Երևանը թերևս չպետք է շտապի հրաժարվել Թբիլիսիի առաջարկից

Վրաստանը պատրաստակամություն է հայտնել խորհրդարանների մակարդակով Հայաստան-Վրաստան-Ադրբեջան եռակողմ հանդիպում կազմակերպելու մասին:

Այդպիսի հանդիպման մասին օրեր առաջ Բաքվում անցկացված միջազգային ֆորումում հայտարարել էր Իլհամ Ալիևը, ասելով, թե Հայաստանը մերժում է Թբիլիսիում կովկասյան եռակողմ հանդիպման գաղափարը: Հայաստանի ԱԳՆ արձագանքեց, որ Հայաստանը չի մերժում այդպիսի գաղափարը, պարզապես Հայաստանն արտահայտվում է դրա պատշաճ կազմակերպման օգտին, որպեսզի հանդիպումը լինի որևէ արդյունք ստանալու, այլ ոչ պարզապես հանդիպելու համար: Կովկասյան եռակողմ հանդիպման միտքը արժանի է դիտարկման, բայց նաև պետք է չէ լինել կույր կամ միամիտ, մտածելու համար, թե ռեգիոնալ ազդեցության համար պայքարող խոշոր կենտրոնները պարզապես հետևելու են, թե ինչպես են կովկասյան երեք երկրները խոսում որևէ ընդհանուր հեռանկարի մասին:

Տեսականում, եթե չլինեին հակամարտությունները կամ հակամարտային քնած, թե տաք օջախները, ապա կովկասյան եռյակի գաղափարը կնպաստեր բոլորի՝ առանձին-առանձին ինքնիշխանության աճին, ինչը իր հերթին էապես բարդացնելու էր ռեգիոնի ռազմա-քաղաքական կառավարման համար պայքարող խոշոր ուժային կենտրոնների ռազմավարության իրացումը: Ըստ այդմ, կա կովկասյան եռյակի «տեսական» միտքը, և կա նաև այդ «եռյակը» թույլ չտալու գործնական շահագրգռություն թերևս բոլոր ուժային կենտրոններում, որոնք այս կամ այն կերպ դիտում են Կովկասը իրենց քաղաքականության համատեքստում: Սա իհարկե բոլորովին չի նշանակում, որ եռյակի համատեղ քննարկումների միտքը պետք է «թաղել»: Պարզապես, պետք չէ դրա վերաբերյալ ունենալ ռացիոնալ էական սպասումներ և ըստ այդմ, հարցը պետք է դիտարկել այսպես ասած գործիքի, ոչ թե նպատակի համատեքստում: Ըստ այդմ, Երևանի բարձրաձայնած մոտեցման կարևորությամբ հանդերձ, թերևս արժե դիտարկել եռյակով հանդիպման հնարավորության հանդեպ ճկուն քաղաքականության հեռանկարը, ընդունելով խորհրդարանական մակարդակում հանդիպում անցկացնելու վրացական նախաձեռնությունը, միաժամանակ պատրաստվելով օգտագործել այն Հայաստանի բավականին ընդգրկուն կոնցեպտուալ ռեգիոնալ տեսլական մատուցելու և թերևս հենց սկզբից եռյակի հետագա աշխատանքի այսպես ասած առաջանցիկ ուղենիշներ սահմանելու համար, որի հիմնական ունկընդիրները թերևս լինելու են կովկասյան եռյակի շրջանակից դուրս: Այլ կերպ ասած, Հայաստանը թերևս ունի խնդիր երկկողմ գործընկերային ձևաչափով տարբեր ուղղություններով աշխատանքային գործընկերներին ցույց տալ նաև ռեգիոնալ մասշտաբի պատկերացումների և խաղի կարողության ներուժ: Խորհրդարանական հարթակը հարմար դաշտ է այդ հարցերում «էքսպերիմենտների» համար:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ