես ամսական 60 հազար դրամի ապրանք էի վաճառելու սոցցանցերի միջոցով։ որպեսզի կազմակերպությունից ինձ, որպես եկամուտ, փոխանցեին 4 հազար դրամ։ Հենց սկզբից, սակայն, ինձ այլ պայմաններ էին առաջարկում՝ ավելի լավ, արդյունքում ավելի վատ պայմանների հանդիպեցի»,-ասում է նա։
![]()
«Ասպարեզի» հետաքննության արդյունքում պարզվել է, որ կանանց աշխատանք առաջարկող փաստացի գործատու չկա, իսկ աշխատանքի հրավիրողները, որոնք մշտապես լինում են կանայք, հետաքրքրվողներին այսպես են ներկայացնում աշխատանքը․ «Աշխատանքը օնլայն է՝ համացանցի միջոցով, միջազգային ընկերությունում՝ ցանցային մարքեթինգի բիզնես է, առանց ներդրումների և վաճառքի, պետք է ընդլայնել բիզնեսը և օնլայն խանութը գովազդի միջոցով, վաճառք չկա։ Բիզնեսի հիմքում ընկած է մեծ թիմային ապրանքաշռջանառություն ստեղծելը՝ առանց ներդրումների և վաճառքի, այս պրոեկտը 3 տարի է, ինչ գործում է ընկերությունում և վարձատրությունը շատ բարձր է: Խնդրում եմ չշփոթել կատալոգով վաճառքի հետ, դուք չեք վաճառելու, աշխատելու եք տանից՝ օնլայն տարբերակով, օրվա մեջ 2-4 ժամ։ Մենք սովորեցնում ենք հատուկ օնլայն դասընթացների միջոցով»։
Ընկերության ապրանքների նվազագույն արժեքը 900 դրամ է, առավելագույնը՝ 15 հազար ՀՀ դրամ։ Ընկերությունները մի քանիսն են, որոնք ստեղծվել եւ գործում են արտերկրում, մասնավորապես ՌԴ-ում։ Այս ընկերությունների հայաստանյան նեկայացուցիչներն աշխատանքի ընդունման, աշխատանքի ընթացքի եւ ապրանքների ցանցային վաճառքի վերաբերյալ չեն սիրում խոսել, մեկնաբանություններ տալ՝ հայտարարելով, որ պատասխանատու չեն։
Առաջին քայլ
![]()
Հայտարարությամբ եւ աշխատանքով հետաքրքրված անձի առաջին քայլը լինելու է անձնական բջջային հեռախոսահամարի տրամադրումը։ Բջջային հեռախոսահամարը մուտքագրելով՝ աշխատանք առաջարկողը ստուգում է՝ արդյոք այդ հեռախոսահամարը գրանցվա՞ծ չէ ընկերությունում։ Եթե գրանցված է․ ապա երբեմն հրաժարվում են աշխատանք փնտրողի հետ զրուցել, երբեմն էլ առաջարկում նոր հեռախոսահամար տրամադրել, այնպիսին, որն ընկերությունում գրանցված չէ։ Եթե ընկերությունում հեռախոսահամարը գրանցված է, ապա նշանակում է՝ բաժանորդը ընդգրկված է ցանցային ընկերությունում, կամ իր հեռախոսահամարը բարեկամներից, ընկերներից մեկն է մուտքագրել եւ պատվիրել ապրանքներ՝ օգուտ ստացել, առանց բաժանորդին տեղեկացնելու։
Երկրորդ քայլ
Համաձայնելու դեպքում հեռախոսահամարի բաժանորդը ցանցային ընկերություն մուտք գործելու գաղտնաբառ է ստանում։ Եւ սկսվում է «աշխատանքը»։
Երրորդ քայլ
Դու ստիպված ես ամբողջ օրը շրջապատում, համացանցային տիրույթում մարդկանց համոզել օգտվել այդ ընկերության ապրանքներից, գովազդել այդ ապրանքները, որոնք հիմնականում լինում են կանացի, տղամարդու օծանելիքներ, խնամքի պարագաներ, քսուքներ, տան փոքր պարագաներ, երբեմն նաեւ հագուստեղեն։
![]()
Չորրորդ քայլ
Քեզ հետ համագործակցելու ցանկություն ունեցող եւ քո աշխատանքի հայտարարությամբ հետաքրքրված անձի անձնական բջջային հեռախոսահամարը մուտքագրելուց եւ գաղտնաբառ ստեղծելուց հետո վերջինիս առաջարկելու ես աշխատել այնպես, ինչպես քեզ են առաջարկել։ Եւ դու շահագրգռված ես լինելու ավելի շատ մարդիկ ընդգրկել, քանի որ վերջիններիս վաճառած ապրանքների հասույթից օգուտ, եկամուտ ստանալու ես նաեւ դու։
Կեղծ հայտարարությունների հետքերով
Կեղծ աշխատավարձ
Սովորաբար ընկերության ապրանքի ամսական 100 հազար դրամ վաճաքից դու եկամուտ ես ստանալու 1700-1800-2500 դրամ եւ մի քանի իր՝ որպես նվեր, որոնք հազիվ թե գերազանցեն 4-5 հազար դրամը։
Հավելյալ աշխատաժամանակ
Այս դեպքում աշխատանք առաջարկողի՝ օրական 2-4 ժամ ասվածն ամբողջությամբ սուտ է դառնում, քանի որ դու առցանց խանութն ու քո սեփական բիզնեսը զարգացնելու եւ եկամուտ ստանալու համար ստիպված ես ավելին աշխատել։
Առցանց հանդիպումներ
Ընկերության ապրանքը գովազդելու դասընթացներին ստիպված ես մասնակցելու շաբաթական 1-2 անգամ, գովազդի վերաբերյալ գիտելիքներ ձեռք բերել եւ դրանք փոխանցել քո լսարանին։
Ներդրումն անխուսափելի է
Երբ ընկերությունից պատվիրես որոշ ապրանքներ, ապա պատրաստ ես լինելու վճարելու, քանի որ կան նաեւ անպարտաճանաչ գնորդներ, կամ պատվիրատուներ, որոնք որոշում են հրաժարվել ապրանքից, իսկ դու ստիպված ես իր փոխարեն վճարել, մինչեւ կգտնես այլ գնորդ։
Անօրինական աշխատանք
Աշխատանքային պայմանագիր ասվածը գոյություն չունի։ Չկան գործատու-աշխատող իրավահավասարություն, փաստաթղթով ապացուցելի աշխատանքային հարաբերություններ։
Ո՞ւմ է ձեռնտու այս աշխատանքը
1․ Այս աշխատանքը, ամեն դեպքում, պարզվում է նաեւ շահավետ է, սակայն ընդամենը մի քանի հոգու համար։ Նանց համար, որոնք այս համակարգում են 3 տարուց ավելի եւ համարվում են տնօրեններ։ Նրանք ցանցային բիզնեսում ունեն 100-ից ավելի հետեւորդներ, որոնց իրենք են գտել, գրանցել ընկերություններում եւ վերջիններիս՝ ապրանքների վաճառքից, գովազդից իրենք ամսական ստանում են շահույթ՝ մոտ 80-100 հազար դրամ, չհաշված ընկերության նվերները։ Բայց թե արդյո՞ք նրանք ունեն աշխատանքյաին պայմանագրեր եւ գործում են հարկային դաշտում, դժվար է ասել։
2․Գործը շահավետ է նաեւ այն կանանց համար, որոնք, բացի վաճառքի հասույթից, կարողանում են ապրանքն իրացնել ավելի թանկ գնով, քան իրենց է վաճառել ընկերությունը։ Այս տարբերակը, ի դեպ, ինչպես մեր հարցումներն են ցույց տվել, գործում է երկու դեպքում, երբ գնորդը այն վաճառողից ձեռք է բերում ապառիկ, կամ ապրանքները վաճառում են գյուղական համայնքներում, որտեղ բնակիչներն այնքան էլ տեղյակ չեն գներից։
Մասնագետների դիտարկումներն առցանց հայտարարությունների վերաբերյալ
Փաստաբան Գայանե Գեւորգյանն ասում է, որ դեռեւս իրեն ոչ ոք չի դիմել առցանց եղանակով աշխատանքի բողոքով։ Մասնագետը միաժամանակ ահազանգում է․ «Գոյություն ունեն աշխատանքի հայտարարության անվտանգ կայքեր, որոնք տվյալ դեպքում չեն պահպանվում: Մարդիկ աշխատանքի հայտարարություններ են տարածում՝ նշելով միայն բարձր եկամուտ՝ ներառյալ որոշ դեպքերում ուսուցումն ու նյութերի տրամադրում: Որեւէ այլ տեղեկություն գործատուի, կառույցի կամ աշխատանքի բնույթի վերաբերյալ առկա չէ, ինչը կարող է աշխատանքի շահագործման,աշխատանքային իրավունքների ոտնահարման հիմք դառնալ»,-ասում է փաստաբանը։
Նման բողոքներ չի ստացել նաեւ իրավապաշտպան Արմենուհի Առաքելյանը։ Ասում է՝ անկախ բողոքների առկայությունից, կառավարությունը կամ օրենսդիր մարմինը պարտավոր են քայլեր ձեռնարկել այս խառնաշփոթ իրավիճակն օրինական դաշտ բերելու։ «Ինձ իսկապես հետաքրքրում է, թե ինչու ենք մենք, լրագրողները, իրազեկ քաղաքացիները հետաքրքրվում նման հայտարարությունների օրինական կամ անօրեն լնելով, իսկ ԱԺ-ի որեւէ պատգամավոր նախագիծ չի մշակում այս խնդրի կարգավորման համար։ Սա ոչ միայն զավեշտ է ինձ համար, այլեւ խիստ անընդունելի։ Եթե նման հարցերով էլ չի զբաղվելու ԱԺ-ը, էլ ո՞վ է զբաղվելու»,-դժգոհում է իրավապաշտպանը։
ՀՀ ԱԱՏՄ-ի պարզաբանումը
«Ասպարեզը» խնդրի վերաբերյալ պարզաբանում է խնդրել ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնից։ Ըստ Տեսչական մարմնի պատասխանի՝ կառույցը սոցիալական ցանցերում կանանց առաջարկվող առցանց աշխատանքներին առնչվող ուսումնասիրություններ չի իրականացրել։
«Ինչ վերաբերում է աշխատանքի ընդունման վերաբերյալ հայտարարություններին, ապա հայտնում եմ, որ Տեսչական մարմնի կողմից իրականացվող վերահսկողությունը ներառում է նաև աշխատանքային օրենսդրությամբ սահմանված խտրականության արգելքների պահպանման նկատմամբ վերահսկողությունը, ուստի, աշխատանքի ընդունման հայտարարությունների նկատմամբ վերահսկողություն է իրականացվում՝ հայտարարություններում գործնական հատկանիշներից և մասնագիտական պատրաստվածությունից ու որակավորումից բացի, խտրականության հիմք հանդիսացող որևէ այլ պայման, բացառությամբ եթե դա չի բխում աշխատանքին ներհատուկ պահանջներից, սահմանելու դեպքում։ Միայն խտրականության հիմք հանդիսացած որևէ պայման պարունակող հայտարարություններն են հիմք հանդիսանում Տեսչական մարմնի նախաձեռնությամբ վարչական վարույթներ հարուցելու համար»,-գրավոր փոխանցել են ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնից։
Տեսչական մարմինը նկատի ունի ՀՀ աշխատանքային օրենսգրքի 3․1 հոդվածը, որի համաձայն՝ աշխատանքային օրենսդրությամբ խտրականությունն արգելվում է:
«Խտրականություն է համարվում սեռի, ռասայի, մաշկի գույնի, էթնիկ կամ սոցիալական ծագման, գենետիկական հատկանիշների, լեզվի, կրոնի, աշխարհայացքի, քաղաքական կամ այլ հայացքների, ազգային փոքրամասնության պատկանելության, գույքային վիճակի, ծնունդի, հաշմանդամության, տարիքի կամ անձնական կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքների պատճառով ցանկացած ուղղակի կամ անուղղակի տարբերակում, բացառում կամ սահմանափակում, որի նպատակը կամ արդյունքը հանդիսանում է կոլեկտիվ և (կամ) անհատական աշխատանքային հարաբերությունների ծագման և (կամ) փոփոխման և (կամ) դադարման դեպքերում նվազ բարենպաստ վերաբերմունքի դրսևորումը կամ մյուսների հետ հավասար հիմունքներով աշխատանքային օրենսդրությամբ սահմանված ցանկացած իրավունքի ճանաչման և (կամ) իրականացման արգելքը կամ ժխտումը, բացառությամբ այն դեպքերի, երբ այդպիսի տարբերակումը, բացառումը կամ սահմանափակումն օբյեկտիվորեն արդարացված են հետապնդվող իրավաչափ նպատակով, և այդ նպատակին հասնելու համար կիրառվող միջոցները համաչափ են ու անհրաժեշտ:
Աշխատանքի ընդունման հայտարարություններում (մրցույթներում) և աշխատանքային հարաբերությունների իրացման ընթացքում արգելվում է, գործնական հատկանիշներից և մասնագիտական պատրաստվածությունից ու որակավորումից բացի, խտրականության հիմք հանդիսացող որևէ այլ պայման սահմանելը, բացառությամբ եթե դա բխում է աշխատանքին ներհատուկ պահանջներից»։
Այսպիսով, ապացուցվում է, որ Հայաստանում կանանց առցանց աշխատանքի հրավիրման հարցրեը բաց են, չկանոնակարգված, հետեւանքում ունենում ենք աշխատանքի շահագործման դեպքեր։
![]()