Փլուզումը շարունակվում է. ինչ է ծրագրում Ռոբերտ Քոչարյանը.

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանը հայտարարեց իր պատգամավորական մանդատը վայր դնելու մասին, ընդ որում իր իսկ խմբակցության մյուս պատգամավորներին նետված ակնառու մարտահրավերով: Մեծ հաշվով, Արթուր Ղազինյանը արել է ձևակերպում, որի տողատակում «անազնվության» մասին մեղադրանք է, ուղղված այն դաշինքի պատգամավորներին, որի անդամ է Արթուր Ղազինյանը: «Պատճառների մասին հիմա չեմ ցանկանում խոսել. դրանք կրում են բացառապես քաղաքական ու մարտավարական բնույթ: Այս պահին կարող եմ միայն ասել՝ այս ԱԺ-ում որևէ օրակարգով իմ հետագա աշխատանքն այլևս չեմ պատկերացնում, իսկ այդ պայմաններում պահպանել ԱԺ պատգամավորի կարգավիճակը, չեմ կարող. առնվազն ազնիվ չէ», հայտարարել է պատգամավորը:

Նա խոսում է մանդատը վայր դնելու մասին, սակայն դեռևս «բաց է թողնում» «Հայաստան» դաշինքի հետ իր հարաբերության հարցը Ղազինյանը պահո՞ւմ է այդ հարաբերությունը, թե՞ ոչ: Բայց, ստացվում է, որ նա հենց «Հայաստան» դաշինքի խմբակցությանն է մեղադրում «ազնիվ չլինելու» համար, իհարկե ոչ ուղիղ մեղադրանքով: Հայաստան խմբակցությունը չի գնում ԱԺ և չի աշխատում խորհրդարանում, բայց նաև վայր չի դնում մանդատը: Արթուր Ղազինյանն իր մասով նշում է, որ չի տեսնում անելիք ներկայիս խորհրդարանում և այդ պարագայում ազնիվ չէ պահել մանդատը: Ստացվում է, որ՝ կամ պետք է խորհրդարանում զբաղվել որևէ բանով, գնալ և աշխատել, կամ, եթե չես գնում ու չես շարունակում աշխատանքը, ապա պետք է «ազնիվ լինել» և հրաժարվել մանդատից էլ: Մեծ հաշվով դա է Արթուր Ղազինյանի գրառման իմաստը, որն իհարկե վերաբերում է խորհրդարանի ընդդիմադիր երկու խմբակցություններին էլ, սակայն հատկապես ուշագրավ է դիտվում Հայաստան խմբակցության ձևաչափի համատեքստում, քանի որ խոսքը հենց այդ խմբակցության պատգամավորի մասին է:

Գործնականում, Արթուր Ղազինյանի քայլը խորհրդարանական ընդդիմության, կամ պարզապես՝ այսօր ընդդիմադիր դաշտի առաջին դիրքում գտնվող ընդդիմություն-նախկին կառավարող համակարգի եղած ձևաչափի ու կառուցվածքի փլուզման հերթական քայլն է: Փլուզում, որի անխուսափելիության մասին խոսել եմ դեռևւս 2021 թվականի հունիսի արտահերթ ընտրությունից անմիջապես հետո, նկատելով, որ ժամմանակի ընթացքում այդ կառուցվածքը լինելու է ժամանակավրեպ և առաջացնելու է ընդդիմության այդ դաշտում վերաձևումների անհրաժեշտություն՝ նոր քաղաքական իրողությունների համատեքստում: Արտահերթ ընտրությունից մեկ տարի անց դրանք սկսված են և ամենևին այնպես չէ, որ, օրինակ առաջնորդներ Ռոբերտ Քոչարյանի կամ Սերժ Սարգսյանի համար այդ գործընթացը անսպաասելի կամ անցանկալի է: Առիթ եմ ունեցել նաև բազմիցս խոսելու, որ Ռոբերտ Քոչարյանն ինքն էլ գնալու է Հայաստան դաշինքի «վերաձևման» գործընթացի, քանի որ այդ դաշինքը ի թիվս քաղաքական իրողություններից բխող հանգամանքների, նաև պայմանավորված էր մեկ այլ շոշափելի հանգամանքով և թերևս առանցքային հանգամանքով՝ այն կառուցվել էր Ռոբերտ Քոչարյանի՝ նախկին իշխող համակարգում ունեցած կարգավիճակից և դրա հետագծից բխող հարաբերությունների և փոխադարձ պարտավորությունների տրամաբանությամբ: Ռոբերտ Քոչարյանն այժմ փորձելու է աստիճանաբար կառուցել քաղաքական բուրգ, որտեղ ներհամակարգային պարտավորություններից կլինի հնարավորինս ազատ: Կստացվի՞, թե ոչ, դա իհարկե բավականին բարդ հարց է, քանի որ առնվազն ՀՅԴ-ն հազիվ թե էական շահագրգռություն ունենա Քոչարյանին «բաց թողնելու» հարցում:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ