Ո՞նր է եղել Հուրգադայում շնաձկների ագրեսիայի պատճառը

Եգիպտոսի Հուրգադա քաղաքի ծովափնյա հանգստավայրում շնաձկան հարձակման հետեւանքով մեկ օրում երկու զոհի մասին լուրերը մեր հանրության շրջանում մտավախությունների եւ անհանգստանալու տեղիք են տվել: ՀՀ քաղաքացիներից շատերն օնլայն հարթակներում տարատեսակ հարցադրումներ են անում, հետաքրքրվում՝ արդյոք վտանգավոր չէ՞ գնալ այդ քաղաք եւ ծովում լողալ: Որոշներն էլ հայտնում են, որ դեպքից հետո որոշել են չեղարկել դեպի Հուրգադա ամրագրած չվերթներն ու մտածում են այլ ուղղություն ընտելու մասին:

Քաղաքացի Քրիստինե Աբելյանը «Հայկական ժամանակի» հետ զրույցում հայտնեց, որ այսօր չեղարկել են դեպի Հուրգադա ամրագրած իրենց չվերթը, քանի որ դեպքը տեղի է ունեցել հենց այն հյուրանոցի լողափում («Սահլ Հաշեշ»), որն իրենք էին ընտրել հանգստի համար:

Սոնա Հակոբյանն էլ ասաց, որ նույն պատճառով իրենք էլ են չեղարկել, որոշել գնալ Աբու Դաբի (Արաբական Միացյալ Էմիրություններ):

Քաղաքացի Նելլի Մելիքյանն էլ նշեց, որ մինչ այս՝ երկմտում էր՝ ծովափնյա քաղաքներից Հուրգադա՞ գնալ, թե՞ եվրոպական որեւէ երկիր, սակայն այս դեպքից հետո որոշել է առայժմ հետաձգել Հուրգադայում ծովափնյա հանգիստն ու մեկնել Եվրոպա: «Հնարավոր է՝ անվտանգ լինի, հետո այնպես չէ, որ ամեն օր ծովափին հանգստացողները շնաձկան զոհ են դառնում, բայց դեպքը զգոնացնող է: Իսկ ես, լավ իմանալով իմ բնավորությունը, գիտեմ, որ այնտեղ հանգիստ չեմ լինելու»,- ասաց զրուցակիցը:

Նկատենք՝ ողբերգական դեպքի մասին լրատվամիջոցների հրապարակումների մեկնաբանություններում եւ տարբեր փակ խմբերում եւս չեղարկելու մասին հայտարարությունները շատ են:

«Հայկական ժամանակը» տեղի ունեցած դժբախտ դեպքերի եւ այդ հատվածների իրավիճակի վերաբերյալ մեկնաբանություն խնդրեց նաեւ ՀՀ-ում գործող տուրիստական կազմակերպություններից:

«Ռիմա թրավել» տուրիստական ընկերության տնօրեն Ռիմա Խաչատրյանը մեզ հայտնեց, որ տարիներ առաջ էլ նմանատիպ դեպք եղել է, եւ բազմաթիվ քաղաքացիներ այն ժամանակ էլ էին խուսափում հանգստի մեկնել: «Մեր քաղաքացիներից մի քանի հոգի արդեն մեզ զանգահարել է, հարցեր տվել այդ խնդրի հետ կապված, բայց դրանց պատասխանը հստակ է՝ անկախ նրանից՝ որ երկրում ես, պետք է պահպանես ու ենթարկվես այն պահանջներին, որոնք թելադրում են տվյալ երկիրը կամ հյուրանոցը»,- նկատեց տուրիստական ընկերության տնօրենը:

Խաչատրյանի խոսքով՝ կան հատուկ էքսկուրսիաներ, որոնք զբոսաշրջիկներին տանում են դայվինգի (սուզում), իսկ այդ ընթացքում շատերը փորձում են շնաձկներին կերակրել, այդ ժամանակ էլ դառնում են նրանց զոհը կամ հրաշքով փրկվում:

«Քանի որ ինֆոտուրերի նպատակով հաճախ եմ լինում Եգիպտոսի Հուրգադա եւ Շարմ Էլ Շեյխ քաղաքներում, տեղյակ եմ, թե ինչ է կատարվում հյուրանոցներում եւ դրանց տարածքներում: Բոլորս էլ գիտենք, որ այնտեղ՝ հենց ծովի մեջ, կա հատուկ արգելապատնեշ, որը շրջանցել չի թույլատրվում, եւ դա արված է հենց շնաձկներից զգուշանալու համար: Սակայն բավականին շատ մարդիկ չեն ենթարկվում այդ պահանջներին եւ փորձում են լողալ չթույլատրված հատվածներում»,- ասաց «Ռիմա թրավելի» տնօրենը:

«Վարդան թրեվլ» տուրիստական ընկերության տնօրեն Վարդան Սարգսյանն մեզ հետ զրույցում նշեց, որ կոնկրետ իրենց գործակալություն առայժմ չեն դիմել չեղարկելու համար, սակայն եթե ուղեւորներից որեւէ մեկը որոշի չմեկնել, ապա պատրաստ են ամբողջությամբ չեղարկել եւ, բնականաբար, վճարած գումարը հետ վերադարձնել. «Լողափը, որտեղ տեղի է ունեցել դեպքը, երեք օրով ամբողջությամբ փակ է, մոտակա հյուրանոցների ափերը՝ եւս»:

Վարդան Սարգսյանի խոսքով՝ արդեն կապ է հաստատել եւ մանրամասն տեղեկություն ստացել, թե ինչ իրավիճակ է մնացած հատվածներում: Նրա փոխանցմամբ՝ մնացած հատվածներում խուճապ առանձնապես չկա, մարդիկ շարունակում են հանգստանալ, լողալ Կարմիր ծովում, բայց ավելի զգոն են: «Դեպքը սարսափելի է, սակայն Եգիպտոսում սա առաջին անգամը չէ: Վերջերս նաեւ Մայամիում էր նմանատիպ դեպք եղել. զբոսաշրջիկը չէր մահացել, վերջույթներն էր կորցրել: Հուսանք՝ Եգիպտոսի ղեկավարությունը շատ զգոն կլինի եւ այս ամենից խուսափելու համար քայլեր կձեռնարկի: Կարմիր ծովն աշխարհի ամենագեղեցիկ ծովերից մեկն է, կենդանական աշխարհն էլ՝ շատ լավը, սակայն չպետք է մոռանալ, որ նման դեպքեր լինում են»,- ասաց Վարդանը:

Նրա համոզմամբ՝ հնարավոր չէ, որ սովորական պայմաններում շնաձուկն ափին այդքան մոտ գնար, քանի որ ափերն ավազյա են, եւ, ի տարբերություն Շարմ Էլ Շեյխի, ձկնային մեծ աշխարհ չկա. «Եգիպտոսում հիմա տոն է, եւ Հուրգադայի բնակիչներից ոչխարներ են մորթել ու կենդանիների որոշ օրգաններ եւ ուտելու համար ոչ պիտանի հատվածներ նետել ջուրը: Ասում են՝ կենդանիները հենց դրա համար էլ եկել են: Այսինքն՝ գուցե բնակիչների մեղքը կա դրանում»:

Զրուցակցի փոխանցմամբ՝ շնաձկան կամ շնաձկների պատահական՝ այդ ափում հայտնվելու մեկ այլ տարբերակ էլ է քննարկվում, ինչը հնարավոր է՝ Եգիպտոսին մրցակից մեկ այլ հանգստյան երկիր հատուկ արած լինի, որպեսզի զբոսաշրջիկների մեծ հոսք ուղղի իր երկիր:

«Հայկական ժամանակը» թեմայի վերաբերյալ հարցում իրականացրեց մի շարք այլ տուրիստական ընկերությունների հետ եւս, սակայն նրանցից շատերը խուսափեցին հստակ պատասխաններ տալ, ովքեր էլ համաձայնեցին խոսել, նշեցին, որ առայժմ դեպի Հուրգադա ամրագրումները չեղարկելու համար դիմող չի եղել:

«Սքայ տուր» տուրիստական ընկերությունից մեզ հայտնեցին, որ հեռախոսազանգեր են ստանում, մարդիկ որոշակի մտավախություններ ունեն, սակայն դեռ որեւէ մեկը դեպի Հուրգադա ամրագրած փաթեթից չի հրաժարվել:

«Ավաթրավլ» տուրիստական ընկերությունից էլ փոխանցեցին, որ ամենաշատ ամրագրումներն այս տարի իրենց մոտ դեպի Եգիպտոս է, հատկապես՝ Հուրգադա. ամրագրումները շարունակվում են:

«Լոկա» տուրիստական ընկերությունից էլ ասացին, որ միայն այսօր բազմաթիվ հետաքրքրվողներ են եղել եգիպտոսյան տուրերի մանրամասներից: Ինչ վերաբերում է մտավախություններին կամ դեպի Հուրգադա ուղղությունը փոխելուն, ապա դեռ զանգեր չեն գրանցվել:

Հիշեցնենք՝ հուլիսի 3-ին հայտնի էր դարձել, որ Հուրգադայում Ավստրիայի 68-ամյա քաղաքացին շնաձկան զոհի է դարձել. ծովային գիշատիչը հոշոտել էր կնոջ ձեռքն ու ոտքը: Ջրից դուրս բերվելուց հետո տուժածը տեղափոխվել էր հիվանդանոց, սակայն ճանապարհին մահացել էր: Նույն օրը առաջին հարձակման վայրից 200 մետր հեռավորության վրա հայտնաբերվել էր երկրորդ զոհի դին։ Եգիպտոսի իշխանությունները հաստատել են շնաձկան հոշոտման մասին դեպքերը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ