![]()
Հայաստանի էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը ֆեյսբուքյան տեղեկություն ու լուսանկար է հրապարակել, որտեղ հանդիպում է ունեցել հայտնի Դեն Բիլզերյանի և նրա գործընկերների հետ: Նախարարը տեղեկացնում է, որ քննարկում են Հայաստանում արտադրական ներդրում անելու հեռանկարը: Ով է Բիլզերյանը և ինչով է հանրահայտ, թերևս չկա ավելորդ նկարագրության կարիք, ցանկության դեպքում համացանցը տալիս է դրա մասին տեղեկանալու լայն հնարավորություն: Անկասկած է, որ պետք է առավելագույնը քաղել Հայաստանում տնտեսական մեծ, թե փոքր որևէ էֆեկտ ստանալու հնարավորությունից և այդ իմաստով իհարկե պետք է օգտագործել նաև այնպիսի ռեսուրսը, ինչպիսին Բիլզերյանն է:
Իհարկե այլ հարց է, թե որքանով է նպատակահարմար այդ աշխատանքի այդօրինակ հանրայնացումը, հաշվի առնելով այն, որ խոսքն այդուհանդերձ Հայաստանի հանրապետության պետական քաղաքական կարգավիճակ ունեցող պաշտոնյայի մասին է, և, եթե Բիլզերյանը ներդրումների հարց է քննարկում այդ պաշտոնյայի հետ հնդիպումը հանրայնացնելու պայմանով՝ դա մի հարց է, բայց, եթե չկա այդպիսի պայման, ապա թերևս պետք է որոշակիորեն տարբերակել այն հարթությունը, որում գործում և իհարկե իր յուրովի աշխատանքով հռչակ է վաստակում Բիլզերյանը, և Հայաստանի պետական տնտեսական քաղաքականությունը արտահայտող կարգավիճակը: Խնդիրը բացարձակ վերամբարձության կամ պաթոսի դաշտում չէ, այլ միջավայրային տարբերակման, որովհետև այդ հանգամանքը ամենևին երկրորդական գործոն չէ և նաև այդտեղ են Հայաստանում պետություն երևույթի հանդեպ մտածողական և արժեհամակարգային «սև խոռոչներից» շատերի հիմքերը:
Կրկնեմ, այդ ամենով հանդերձ, իհարկե պետք է անել առավելագույնը՝ հատկապես սուղ աշխարհ-տնտեսական միջավայրում, թեկուզ նվազագույն էֆեկտ ստանալու համար: Եվ, եթե Դեն Բիլզերյանը պատրաստ է նպաստել դրան, ապա պետք է բաց չթողնել նաև այդ հնարավորությունը: Դրանով հանդերձ, այստեղ թերևս կա մի շերտ, որը ևս ունի անդրադարձի կարիք: Դեն Բիլզերյանն առաջին անգամ Հայաստան այցելեց 2018-ի օգոստոսին:
Այցին տրվեց հնչեղ նշանակություն: Այն ներառեց նաև Արցախը, որտեղ նրան ուղեկցում էին երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին, նաև այդ ժամանակաշրջանում Արցախի տարբեր պաշտոնյաներ, որոնք այսօր ընդդիմություն-նախկին կառավարող համակարգի շրջանակում են: Նրանք ինտենսիվորեն տարածում էին լուսանկարներ Բիլզերյանի հետ՝ Արցախում, այդ թվում նաև լուսանկարներ, թե ինչպես է զենքի սիրահար և այսպես ասած կոլեցիոներ Բիլզերյանը Արցախի զորավարժարանում կրակում տարբեր զինատեսակներից:
Բիլզերյանը անկասկած հիշում է Արցախը, իսկ Արցախը թերևս կհիշի նաև Բիլզերյանին: Նրան կհիշեն նաև մարդիկ, որոնք չորս տարի առաջ տարածում էին նրա հետ լուսանկարներն Արցախից: Կարո՞ղ է առարկայանալ այդ հիշողությունն Արցախում որևէ ծրագրով, որևէ տնտեսական կամ հանրային նշանակության ներդրումով, որ կարող է անել հանրահռչակ աստղը այն Արցախի համար, որում կրակում էր չորս տարի առաջ և որը վիրավոր է այսօր, ունի վերականգնման թե սոցիալ-հոգեբանական, թե տնտեսական խնդիր: Ընդ որում, դարձյալ, գուցե ամենևին պարտադիիր չէ հիշողության որևէ առարկայացում հրապարակային դաշտում, թեև այս դեպքում՝ եթե Բիլզերյանը դեմ չէ, ապա հանրայնացումն էլ որևէ խնդիր չէ:
Արցախն այժմ ունի վերականգնող «կրակոցի» կարիք, որի միջոցով հնարավոր է նախաձեռնել որևէ արդիական սոցիալ-մշակութային կամ տնտեսական ծրագիր: Ընդ որում, ցանկալի է, որ դա չլինի Ստեփանակերտում, ուր այսօր կենտրոնանում է Արցախ ուղղվող ռեսուրսի մի զգալի մաս:
Աղբյուրը՝ Առաջին լրատվական
![]()