Մի քանի րոպե առաջ նախարարի հրամանը ուժի մեջ մտավ

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հունիսի 9-ին հրաման է ստորագրել, որով սահմանել է ընտանեկան բժշկի կողմից տրամադրվող հոգեբուժական օգնության և սպասարկման ծավալը և կարգը։

Հրամանը ուժի մեջ է մտնում հուլիսի 7-ին։

ԾԱՎԱԼ ԵՎ ԿԱՐԳ

ԸՆՏԱՆԵԿԱՆ ԲԺՇԿԻ ԿՈՂՄԻՑ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՀՈԳԵԲՈՒԺԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ

1. Սույն հավելվածով սահմանվում է ընտանեկան բժշկի կողմից տրամադրվող հոգեբուժական օգնության և սպասարկման ծավալը և կարգավորվում են ընտանեկան բժշկի կողմից հոգեբուժական օգնության և սպասարկման տրամադրման հետ կապված հարաբերությունները:

2. Ընտանեկան բժիշկը հոգեբուժական օգնություն և սպասարկում իրականացնելիս առաջնորդվում է «Հոգեբուժական օգնության և սպասարկման մասին», «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքներով և ոլորտը կարգավորող Հայաստանի Հանրապետության այլ նորմատիվ իրավական ակտերով:

3. Ընտանեկան բժշկի կողմից անձին (այսուհետ` պացիենտ) տրամադրվող հոգեբուժական օգնությունը և սպասարկումն իրականացվում է պացիենտի, իսկ օրինական ներկայացուցչի առկայության դեպքում` օրինական ներկայացուցչի գրավոր իրազեկված համաձայնությամբ, «Հոգեբուժական օգնության և սպասարկման մասին» օրենքի 17-րդ հոդվածի համաձայն:

4. Ընտանեկան բժշկի կողմից տրամադրվող հոգեբուժական օգնությունը և սպասարկումն ընդգրկում է՝

  • 1) պացիենտի անամնեստիկ տվյալների հավաքագրումը,
  • 2) պացիենտի զննումը,
  • 3) հետազոտության տվյալների գնահատումը,
  • 4) նախնական ախտորոշման իրականացումը,
  • 5) բժիշկ-հոգեբույժի խորհրդատվության նպատակով պացիենտին ուղեգրումը հոգեբուժական կազմակերպություն,
  • 6) պացիենտին (օրինական ներկայացուցչի առկայության դեպքում՝ նաև օրինական ներկայացուցչին) իր մոտ հնարավոր հոգեկան խանգարման նշանների, բնույթի, ծագումնաբանության, համապատասխան բուժում չստանալու դեպքում հետևանքների մասին իրազեկումը,
  • 7) արտահիվանդանոցային պայմաններում հոգեբուժական օգնության և սպասարկման կարիք ունեցող պացիենտի հետագա բուժման ու հսկողության իրականացումը,
  • 8) բժիշկ-հոգեբույժի կրկնակի խորհրդատվության կազմակերպումը,
  • 9) բժիշկ-հոգեբույժի կողմից նշանակված հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր պարունակող և այլ դեղի դեղատոմսի դուրս գրումը:
  • 5. Ընտանեկան բժիշկը պացիենտի հոգեբուժական օգնությունը և սպասարկումն իրականացնում է սույն կարգի 6-12-րդ կետերով սահմանված ընթացակարգին համապատասխան:
  • 6. Պացիենտի, իսկ օրինական ներկայացուցչի առկայության դեպքում՝ օրինական ներկայացուցչի դիմելու դեպքում ընտանեկան բժիշկն իրականացնում է անամնեստիկ տվյալների հավաքագրում, պացիենտի զննում և հետազոտության տվյալների գնահատում, նախնական ախտորոշման իրականացում, ինչի վերաբերյալ գրառում է արվում պացիենտի ամբուլատոր բժշկական քարտում:
  • 7. Ընտանեկան բժիշկը պացիենտին բացատրում է իր մոտ հնարավոր հոգեկան խանգարման նշանների բնույթը, ծագումնաբանությունը, համապատասխան բուժում չստանալու դեպքում հետևանքները, ինչի վերաբերյալ գրառում է արվում պացիենտի ամբուլատոր բժշկական քարտում:
  • 8. Եթե պացիենտն իր հոգեկան վիճակով ունակ չէ հասկանալու ընտանեկան բժշկի կողմից սույն կարգի 7-րդ կետով նշված տեղեկատվությունը, ապա այդ տեղեկատվությունը տրամադրվում է պացիենտի օրինական ներկայացուցչին:
  • 9. Պացիենտի մոտ հոգեկան խանգարման կասկածի դեպքում ընտանեկան բժիշկը արտահիվանդանոցային հոգեբուժական օգնության և սպասարկման շրջանակներում խորհրդատվական բժշկական օգնության տրամադրման նպատակով էլեկտրոնային ուղեգրմամբ պացիենտին ուղեգրում է հոգեբուժական կազմակերպություն` տրամադրելով ամբուլատոր բժշկական քարտից քաղվածք, ընդ որում՝ խորհրդատվական բժշկական օգնության տրամադրումը ներառում է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2021 թվականի դեկտեմբերի 8-ի թիվ 90-Ն հրամանով հաստատված հավելված 1-ի 12-րդ կետով սահմանված միջոցառումները:
  • 10. Ընտանեկան բժիշկը արտահիվանդանոցային պայմաններում հոգեբուժական օգնության և սպասարկման կարիք ունեցող պացիենտի հետագա բուժումն ու հսկողությունն իրականացնում է ըստ հոգեբուժական կազմակերպության բժիշկ-հոգեբույժի նշանակած բուժման՝ վերջինիս կողմից տրված եզրակացության հիման վրա և դրա վերաբերյալ գրառումներ է կատարում ամբուլատոր բժշկական քարտում:
  • 11. Պացիենտի հոգեկան վիճակի փոփոխության դեպքում ընտանեկան բժիշկը կազմակերպում է բժիշկ-հոգեբույժի կրկնակի խորհրդատվություն:
  • 12. Ընտանեկան բժիշկը կարող է դուրս գրել բժիշկ-հոգեբույժի կողմից նշանակված հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր պարունակող և այլ դեղի դեղատոմս` Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի օգոստոսի 15-ի թիվ 1080-Ն որոշմամբ սահմանված կարգով, ընդ որում՝ հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր պարունակող դեղի դուրս գրման համար հիմք է հանդիսանում բժիշկ-հոգեբույժի կողմից տրված մինչև 6 ամիս վաղեմություն ունեցող եզրակացությունը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ