![]()
Հայաստանում ՌԴ դեսպանատունը հուլիսի 4-ին արել է տարօրինակ հայտարարություն, կապված Հայաստանոււմ Կանադայի դեսպանատան բացման տեղեկության, Օտտավայի այդ մտադրության հետ: ՌԴ դեսպանատունը նշում է, թե ամեն ինչ կլիներ նորմալ, եթե չլիներ այն հանգամանքը, որ Կանադան դեսպանատան բացումը դիտարկում է նաև «ՌԴ ազդեցությանը հակազդելու» քայլերի շրջանակում: «Ամեն ինչ լավ կլիներ, բայց տարակուսելի է, որ Կանադայի արտաքին գործերի նախարարության կողմից այս քայլը, ըստ լրատվամիջոցների, անկեղծորեն ներկայացվել է այդ թվում՝ «ռուսական ազդեցությանը հակազդելու» համատեքստում։
Զարմանալի է պետության նկատմամբ նման բացահայտ ամբարտավան ու արհամարհական վերաբերմունքը, որի հետ կարծես թե պատրաստվում են ամրապնդել երկկողմ կապերը։ Ակամայից մտածում ես, թե նման ուղղվածությունն ինչպես կազդի հայ ժողովրդի բարեկեցության ու անվտանգության վրա», ասված է ՌԴ դեսպանատան հայտարարության մեջ: Այն արժանացել է Հայաստանի հանրային և քաղաքական տարբեր շրջանակների կոշտ գնահատականին, որպես Հայաստանի արտաքին քաղաքականությանը միջամտության անպարկեշտ և ցինիկ փորձ: Այն, որ ՌԴ դեսպանատունը մեղմ ասած ոտնահարել է դիվանագիտական էթիկայի մի շարք նորմեր, կարծես թե անվիճելի է:
Ավելին, բավականին ակնառու է այն, որ հայտարարության տողատակում առկա է Հայաստանին հասցեագրվող զգուշացում կամ սպառնալիք՝ «նման ուղղվածությունն ինչպե՞ս կազդի հայ ժողովրդի բարեկեցության ու անվտանգության վրա»: Այստեղ սակայն, կոշտ վերաբերմունքով հանդերձ, որ Հայաստանի հանրությունը ցուցաբերում է և պետք է ցուցաբերի այդօրինակ հայտարարությունների և սպառնալիքների հանդեպ, շատ կարևոր է խնդրի համակողմանի և բազմաշերտ դիտարկումը, հաշվի առնելով այն չափազանց զգայուն աշխարհաքաղաքական իրադրությունն ու միջավայրը, որ կա աշխարհում ընդհանրապես և մեր ռեգիոնում ու դրա շուրջ՝ մասնավորապես: Այդ համատեքստում, հարկ է նկատել, որ ՌԴ դեսպանատան թեկուզ կոշտ գնահատականի և խիստ քննադատության արժանի այդ հայտարարությունն այդուհանդերձ ունի «ինֆորմացիոն առիթ» և այդ «առիթը» տվել է Կանադան՝ Հայաստանում իր դեսպանությունը բացելու որոշումը մատուցելով նաև Ռուսաստանին հակազդելու մտադրության համատեքստում:
Բանն այն է, որ ներկայիս չափազանց փխրուն անվտանգության միջավայրում, փաստացի երրորդ համաշխարհային պատերազմի ռեժիմում, որտեղ անգամ Եվրոպայի ամենամեծ պետության տարածքը վերածվել է Արևմուտքի և ՌԴ պրոքսի պատերազմի գոտու, Հայաստանը ունենալով ռուսական մեծ ազդեցության էապես օբյեկտիվ խնդիրը, փորձում է և թերևս կարողանում է վարել զգալիորեն տարբերակված և թեկուզ հարաբերականորեն հավասարակշռված արտաքին քաղաքականություն, մի կողմից աշխատելով ՌԴ հետ, մյուս կողմից ձգտելով զարգացնել կապերը թե արևմտյան, թե այլ ուղղություններով: Եվ Հայաստանի այդ քաղաքականության շարունակության ու արդյունավետության առանցքային գրավականներից մեկը ոչ միայն պարզապես դիվանագիտական-քաղաքական մտքի ճկունությունն է, այլ նաև ռազմա-քաղաքական իրադրության թեկուզ հարաբերական կայունությունը, այդ թվում իհարկե առանցքային իմաստով ՌԴ վարքագծի կառավարելիությունը:
Հետևաբար, այդ իրադրության պահպանման և Հայաստանի տարբերակված քաղաքականության կայուն ընթացքի ապահովման տեսանկյունից շատ կարևոր է դառնում, որպեսզի առանց այդ էլ աշխարհաքաղաքական ազդեցության պայքարի առանցքային գոտիներից մեկում գտնվող Հայաստանը չվերածվի արդեն արևմտա-ռուսական կամ ուղիղ, կամ պրոքսի բախման և հասցեական թիրախավորման գոտու՝ պոլիգոնի: Մեծ հաշվով, 2020 թվականին Հայաստանը՝ ներառյալ Արցախը, 44 օր գտնվել է այդ «կարգավիճակում», ունենալով ծանր կորուստներ: Եվ մեկ անգամ այդպիսի կարգավիճակում հայտնվելը Հայաստանի համար կարող է դառնալ ճակատագրական և անդառնալի, ու թեկուզ դրանից հետո հայ ժողովուրդը պարզապես միահամուռ կերպով կարող է Ռուսաստանին ցույց տալ «դրսի դուռը»՝ իբրև անպիտան և «հակառակորդ դաշնակից», դա հազիվ թե Հայաստանի ու նրա ժողովրդի համար լինի մխիթարություն կամ համարվի ձեռքբերում: Իսկ, թե ու՞մ համար դա կդիտվի արդեն դիվանագիտական կամ ռազմա-քաղաքական ձեռքբերում, արդեն մեծ հաշվով մեզ համար կլինի անկարևոր:
Ըստ այդմ, Հայաստանի համար ներկայումս կարևոր է, որպեսզի մեր երկրի հետ հարաբերության զարգացմամբ իրապես շահագրգռված որևէ արտաքին գործընկեր սուբյեկտ չանի քայլեր, որոնք կարող են Ռուսաստանին տալ «առիթներ», այդ թվում օգտագործելով այն գերզգայուն իրավիճակը, որում Մոսկվան հայտնվել է ուկրաինական ճակատում ոչ այնքան «սահուն» իրադրության հետևանքով: Եթե իհարկե իրական նպատակը հենց Ռուսաստանին առավելագույն նյարդայնացնելն ու այդ կերպ առավել շատ վրիպումների կամ «ծուղակային» սխալների մղելը չէ: Դա անելը իհարկե այլ երկրների պետական իրավունքն է, պարզապես Հայաստանն էլ իրավունք ունի անել առավելագույնը, ոչ միայն Ռուսաստանի, նրա թյուրքական գործընկերների, այլ նաև որևէ այլ պետության ռազմավարության ու շահերի համար որևէ գին վճարելուց խուսափելու համար:
![]()