![]()
Հուլիսի 5-ին Հայաստանում նշվում է Սահմանադրության և ՀՀ խորհրդանիշների օրը։ Այս առնչությամբ Civic.am-ը զրուցել է ՀՀ Գերագույն խորհրդի և ԱԺ նախկին պատգամավոր Ազատ Արշակյանի հետ։
Մեր զրուցակիցը նշեց, որ հենց Սահմանադրության կարիք զգացվեց, պետք է պատմության ինստիտուտները, ԵՊՀ-ն, Գիտությունների ակադեմիան բացեին իրենց գզրոցները և մեզ ներկայացնեին բազմաթիվ սահմանադրությունների նախագծեր, տարբերակներ՝ ոչ միայն Հայաստանի համար գրված, այլ որևէ այսպիսի երկրի։
«Երբ ցենզուրան վերացավ, գլավլիտը համարվեց ոչ ևս, տոտալիտար երկրներում, Սովետական Միության դաշնակից երկրներում կամ վասալ երկրներում անմիջապես չտպագրված, արգելված գրական ստեղծագործություններ, երաժշտություն ի հայտ եկան, երբ մենք ասեցինք՝ բերեք արգելված գրականությունը, ստեղծագործությունները բաց արեք, պարզվեց, որ սովետահայ մտավորականները եղել են «վեռնապոդաննի», ոչինչ չունեն արգելված, ինչ-որ ստեղծել են, դրանք բոլորը սովետական ցենզուրան անցել է։ Այսինքն՝ նորություն չկա, ճիշտ այդ ձևով էլ չկար Սահմանադրություն, Շահամիր Շահամիրյանի ժառանգները չկային։ Սահմանադրության նախագծեր պետք է լինեին»,- ասաց Ազատ Արշակյանը։
Նա տեղեկացրեց, որ Հայաստանը 14-րդ պետությունն էր, որ դուրս եկավ Սովետական Միությունից։
Խոսելով խորհրդանիշների ստեղծման մասին՝ Ազատ Արշակյաննն ասաց, որ իրենք այն ժամանակ աշխույժ էին, անմիջապես ձեռնամուխ եղան դրան, և ստեղծվեց սահմանադրական հանձնաժողով, և ամեն շաբաթ-կիրակի օրերին այդ հանձնաժողովը՝ սկզբում ԳԽ նախագահ, այնուհետև ՀՀ նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ, նիստեր էր անցկացնում և քննարկում Սահմանադրության գոյություն ունեցող, արդեն ձեռքով գրված նախագծերը, մինչև Վլադիմիր Նազարյանի ներգրավումը։
«Սահմանադրությունը նույնիսկ զրոյից չուզեցինք արտագրել, կարելի էր արտագրել։ Սահմանադրությունն արտագրում ես և հարմարեցնում հայկականությանը։ Չարեցինք։ Ես կարծում եմ, որ անպատրաստությունը գլխավոր թերությունն էր, որ մեր սովետահայ մտավորականությունը ուներ այդ պահին»,- ասաց Ազատ Արշակյանը։
Խոսելով նաև ընդդիմության մասին, որն իր շարժումը համարում է «դիմադրության» շարժում, Ազատ Արշակյանն ասաց, որ դա դիմադրության շարժում է առաջընթացին։
Իսկ ինչ վերաբերում է պաշտոնից ազատված ընդդիմադիրներին ու նրանց մանդատները վայր դնելուն, մեր զրուցակիցը նշեց, որ հիմա պետք է լիներ նաև Սահմանադրության նոր նախագիծը, և դրանում պետք է ունենայինք մի կետ, որը կկոչվեր հետկանչի պարզեցված իրավունք։
Խոսելով նաև ընդդիմության ակցիաների մասին՝ Ազատ Արշակյանն ասաց, որ ինքը դեմ էր շրջափակումներին, ճանապարհները փակելուն և ընդհանրապես գործից խուսափելուն։
«Վրանների մեջ նարկոտիկ օգտագործես, տաշի-տուշի, երգեր, լաո, մաո, տենց բաներ եք անում. ձեր աշխատանքը մեր երկրի տնտեսության վերականգնումն է, դուք եկել՝ ժամանց եք կազմակերպում։ Բայց նրանց հեռացնելու համար պետք է նորն ընտրել, և նրանց հեռացնելու իրավունքը պետք է քաղաքացիներն ունենան, ոչ թե իր գործընկերները»,- ասաց Ազատ Արշակյանը։
Մանրամասները՝ տեսանյութում
![]()