ՊՈՒ-ն լուծեց իր առջև դրված խնդիրը՝ Քոչարյանի ամբիցիաներն ի դերև ելան․ Արթուր Ղազինյանի՝ մանդատից հրաժարվելը կարող է վարակիչ լինել

Խորհրդարանական ընդդիմությունը, ինչպես և կանխատեսելի էր, հայտնվել է իր իսկ կողմից հարուցած քաղաքական ճգնաժամի թակարդում՝ ոչ այն է՝ խորհրդարան վերադառնա՝ «լիզելով թքածն» ու շարունակի կատարել օրենսդիրի իր պարտականությունները, ոչ այն է շարունակի փողոցային հալումաշ եղած պայքարը, որի գերնպատակը՝ իշխանափոխությունը, հակառակ ուղղությամբ է կյանքի կոչվում՝ իշխանա-պաշտոնազրկելով իրեն իսկ՝ ընդդիմությանը։ Այս պրոցեսի հաջորդ տրամաբանական արարը՝ ընդդիմության որոշ պատգամավորների մանդատազրկումը՝ բացակայությունների հիմքով, դեռևս գործնական փուլ չի մտել, սակայն ականատեսն ենք մանդատից սեփական կամոք հրաժարական տալու երկրորդ դեպքին․ «Առաջին ծիծեռնակը» «Պատիվ ունեմ» դաշինքի ղեկավար Արթուր Վանեցյանն էր, որը վայր դրեց մանդատն ու ազդարարեց հիշյալ դաշինքի կազմում իր ղեկավարած «Հայրենիք» կուսակցության գործակցության դադարեցման մասին, «երկրորդ ծիծեռնակը» «Հայաստան» խմբակցության անդամ, «Մեկ Հայաստան» կուսակցության ղեկավար Արթուր Ղազինյանն է, որն այսօր հայտարարեց մանդատը վայր դնելու իր որոշման մասին։ Ի դեպ, դեռ շաբաթներ առաջ էր խոսվում վերջինիս նման մտադրություն ունենալու մասին, սակայն Ղազինյանը համառորեն չէր մեկնաբանում այդ տեղեկությունը։ Ընդդիմադիր այս ձախորդ պատգամավորը, որը շուրջ 20 անգամ առաջադրվեց և չընտրվեց ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնում, մանդատազրկման ենթակա 10 պատգամավորների ցանկում էր․ ի դեպ, Վանեցյանը նույնպես։

Պարոնայք ընդդիմադիրները, փաստորեն, «մի ոտ շուտ» որոշեցին վայր դնել իրենց մանդատները, քան ԱԺ-ն սեփական նախաձեռնությամբ կսկսեր վերջիններիս մանդատազրկելու պրոցեսը, և այսպիսով հանրության աչքում փորձեցին երևալ որպես սկզբունքային, պաշտնից չկառչած, հանուն երկրի ու պետության տառապող քաղգործիչներ, որոնք թքեցին իրենց «մի կտոր մանդատի», պատգամավորական անձեռնմխելիության, աշխատավարձի ու պարգևավճարների վրա և վերադարձան փողոց՝ անմանդատ ու անաշխատավարձ տառապելու ազգի դարդուցավով։

Նկատենք, որ Ղազինյանը Դիմադրության շարժումից հետո «Հայաստան» դաշինքի՝ մանդատը վայր դրած առաջին պատգամավորն է։ Ու թեև նրա հեռանալով հիշյալ դաշինքում «կյանքը կագ չի առնի», սակայն նման որոշումն արդեն իսկ ազդարարում է այս կոլեկտիվում առկա անհարթությունների, տարաձայնությունների մասին՝ որքան էլ դրանք հերքելու անհաջող փորձեր անեն դաշինքի անդամ որոշ պատգամավորներ։ Չի բացառվում, որ առաջիկայում ականատեսը լինենք այս դաշինքի փլուզման՝ հաշվի առնելով այն իրողությունն ու պայմանները, երբ ձևավորվեց այս արհեստական միավորը։

Դեռ նախընտրական փուլում, երբ արդեն հայտնի էր, թե որ քաղաքական ուժերն են ներգրավվելու խորհրդարան անցած երկու ընդդիմադիր դաշինքներում, կարելի էր կանխատեսել, որ մեկ հարկի տակ այդ ուժերի գործակցությունը երկար կյանք չի կարող ունենալ՝ մի քանի պատճառով։ Նախ՝ քաղաքական այդ «կոլեկտիվները» ձևավորվել էին ոչ ստանդարտ իրավիճակում՝ հետպատերազմական ծանր ու պայթյունավտանգ շրջափուլում, երբ ծայրահեղ բևեռացված էին հասարակական-քաղաքական տամադրությունները և ակնհայտ էր, որ ընտրությունները նախկին և ներկա համակարգերի առճակատման, ռևանշի և ռևանշի կանխարգելան մասին էին լինելու, և քվերակությունն էլ լինելու էր ըստ այդմ։ Նման իրավիճակում ավելորդ էր խոսել դաշինքների ծրագրային, գաղափարական, այսպես ասած՝ այլընտրանքների մրցակցության, առողջ քաղաքական պայքարի մասին։ ՀՀ երկրորդ նախագահի դիրիժորությամբ գործող «Հայաստան» «անսամբլի» քաղաքական հենարանի դերը, ինչպես նախկինում, այս անգամ ևս ստանձնեց ՀՅԴ-ն, որն ուներ կայուն էլեկտորատ և իր «ոչմիթիզական» հեղինակությամբ պետք է ամրապնդեր Քոչարյանի «ոչ հողատու լինելը»։ Դե իսկ Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանի գլխավորած «Վերածնվող Հայաստան»-ը դաշինք էր ներգրավվել «կողքից եկամուտ» ապահովելու նպատակով՝ դեպի իրեն հակելով «Զանգեզուրի միջանցքի» մասին քարոզչական տեռորի տակ գտնվող սյունյաց բողոքական ընտրազանգվածին։ Քաղաքական գրեթե զրոյական կենսագրություն ունեցող, դարբնոց չանցած, ընտրություններից «հինգ պակաս» ձևավորված կուսակցությունների (խոսքը «Վերածնվող Հայաստանի» և «Մեկ Հայաստանի» մասին է) ներկայացուցիչները առավելապես Քոչարյանի անձնական միջոցների հաշվին են հայտնվել խորհրդարանում, հետևապես՝ իրենց ստացած մանդատով պարտական են մեկ մարդու և պետք է սպասարկեն վերջինիս քաղաքական հավակնությունները։ Նկատենք, որ Արթուր Ղազինյանն իր հրաժեշտի ստատուսում խոստովանել է այն, ինչի մասին արդեն նշեցինք վերը․ «Այն, ինչ ունի սկիզբ, ունի նաև վերջ. բնության այս օրինաչափությունը հատկապես արդիական ու կիրառելի է իրավիճակային քաղաքական պայմանավորվածությունների պարագայում»:

«Իրավիճակային պայմանավորվածություն» ասելով Ղազինյանը ենթադրաբար նկատի ունի այն իրավիճակը, երբ ձևավորվել էր «Հայաստան»-ը և ընտրություններին մասնակցում էր «կրելու», իշխանությունը վերցնելու, ապաև՝ բաժանելու ամբիցիաներով, որոնք, սակայն, չբավարարվեցին ոչ միայն ընտրությունների արդյունքներով, այլև Դիմադրության շարժման միջոցով։ Հատկանշական է նաև այն, որ Ղազինյանը չի մանրամասնում մանդատը վայր դնելու պատճառները, նշում է միայն, որ «դրանք կրում են բացառապես քաղաքական ու մարտավարական բնույթ»։ Սա կարող է նշանակել երկու բան՝ Ղազինյանն այլևս չի բավարարում երկրորդ նախագահի քաղաքական պահանջները ու հետևապես նրան պարտադրվել է մանդատը վերադարձնել «տիրոջը», երկրորդ՝ դաշինքի ներսում կան լուրջ հակասություններ խորհրդարանական հետագա աշխատանքի վերաբերյալ և այդ հողի վրա առաջիկայում գուցե ականատես լինենք այլ պատգամավորների՝ ինչպես մանդատները վայր դնելու, այնպես էլ խմբակցությունը լքելու դեպքերի, ինչը մեծ հաշվով նշանակում է դաշինքի փլուզում։

Հ․Գ․ Անգաղափար, իրավիճակի թելադրանքով, հանրային աջակցություն չունեցող քաղաքական միավորները, ինչպես փորձն է ցույց տալիս, չեն կարող երկար կյանք ունենալ ու առաջին իսկ անհաջողության և ձախողման պարագայում կանխատեսելի է վերջիններիս փլուզումը, ինչին ականտես եղանք մասնավորապես ՊՈՒ-ի դեպքում։ Դարձյալ արհեստականորեն ձևավորված դաշինք, որի առանցքում ՀՀԿ-ն էր և է՝ իր ղեկավար Սերժ Սարգսյանով։ Նորաթուխ քաղգոծիչ Վանեցյանն ընդամենը ֆուտլյար էր, որի հետ, հիշեցնենք, ՀՀԿ-ն ճարահատյալ գնաց գործակցության, որպեսզի հակակշռի երկրորդ նախագահի շուրջ ձևավորված քաղաքական կոնսոլիդացիան։ Խորհրդարանական մեկ տարվա անպտուղ աշխատանքից ու Դիմադրության շարժման տապալումից հետո ՀՀԿ-Վանեցյան գործակցությունը շարունակելն այլևս անիմաստ էր, քանի որ ի սկզբանե այդ դաշինքի նպատակը ոչ թե քաղաքական պրոցեսներ գեներացնելն էր՝ իշխանությունը վերցնելու նպատակադրումով, այլ երկրորդ նախագահի այդպիսի քաղաքական հավակնություններին խանգարելը, դրանք արգելակելը։ Այլապես էքսնախագահներին կտեսնենք մեկ դաշինքով՝ առանց, այսպես ասած, «լակոտ» կուսակցությունների հետ դաշինք կազմելու՝ բալաստի։ Ընտրությունների միջոցով ՊՈՒ-ն լուծեց իր առջև դրված խնդիրը՝ երկրորդ նախագահի ամբիցիաներն ի դերև ելան, Դիմադրության շարժման ձախողումն էլ ևս մեկ անգամ արձանագրեց այդ ամբիցիաների անիրացնելիությունը։

Հետևապես՝ Մավրը կատարեց իր գործը, Մավրը կարող է հեռանալ։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ