Նիկոլ Փաշինյանի հանձնարարությունը Պուտինի հետ զրույցից հետո

Հայաստանի համապատասխան գերատեսչությունները այժմ պետք է հնարավորինս օպերատիվ և համակարգված աշխատեն Թուրքիայի գերատեսչությունների հետ, հուլիսի 1-ին հայ-թուրքական կարգավորման շրջանակում բանագնացների հերթական՝ չորորդ հանդիպմանը ձեռք բերած քաղաքական պայմանավորվածությունները արագ կյանքի կոչելու համար: Կառավարության հուլիսի 7-ի նիստում այդ միտքն արտահայտել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ավելացնելով, որ այդ առնչությամբ տվել է հանձնարարություն: Նախօրեին՝ հուլիսի 6-ին, Նիկոլ Փաշինյանը Հայաստանի և Թուրքիայի հատուկ բանագնացների շփման մասին իրազեկել էր ՌԴ նախագահ Պուտինին՝ նրա հետ հեռախոսազրույցի ընթացքում, որ տեղի էր ունեցել Նիկոլ Փաշինյանի նախաձեռնությամբ: Հայ-թուրքական հարաբերության կարգավորման գործընթացի հարցում ՌԴ դերակատարումն անվիճելի է: Այդ հարաբերությունը հազիվ թե հաջողվի կարգավորել շրջանցելով ՌԴ-ն: Իհարկե նույն կերպ, շատ մեծ է նաև Միացյալ Նահանգների դերը, սակայն Ռուսաստանի պարագան այստեղ նաև անմիջական «ֆունկցիոնալ» է, որ միայն քաղաքական:

Բանն այն է, որ հայ-թուրքական սահմանի պահպանությունն իրականացնում են ռուս սահմանապահները, հետևաբար, երբ խոսք է գնում երրորդ երկրների քաղաքացիների համար սահմանը բացելու մասին, ապա այստեղ իհարկե ՌԴ գերատեսչական ներգրավվածությունն անխուսափելի է, քանի դեռ ՌԴ սահմանապահներն են իրականացնում սահմանի պահպանությունը: Ընդ որում, այդ իմաստով թերևս պետք է նկատել մի հանգամանք: Հայ-թուրքական սահմանը երրորդ երկրների քաղաքացիների համար բացելը իր մեջ պարունակում է ոչ միայն կարգավորման առաջընթացի հնարավորություն, այլ նաև որոշակկի ռիսկեր, որովհետև պետք է իրականացնել սահմանի պատշաճ հսկողություն, որպեսզի բաց սահմանը չդառնա Հայաստանի համար անվտանգության ռիսկերի, տարբեր վտանգավոր տարրերի ներթափանցման միջոց: Թուրքիայի հետ հարաբերությունը պետք է կարգավորել, սա անկասկած է, բայց նույնքան անկասկած է և այն, որ դա պետք է անել առանց դյուրահավատության և պատրանքների, ըստ այդմ, պայմանական իմաստով այստեղ հնարավոր է առաջնորդվել նույնիսկ ռուսական հայտնի ասացվածքով՝ «վստահիր, բայց ստուգիր»: Եվ այստեղ էլ նաև առկա է հենց «ստուգելու» հարցում ՌԴ դերը: Եվ դա էլ իր հերթին այն քաղաքական հանգամանքների կամ մոտիվների պարագայում, որ Ռուսաստանն ունի հայ-թուրքական կարգավորման գործընթացի հանդեպ ընդհանրապես:

Նոր իրողություններն իհարկե որոշակի նոր ազդեցություն են առաջացնում հայ-թուրքական գործընթացի հանդեպ ՌԴ վերաբերմունքի առումով, քանի որ դեպի Թուրքիա և դեպի հարավ տրանսպորտային, ենթակառուցվածքային հաղորդակցությունը ՌԴ համար դառնում է կենսական խնդիր, ըստ այդմ կարող է նվազեցնել հայ-թուրքական հարաբերության կարգավորման գործընթացի հանդեպ ՌԴ «զգայունությունը» և առաջացնել նոր մոտիվացիաներ: Իհարկե սա էլ հանգամանք է, որից կարող է փորձել օգտվել Թուրքիան, այդ կերպ ձգտելով հարաբերության կարգավորումը թանկ վաճառել Ռուսաստանի վրա: Այդ համատեքստում, Հայաստանի համար կարևոր է դառնում հայտարարված պայմանավորվածությունների հնարավորինս արագ իրագործման հասնելը, քանի որ ժամանակի ընթացքում դրանք անխուսափելիորեն կծանրանան զանազան անուղղակի հանգամանքներով՝ առանց այդ էլ դրանցով լի միջավայրի պայմաններում:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ