Ի վերջո ո՞վ իշխանազրկվեց «Դիմադրություն» շարժման արդյունքում. ընդդիմադիր խմբակցությունները քանդվում են

Խորհրդարանական ընդդիմությունը փողոցային պայքարը վերսկսելուց հետո հայտարարեց, թե «Դիմադրություն» շարժման նպատակը գործող իշխանությանը հեռացնելն է՝ իշխանազրկելը։ Պայքարից մոտ 2 ամիս անց, սակայն, ոչ թե գործող իշխանությունը իշխանազրկվեց, այլ հենց ընդդիմությունը։

Նախ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը վայր դրեց մանդատը, քանի որ խոստացել էր խորհրդարան չվերադառնալ, եթե շարժումը իր առջև դրված նպատակին չհասնի։ Նաև լուծարվեց «Պատիվ ունեմ» խմբակցությունը, քանի որ Վանեցյանի՝ մանդատը դնելուց հետո «Հայրենիք» կուսակցությունը հայտնեց, որ նման դաշինք, որպես այդպիսին, այլևս գոյություն չունի։

Ապա «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը պաշտոններից հեռացրեց՝ իշխանազրկեց ընդդիմության քվոտայով ԱԺ նախագահի տեղակալ Իշխան Սաղաթելյանին և ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վահե Հակոբյանին։

Վահե Հակոբյանը իշխանության այս որոշումներից հետո կայացած հանրահավաքում, անդրադառնալով իրեն պաշտոնից հեռացնելու իշխանության որոշմանը, հայտարարեց, թե սա հերթական հարվածն էր մեր պետականությանը, պառլամենտարիզմի ինստիտուտին էր հարված, և իրենք մտածելու ոչինչ չունեն։ «Ասեմ ավելին՝ մենք թքած ունենք դրա վրա։ Թող մտածեն Նիկոլը և իր չակերտավոր գործընկերները, ովքեր իրար հերթ չտալով՝ գովաբանում են իրեն։ Թող մտածեն այն միջազգային կառույցները, որոնք շարունակում են լուռ մնալ, և իրենք էլ մասնակից են դառնում նրան, թե մեր երկիրը ուր են բերում հասցնում էս պատուհասները։ Մենք մտածելու ոչինչ չունենք», — հանգիստ խղճով ասաց վերջին ամիսներին հայրենիքի փրկությամբ զբաղվող Վահե Հակոբյանը։

Եվ չնայած ընդդիմությունը սա հարված էր համարում պետականությանը, այնուամենայնիվ իրենք էլ շարունակեցին գործընթացը։ Մեկը մյուսի հետևից հանձնաժողովներում զբաղեցրած պաշտոններից հրաժարական ներկայացրին ընդդիմադիր պատգամավորներ Հայկ Մամիջանյանը, Արթուր Խաչատրյանը և Արմեն Գևորգյանը։ Միայն Թագուհի Թովմասյանն էր, որ առանձնացավ գործընկերներից և հայտարարեց, որ շարունակելու է պաշտոնավարել ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում։ Վերջինս հայտարարեց, թե որոշել է շարունակել իր գործունեությունը՝ որպես հանձնաժողովի անկուսակցական, անկախ նախագահ՝ առաջանցիկ մեղադրանք ներկայացնելով ընդդիմադիր գործընկերներին։ «Եթե գործընկերային համերաշխության մասին էր խոսքը, ապա պետք է բոլորս գործընկերաբար Արթուր Վանեցյանից հետո հրաժարվեինք մեր պատգամավորական մանդատներից: Դեռ նախորդ տարի հայտարարել էի, որ բոլոր ընդդիմադիրներով պետք է վայր դնենք մանդատները՝ պայմանով, որ հաջորդներից էլ որևէ մեկը չի վերցնելու իրեն տրված մանդատը: Այսինքն՝ մանդատից երբեք կառչած չեմ եղել»,- գրել էր Թովմասյանը։

Այսօր էլ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանն է հայտարարել՝ վայր է դնում մանդատը։ Ղազինյանը պատճառների մասին չի խոսել, միայն նշել է, որ այս ԱԺ-ում որևէ օրակարգով իր հետագա աշխատանքն այլևս չի պատկերացնում:

Մանդատների թեման ամփոփելով՝ այսօր Արամ Վարդևանյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ եթե հասկանան, որ դրանով ինչ-որ հավելյալ արժեք կարող է ստեղծվել, որևէ սահմանափակում կամ կաշկանդվածություն չունեն։

Ստացվեց այնպես, որ փողոցներում Փաշինյանի հրաժարականը պահանջող, այս իշխանություններին իշխանությունից վռնդող, իշխանազրկող ընդդիմությունը պայքարից երկու ամիս անց ինքը իշխանազրկվեց։ Իսկ թե ինչո՞ւ են ընդդիմադիր որոշ պատգամավորներ վայր դնում մանդատը, հրաժարվում հանձնաժողովներում պաշտոններից, արդյոք պաշտոններից հրաժարվելը ինչ-որ հավելյալ արժե՞ք է ստեղծում, ի տարբերություն մանդատները դնելու, և ի՞նչ է նշանակում այս գործընթացին Թագուհի Թովմասյանի չմիանալը, փորձեցինք պարզել «Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամ, 7-րդ գումարման պատգամավոր Անի Սամսոնյանից։

«Խորհրդարանական ընդդիմադիր խմբակցությունները քանդվում են, որովհետև որոշ պատգամավորներ արդեն հասկանում են, որ «Հայաստան»-ը՝ որպես դաշինք, և Հանրապետական կուսակցությունը այլևս քաղաքական որևէ հեռանկար չունեն, հետևաբար օր առաջ պետք է լքել խորտակվող նավը։ Սա օրինաչափ վարքագիծ է սպոնտան, միմյանց հետ կապ չունեցող, գաղափար չունեցող մի խումբ պատեհապաշտ անձանցից կազմված դաշինքների կամ քաղաքական միավորների համար»,- ասաց Անի Սամսոնյանը։

Բացի դրանից, ըստ Սամսոնյանի, այդ մարդիկ պատրաստ չէին որպես ընդդիմադիր իրենց գործն անելու, նրանց հենց սկզբից խոստացել էին իշխանական յուղոտ պատառներ։ Այդ իսկ պատճառով այսօր խորհրդարանում առաջացել է ճգնաժամ։ «Որքան էլ իշխանությունը չուզի դա տեսնել, միևնույն է, օրենսդիր մարմինը՝ որպես ինստիտուտ, լիարժեք չի կարողանում իրականացնել իր գործառույթները և կենսունակ չէ, կենսունակ դառնալու էլ այլևս ոչ մի հեռանկար չունի։ Պառլամենտական երկրի համար սա վտանգավոր է և նաև՝ խայտառակություն»,- ասաց ԼՀԿ ներկայացուցիչը։

Բոլոր դեպքերում, Անի Սամսոնյանը գնահատեց նաև Արթուր Վանեցյանի սկզբունքային դիրքորոշումը։ «Ասել էր՝ արեց, չնայած դա նրա ապաքաղաքական վարքագծի հետևանքն էր»,- նշեց Սամսոնյանը։

«Դիմադրություն» շարժման և դրա նախաձեռնողների մասին Սամսոնյանը չուզեց խոսել: «Սկզբունք ունեմ՝ ընկածին չխփել»,- պարզաբանեց Անի Սամսոնյանը։

Եթե ընդդիմադիրները հույս ունեին իշխանական յուղոտ պատառներ ստանալ, ապա ինչո՞ւ ընտրությունների արդյունքների հրապարակումից հետո, երբ պարզ դարձավ, որ «Քաղաքացիական պայմանագիր»-ը ստացել է ընտրություններին մասնակցած քաղաքացիների ձայների գերակշիռ մասը և ունի մեծամասնություն, վերցրին մանդատները՝ հարցին Սամսոնյանը պատասխանեց, որ ընդդիմությունը դա արեց Նիկոլ Փաշինյանի իշխանությունը լեգիտիմացնելու համար: Իսկ հիմա չեն դնելու այդ մանդատները վերալեգիտիմացնելու համար:

Ստացվում է, որ, ըստ Սամսոնյանի, խորհրդարանական ընդդիմությունը այնքան էլ ցանկություն չունի գործող իշխանությանը դելեգիտիմացնելու, և իրենց միակ նպատակը իշխանություն վերցնելն է։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ