«Ներկայացրել եմ, որ միջանցքային տրամաբանությամբ որևէ հարց չի քննարկվում». Արմեն Գրիգորյան

ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հուլիսի 7-ին հանդիպել եմ Իրանի Իսլամական Հանրապետության ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Շամխանիի հետ:

Ընդգծել ենք երկու երկրների միջև բազմաոլորտ համագործակցության կայուն զարգացման միտումը և այդ համատեքստում շեշտել ենք երկկողմ տնտեսական փոխգործակցության կարևորությունն ու դրա զարգացման անհրաժեշտությունը:

Հայ-իրանական տնտեսական հարաբերությունների և հատկապես Սյունիքի զարգացման համատեքստում առանձնակի շեշտել ենք Իրանի Չաբահար նավահանգստի կարևորությունը: Երկուստեք բարձր ենք գնահատել կողմերի պատրաստակամությունը շարունակելու համագործակցությունը Մեղրու ազատ տնտեսական գոտու և Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի շրջանակներում:
Ներկայացրել եմ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման ընթացքը՝ շեշտելով, որ այդ գործընթացքում միջանցքային տրամաբանությամբ որևէ հարց չի քննարկվում:

Իրանի ԱԽ քարտուղար Ալի Շամխանին նշել է, որ վերոնշյալի կոնտեքստում պետք է հարգվեն պետությունների տարածքային ամբողջականության և սահմանների անձեռնմխելիության սկզբունքները:

Խոսել եմ տարածաշրջանային անվտանգության ապահովման և ապաշրջափակման վերաբերյալ Հայաստանի մոտեցումների մասին, ինչի շրջանակներում Իրանի ԱԽ քարտուղարն ընդգծել է Թեհրանի պաստրաստակամությունը՝ նպաստելու Հարավային Կովկասի անվտանգության պահպանմանը:

Պայմանավորվել ենք երկխոսությունը շարունակելու նպատակով հաջորդիվ հանդիպել Հայաստան-Իրան սահմանին»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ