Մեր «մանդատը» ձեր «իմպիչմենտին» վտանգ չէ․ պաշտոնանկություններ՝ ԱԺ-ում

1in.am-ը գրում է.

Պաշտոնանկություններ, պաշտոնազրկումներ, հրաժարականի դիմումներ ու քաղաքական առճակատում։ Դաշտում բախվում են երկու տիտանները․ իշխանությունն ու ընդդիմությունը։ Մեկը սպառնում է շարունակել հարվածներն ու հետագայում պաշտոնազրկումներից զատ նաև «մանդատազրկման» զենքն օգտագործել, իսկ մյուսը՝ սպառնում տիեզերակործան հարված հասցնել՝ կիրառելով «իմպիչմենտի սուրը»։Մի խոսքով՝ մի ամբողջ աստղային պատերազմ։ Բայց հողի վրա այս ամենն այնքան էլ էպիկ ու պաթետիկ չի դիտվում։ Խոսքը քաղաքական իշխանության կողմից քաղաքական ընդդիմությանը խորհրդարանական պաշտոններից զրկելու գործընթացի մասին է։

Ազգային ժողովը, չէ՛, ավելի շուտ Ազգային ժողովի քաղաքական մեծամասնություն կազմող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը երեկ, փակ-գաղտնի քվեարկությամբ ԱԺ ընդդիմադիր փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանին հետ կանչեց Ազգային ժողովի նախագահի տեղակալի պաշտոնից։ Հետկանչին արձագանք չեղավ, Սաղաթելյանը խորհրդարան չմտավ։ Ինքն իր պաշտոնանկությունը մեկնաբանեց դրսից։ Նույն ընթացակարգով դադարեցվեց նաև «Հայաստան» դաշինքի պատգամավոր Վահե Հակոբյանի լիազորությունները՝ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում։

Այս քվեարկության ժամանակ՝ դասական խորհրդարաններում, պիտի որ ներկա լինեին բոլորը։ Մեր դեպքում այդ բոլորը 107 անձ է, որոնց ՀՀ քաղաքացին պատվիրակել է գնալ ԱԺ ու պաշտպանել իրենց իրավունքները։ Բայց պատվիրակված ու ահագին հաճելի աշխատավարձ ստացող 107 պատգամավորներից քվեարկություններին մասնակցեցին միայն 66-ը՝ այն էլ բացառապես իշխանական ֆրակցիայից։ Դե զարմանալի էլ չէր, այս գործընթացի նախաձեռնողը իշխանությունն էր։ Ի սպասելիորեն մասնակից բոլոր 66 իշխանական պատգամավորներն էլ միաձայն կողմ քվեարկեցին առաջարկվող որոշումներին։

Կարճ ժամանակ անց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գևորգյանը հրաժարական ներկայացրեց Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնից՝ ասելով, թե այսօրվա իրավիճակը թելադրում է քաղաքական, հանրային և մարդկային էթիկայի հստակ կանոններ, որոնք ինքը չի կարող անտեսել, և որոնք իրեն թույլ չեն տալիս շարունակել պաշտոնավարել՝ որպես հանձնաժողովի նախագահ։

Կկարծես, թե սրանով ամեն բան ավարտվեց։ Իզուր։«Քաղաքացիական պայմանագրից» հընթացս հայտարարեցին, որ հիմա էլ քննարկվում է մշտական հանձնաժողովների մյուս երկու ընդդիմադիր նախագահներին պաշտոններից հեռացնելու մասին հարցը։ Ավելի ուշ ընդդիմադիր պատգամավոր Թագուհի Թովմասյանը հայտարարեց, որ որոշել է շարունակել գործունեությունը՝ որպես ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի ԱՆԿՈՒՍԱԿՑԱԿԱՆ, ԱՆԿԱԽ նախագահ:Կենացները քաղցրացան, երբ հայտնի դարձավ, որ քննարկում է նաև սահմանվածից ավելի բացակայած ընդդիմադիր պատգամավորներին մանդատներից զրկելու հարցը։

Իշխանությունը, կարծես, ընդդիմադիրներին ասում է․ խելոք մնացեք, մենք այս տիտանական ճակատամարտում կարող ենք օգտագործել աննախադեպ, ըստ էության, արդեն արձանագրված զենք՝ մանդատազրկում, եթե հանկարծ որոշեք ձեռքը տանել «իմպիչմենտի պատյանին» ու այն դուրս բերել։ Ռազմական գործում այս մանևրը կկոչվեր «պրիվինտիվ»՝ այն է, կանխարգելիչ հարված։ Իշխանությունը նպատակ ունի թույլ չտալ, որ ընդդիմությունը բանը հասցնի իմպիչմենտին, որքան էլ այն անարդյունք, իրականում անպետք գործ լինի։ Սեղանին, այդ դեպքում, դրված կլինի հեղինակությունը, գործող իշխանության լեգիտիմությունն այս քայլով կդրվի կասկածի տակ, թեպետ բացարձակ չի տուժի։ Սակայն նման դեպքում ընդդիմությունը կարող է հաջողության հասնել բացառապես մի պարագայում, երբ ապահովի բավարար քանակությամբ իշխանական պատգամավորների ճամբարափոխություն։ Սա առաջին հայացքից անհավանական մի բան է թվում, քանի որ եթե 2018-ի ընտրությունների ժամանակ «Իմ քայլը» դաշինքով խորհրդարանում ձևավորված մեծամասնության խմբակցության շարքերում կային բազմաթիվ անկուսակցական ու թիմի հետ չսերտաճած անձինք, որոնք չունեին ոչ գաղափարական, ոչ էլ անձնային կապվածություն թիմի ղեկավարի հետ, ապա արդեն 2021-ի արտահերթ ընտրությունների ժամանակ Փաշինյանը հազար ֆիլտրեց, ապա նոր կազմեց ՔՊ ցուցակը՝ հետագայում որևէ տեսակ քաղաքական դավաճանություն կանխելու համար։Սակայն, ընդդիմադիր լիդերներն ունեն մարդկանց տարբեր ձևերով համոզելու հարուստ փորձ։ Հարց է, թե կհաջողեն իրենց վերջին զենքի կիրառմամբ, թե կտապալեն։ Ցույց կտա ժամանակը։ Գուցե առհասարակ, որևէ ներկա ընդդիմադիր պատգամավոր չհասնի էլ իմպիչմենտի փուլի մեկնարկին։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ