«Սիրիայում Թուրքիայի ռազմական միջամտությունը կբերի տարածաշրջանի ապակայունացման». Իրանի ԱԳՆ

Սիրիայի հյուսիսում Թուրքիայի ցանկացած ռազմական գործողություն անկայունության կհանգեցնի տարածաշրջանում։

Այս մասին հայտարարել է Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը Դամասկոսում իր սիրիացի գործընկեր Ֆեյսալ Մեկդադի հետ մամուլի ասուլիսի ժամանակ, փոխանցում է IRNA գործակալությունը։

Աբդոլլահիանն ընդգծել է, որ օտարերկրյա ուժերի ցանկացած միջամտություն կհանգեցնի տարածաշրջանում իրավիճակի վատթարացմանը:

Նախարարը հավելել է, որ իրանա-սիրիական հարաբերությունները ռազմավարական բնույթ են կրում` հավաստիացնելով, որ Թեհրանը Դամասկոսին ահաբեկչության դեմ պայքարում կաջակցի «իր բոլոր ուժերով և հզորությամբ»: Նա ընդգծել է, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը երբեք մենակ չի թողել և երբեք մենակ չի թողնի իր ընկերներին։

«Մենք դեմ ենք Սիրիայի դեմ ցանկացած ռազմական գործողության»,-հավելել է Իրանի արտգործնախարարը՝ հաստատելով Սիրիայում քաղաքական ճգնաժամի կարգավորմանը նպաստելու Իրանի պատրաստակամությունը։

Ամիր Աբդոլլահիանը Դամասկոս է ժամանել հուլիսի 2–ին, որպեսզի հանդիպի և բանակցություններ վարի Սիրիայի բարձրաստիճան պաշտոնյաների հետ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ