«Քոչարյանն ու մյուսները մտածում էին` հեսա Ֆրանսիայի հրապարակը հաղթելու է, հիմա չգիտեն էլ ինչի վրա հույս դնեն». Սիլվա Համբարձումյան

«Առաջին լրատվական»-ի հարցերին պատասխանել է գործարար Սիլվա Համբարձումյանը

Տիկին Համբարձումյան, դատարանի որոշմամբ՝ Ձեր գործով նիստերն արդեն ընթանում են փակ ռեժիմով: Ինչպե՞ս եք սա գնահատում, ունեք մտահոգություններ այս առնչությամբ, թե ոչ:

Անկեղծ ասած, ես մտահոգություն չունեմ, քանի որ դատերի կեսը նաև բաց է ընթանում: Երևի փակ է ընթանում անունների հետ կապված, որ չհնչեն այն մարդկանց անունները, որոնք ունեն ապացույցներ և ներկայացնում են:

Ձեր կարծիքով՝ այս գործն ի՞նչ ելք կունենա, ինչպիսի՞ տրամադրություններ եք տեսնում: Պաշտպան Խուդոյանը հայտարարում է, որ դատարանի գործողություններից ինքը տպավորություն է ստացել, որ նա կողմնակալ մոտեցում ունի միջնորդությունների նկատմամբ:

Փաստեր կան, որ անհերքելի են, այդ փաստերի դիմաց իրենց փաստաբանները ոչինչ չեն կարող անել: Դատավորը, կարծում եմ՝ պետք է հիմնվի միայն փաստերի վրա:

Պաշտպաններն ասում են, որ խոսքն այս դեպքում նախաքննության ընթացքում քննիչ Հրաչյա Մուշեղյանի կողմից հավաքագրված ապացույցներն անթույլատրելի ճանաչելու միջնորդության մասին է:

Դրանք բանկային փաստաթղթեր են, որոնք չեն կեղծվել: Երեկ նաև անցան պայմանագրին, որի պատճենները ներկայացվեցին, բայց օրիգինալներն էլ կան: Փաստաբանները պնդում են, թե պատճենները հիմք չեն կարող լինել, բայց բնօրինակները կան և կներկայացվեն: Երևում է, որ փաստաբանները ժամանակ են ձգում:

Ձեր կարծիքով փաստաբանների ժամանակ ձգելն ի՞նչ նպատակ ունի, մինչև ինչքա՞ն պետք է ձգվի այս գործը:

Ամեն մի փաստի վրա փաստաբանները իրավունք ունեն միջնորդություններ բերելու: Հիմա ինչքան փաստ լինի, այդքան միջնորդություն չեն կարող բերել, որովհետև բանկային փաստաթղթեր են, որոնք անհերքելի են:

Ապացույցների փուլն ինչպե՞ս եք գնահատում:

Կարծում եմ՝ նորմալ կլինի ամեն ինչ, որովհետև բոլորը բանկային փաստաթղթեր են: Նրանց պաշտպանները փորձում են ամեն կերպ ձգձգեն, երկարացնեն դատավարության ընթացքը: Այն ժամանակ ձգձգում էին, որովհետև մտածում էին, թե հեսա Ֆրանսիայի հրապարակը հաղթելու է, իսկ հիմա չգիտեն էլ ինչի վրա հույս դնեն: Հիմա ասում են՝ փաստաթղթերի պատճենները չեն կարող հիմք լինել, բայց բնօրինակներն էլ կան և դրանք նույնպես կներկայացվեն: Ապացույցների փուլից շատ բան է կախված:

Երբ Էկոնոմիկայի նախարարը հանդիպումներ է ունենում գործարարների հետ, դուք մասնակցո՞ւմ եք: Ներդրումային միջավայրը Հայաստանում այս պահին ինչպիսի՞ն է, ըստ ձեզ: Դրամի արժևորումը գործարարին որքանո՞վ է վնասում:

Անկեղծ ասած, չեմ մասնակցում այդ հանդիպումներին, որովհետև էկոնոմիկայի նախարարին չեմ ընդունում: Որ ընդունեմ, կմասնակցեմ: Օրինակ, ինձ դիմում են միջին բիզնեսի հազարավոր ներկայացուցիչներ, որոնք օգտվել են Թուրքիայի ավտոբուսից, որով կարելի է ներկրել մինչև 25 կգ քաշով կամ 150 հազար դրամի ապրանք: Սակայն մաքսային ծառայությունը չի թողնում մարդկանց ներկրել իրենց հասանելիքը: Մեկ կոնֆլիկտ է առաջանում մարդկանց և մաքսայինի միջև: Ինչո՞ւ են խանգարում փոքր ու միջին բիզնես ունեցողներին, թող ՊԵԿ նախագահը պատասխան տա:

Իսկ դրամի արժևորումը շատ է վնասում գործարարներին: Տնտեսության անկայուն վիճակը բերում է գնաճի: Հիմա դոլարի փոխարժեքն իջել է, բայց ոչ մի կազմակերպություն իր ապրանքների գները չի իջեցնում, որովհետև վախենում են, որ կարող է դոլարի գինը միանգամից հանկարծակի կտրուկ բարձրանա: Անկայունությունը շատ ավելի վատ է անդրադառնում գործարարների վրա: Հատկապես այն գործարարների վրա, որոնք դրսից գումարները դոլարով են ստանում:

Կարծում եք՝ արհեստականորե՞ն են դոլարի կուրսը արժեզրկված պահում:

Գիտեք, 4 ամիս առաջ մեկն ասաց, որ դոլարի կուրսը շատ է իջնելու, և դա այն ժամանակ, երբ դոլարի փոխարժեքը 520-ի էր հասել: Այսինքն հնարավոր է, որ սա պլանավորված լինի:

Նախորդ հարցազրույցի ժամանակ նշում էիք, որ պետք է օր առաջ Ֆրանսիայի հրապարակն ազատել: Հիմա այդ հրապարակն ազատ է: Ինչպե՞ս եք իրավիճակը գնահատում:

Ես ասում էի, որ այնտեղ գործազուրկներն են հավաքվել: Նաև ասում էի, որ Իշխան Սաղաթելյանն ու Վանեցյանն ովքե՞ր են, որ կարողանան մարդ հավաքել հրապարակում, դա կարող էին միայն փողի ուժով անել: Ինչքա՞ն կարող էին նույն մարդկանց բաժանել այդ գումարները: Երբ իրենց թիվը չավելացավ, իրենք հրաժարվեցին Ֆրանսիայի հրապարակից: Ժողովուրդը, որը շատ լավ հասկանում էր՝ ինչ է կատարվում, նրանք չէին միանում ցուցարարներին: Ցավալին այն է, որ այդ ցուցարարները հանրության շատ ավելի մեծ բանակին, որոնք չէին միանում իրենց, ժեխ էին կոչում: Նաև իրենց այդ անտակտ պահվածքի հետևանքով ժողովուրդը սկսեց ատել իրենց:

Չեն ունեցել շանս, չունեն ու չեն էլ ունենալու: Իրենք չունեն առաջնորդ, իսկ հների գալը ժողովրդի համար սարսափելի է: Հիշո՞ւմ եք, ներկայացվեց, թե Ռոբերտ Քոչարյանն այլևս հին ձևով չի գալու, փոխվել է: Այսինքն իրենք էլ են ընդունում, որ հին ձևը այն էր, ինչը ժողովուրդը կոչում էր թալան, մարդասպանություն, և հիմա այլ ձևով է գալու: Ոչ ոք նրան չի ընդունի: Իրենք պետք է իրենց տանը նստեն, մոռանան քաղաքականության մասին, որովհետև չեն կարող հաջողել: Սա առաջվա ժողովուրդը չի, որ վախենում էր խոսել, հիմա ժողովուրդն ազատ է և հասկանում է ամեն ինչ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ