![]()
Ինչպես արդեն հաղորդել էինք, պարեկային ծառայությունը կանգնեցրել է ԱԺ նախկին պատգամավոր Գևորգ Պետրոսյանի եղբոր՝ դատախազ Էդգար Պետրոսյանի վարած մեքենան եւ պարզել, որ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների դատախազության ավագ դատախազ Էդգար Պետրոսյանը մեքենան վարել է հարբած վիճակում։ Այդ ամենով հանդերձ, դատախազ Էդգար Պետրոսյանը հրաժարվել է ենթարկվել պարեկների օրինական պահանջներին, ավելին՝ դիմադրել է, ինչի հետեւանքով պարեկային ծառայության աշխատակիցները ստիպված են եղել արցունքաբեր գազ կիրառել և վերջինիս ուժով բերման ենթարկել։ Դատախազ Էդգար Պետրոսյանը ձերբակալվել է, որից հետո, ժամեր անց, մեկ այլ դատախազ իր գործընկերոջ ձերբակալությունը համարել է ոչ իրավաչափ:
Արձանագրում ենք փաստեր և անում եզրակացություն.
Փաստ 1. ՀՀ Գլխավոր դատախազության բարձրաստիճան պաշտոնյան թքած ունի օրենքի վրա, և իմանալով, որ իրեն չեն կանգնեցնի` հարբած մեքենա է վարել:
Փաստ 2. ՀՀ Գլխավոր դատախազության պաշտոնյան, ոտնահարելով օրենքը (ինչին իբր ծառայում է), իրեն վեր է դասել բոլորից և իր անձին առավելություններ ընձեռելով` չի ենթարկվել օրենքի պահանջին։
Փաստ 3. ՀՀ Ոստիկանության աշխատողները կատարել են իրենց աշխատանքը և հարբած վարորդին, որը չի ենթարկվել իրենց պահանջներին, բերման են ենթարկել` անկախ այն բանից, որ նա աշխատում է ՀՀ Գլխավոր դատախազությունում, եւ առհասարակ` ով է:
Փաստ 4. Այս ամենից հետո դատախազության մեկ այլ պաշտոնյա ազատ է արձակում հարբած և ոստիկաններին չենթարկված վարորդին:
Փաստ 5. Ոստիկանությունը լռում է, երբ պարեկային բարեխիղճ աշխատանքի արդյունքում բռնության են ենթարկվում ոստիկաններ:
ՀԱՐՑ. Ո՞վ պետք է սատարի ոստիկաններին:
ԱՐՁԱՆԱԳՐՈՒՄ. ՀՀ Գլխավոր դատախազությունը հովանավորում է հարբած մեքենա վարելը, ոստիկաններին չենթարկվելը և բռնությունը:
Հ.Գ. Ոչ մի կապ չունի, որ գլխավոր դատախազության օրինազանց պաշտոնյան Գևորգ Պետրոսյանի եղբայրն է. նա բոլորի նման օրենքի առաջ հավասար է:
![]()