Պատերազմն էր համանախագահության պարապուրդի «հետևանքը», ոչ թե հակառակը

Մինսկի խմբի համանախագահության ճակատագիրը քննարկելով Կովկասում Արևմուտքի դերը և մասնակցությունը նվազեցնելու հարցում Ռուսաստանի և Թուրքիայի շահագրգռության տիրույթում, հայկական աշխույժ հանրությունը թերևս էապես նեղացնում է հարցի տրամաչափն ու քաղաքական բովանդակությունը:

Մինսկի խմբի և դրա համանախագահության ստեղծումը Կովկասում Արևմուտքի, կամ մասնավորապես ԱՄՆ դերակատարության կամ ազդեցության համար չէ, որ նախաձեռնվել ու իրականացվել է: Արևմուտքի տնտեսա-քաղաքական և ռազմա-քաղաքական հնարավորությունները մեղմ ասած բավարար են ներկայության և դերակատարության հարցը լուծելու համար:

Մինսկի խմբի և դրա համանախագահության ձևավորումը գործնականում եղել է հետխորհրդային աշխարհի կառավարման առանցքային հարթակներից մեկը և այդ իմաստով դրա փլուզումը սկսել է ոչ թե 44-օրյա պատերազմով, այլ գործնականում դրանից առաջ՝ աշխարհաքաղաքական պայքարի թեժացումով, որ ՌԴ և Արևմուտքի միջև առավել ինտենսիվ ռեժիմ է մտել սկսած 2013-14 թվականներից:

Հատկանշական է, որ հենց այդ շրջանից է նաև արցախյան հարցում ինտենսիվացել ադրբեջանական ռազմական գործիքակազմի կիրառումը, ընդ որում՝ ուշադրություն դարձնենք՝ Մինսկի խմբի բոլոր երեք համանախագահների գործնականում լոյալ և լռելյայն վերաբերմունքի պայմաններում: 44-օրյա պատերազմը ինքնին եղել է Մինսկի խմբի համանախագահության ձևաչափի փաստացի սառեցման հետևանք: Եթե ձևաչափը գործեր, ապա չէր լինի 44-օրյա պատերազմ և քաղաքական կարգավորման գործընթացը կշարունակվեր իր որոշակի տրամաբանությամբ:

Կգոհացներ մեզ այդ տրամաբանությունը, թե ոչ, հարցի մյուս կողմն է, բայց այն կլիներ և կշարունակվեր, այլ ոչ թե իրադրությունը կգնար դեպի պատերազմ: Հետևաբար, երբ խնդիրը դիտարկվում է ընդամենը Կովկասում Արևմուտքի դերի և ազդեցության, ու այն չեզոքացնելու ձգտման տրամաբանության շրջանակում, Հայաստանը կանգնում է այսպես ասած «սխալ» եզրահանգումների ռիսկի առաջ, որովհետև այդ դեպքում Հայաստանի վերաբերմունքն ու քաղաքականությունը մշակելիս ելակետ է դառնում հենց դա՝ մենք նպաստում ենք Արևմուտքի ներկայությա՞նը, թե՞ հակառակը: Մինչդեռ, Կովկասում Արևմուտքն ունի ներկայության հարցը լուծող բազմաթիվ այլ մեխանիզմներ, այդ թվում և օրինակ Եվրոպայի Խորհուրդը, որի անդամ են Հայաստանն ու Ադրբեջանը, և այլ տարբեր գործիքներ

: Այդ իմաստով, Կովկասում Արևմուտքի դերակատարման հարցում Հայաստանի անելիքը Արևմուտքի քաղաքական և տնտեսական սուբյեկտների հետ աշխատանքի դինամիկ խորացումն է երկկողմ կամ բազմակողմ այլ ձևաչափերում, որոնք առավել առարկայորեն և հասցեագրված գործառութային նշանակություն ունեն հենց այդ խնդիրների համատեքստում: Մինսկի խմբի համանախագահությունը աշխարհաքաղաքական բացառիկ ձևաչափ է, որի հարցում Հայաստանն ունի հասկանալի շահագրգռություն, սակայն խոշոր հաշվով բավականին սահմանափակ ազդեցություն, ըստ այդմ այդ պարագայում Հայաստանից պահանջվում է բավականին նուրբ և բազմաշերտ տեղեկատվա-քաղաքական վարքագիծ:

Աղբյուրը ՝ Հայկական ժամանակ

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ