![]()
Թուրքիայի «Հայրենիք» կուսակցության նախագահ, ոչ անհայտ Դողու Փերինչեքը Թուրքիայի մի շարք քաղաքներում սկսել է ՆԱՏՕ-ին երկրի անդամությունը դադարեցնելու ստորագրահավաք: Ըստ նախաձեռնողի, դաշինքին անդամակցությունը չի բխում Թուրքիայի շահից: Դողու Փերինչեքի գլխավորած ուժը խորհրդարանական կուսակցություն չէ, սակայն նախաձեռնությունն այդուհանդերձ արժանի է ուշադրության, քանի որ էրդողանյան Թոււրքիայում այդպիսի ձեռնարկները հազիվ թե լինեն պատահական, առավել ևս ՆԱՏՕ մադրիդյան Վեհաժողովից հետո, որտեղ դաշինքը խոսում էր նոր անվտանգային ռազմավարության մասին՝ գլխավոր սպառնալիք դիտարկելով Ռուսաստանը:
Մադրիդյան վեհաժողովն իհարկե ավելի շատ աչքի ընկավ ոչ այնքան այդ ռազմավարության մասին խոսակցությամբ, որքան հենց Թուրքիայով, ավելի կոնկրետ՝ Շվեդիայի և Ֆինլանդիայի անդամակցության հարցում Անկարայի վետոյի հաղթահարումով, որ տեղի ունեցավ Վեհաժողովի շեմին քննարկմանը՝ Էրդողանը, Շվեդիայի և Ֆինլանդիայի ղեկավարների և ՆԱՏՕ գլխավոր քարտուղարի մասնակցությամբ: Մինչ այդ, գլխավոր քարտուղար Ստոլտենբերգը հայտարարել էր, որ Թուրքիան ՆԱՏՕ կարևոր անդամ ու դաշնակիցն է և Սկանդինավիայի երկու երկրների անդամակցության հարցում դրա բարձրաձայնած մտահոգությունները ունեն գոյության իրավունք և պետք է քննարկվեն: Մադրիդյան Վեհաժողովից առաջ տեղի ունեցած քննարկումից բացի, Էրդողանը նաև հանդիպեց ԱՄՆ նախագահ Բայդենի հետ: Թուրքիային համոզեցին, ճնշեցին, թե նրա որոշակի պայմաններ կատարեցին, բարդ է ասել, բայց նա հանեց Ֆինլանդիայի և Շվեդիայի անդամակցության վետոն:
Դրանից հետո սակայն, երկու սկանդինավյան երկրները հայտնեցին, որ իրենք չեն զիջել Թուրքիայի պահանջներին՝ մասնավորապես Քրդական բանվորական կուսակցության և Էրդողանի այլ քաղաքական հակառակորդների հետ կապ ունեցող անձանց արտահանձնելու վերաբերյալ, որոնք ապաստանել են Շվեդիայում և Ֆինլանդիայում: Մինչդեռ Էրդողանը հայտարարում էր, որ Շվեդիան ու Ֆինլանդիան բավարարել են իր պայմանները: Ահա այդ ֆոնին Թուրքիայում նախաձեռնվում է ՆԱՏՕ անդամությունը դադարեցնելու ստորագրահավաք: Այստեղ իհարկե ինտրիգն այն է, թե ինչպես է վերաբերում դրան Էրրդողանը և նա կփորձի կուլիսներում խթանե՞լ այդ գործընթացը՝ ՆԱՏՕ հետ հետագա առևտրի թանկացման համար, թե՞ հակառակը՝ այն օգտագործել Ռուսաստանի հետ առևտրի համար:
Կասկած չկա, որ Անկարան ձգտելու է առավելագույնին՝ հաջող առևտուր երկու ուղղությամբ էլ: Չի բացառվում իհարկե, որ «առևտրային թիրախը» նաև Հունաստանի հետ խնդիրն է: Բոլոր դեպքերում, Անկարան թերևս ամենևին մտադիր չէ լքել ՆԱՏՕ-ն, քանի որ այդ հանգամանքը էապես փոխելու է թե Արևմուտքի, թե նաև Ռուսաստանի հետ իր հարաբերության «հաշվեկշիռը»: Այստեղ ուշադրության առարկա է մեկ այլ զուգահեռ հանգամանք՝ հուլիսի 1-ին հայ-թուրքական բանագնացների չորորդ հանդիպումը, որ տեղի ունեցավ Վիեննայում, և դրա ընթացքում արձանագրված առաջին կոնկրետ համաձայնությունները կամ պայմանավորվածությունները՝ աշխատել սեղմ ժամկետում սահմանը երրորդ երկրների քաղաքացիների համար բացելու, ինչպես նաև օդային երկկողմ բեռնափոխադրում սկսելու ուղղությամբ:
Իհարկե որևէ կերպ չափագրված չէ, թե ինչ ասել է սեղմ կամ կարճ ժամկետը, սակայն առնվազն այդ իմաստով կա չորս հանդիպումների ընթացքում առաջին կոնկրետ հրապարակումը, ինչը ևս հաջորդում է ՆԱՏՕ մադրիդյան Վեհաժողովին: Մեծ հաշվով, Էրդողանը ներկայումս ունի մի գերխնդիր և դրան են ուղղված թերևս նրա բոլոր գործողությունները՝ 2023 թվականի նախագահի ընտրություն, իշխանության պահպանում:
Աղբյուրը՝ Առաջին լրատվական
![]()