Երեւանի կենդանաբանական այգին նոր կենդանիներով կհամալրվի. ինչ խնդիրներ կան այսօր այնտեղ

Երեւանի կենդանաբանական այգին առաջիկայում ձեռք կբերի մեկ վագր, հայկական մուֆլոններ եւ Կարմիր գրքում գրանցված թռչուններ: Տեղեկությունը «Հայկական ժամանակի» հետ զրույցում հայտնեց Երեւանի կենդանաբանական այգու գիտական գծով փոխտնօրեն Աշոտ Ասլանյանը:

«Մենք արդեն ունենք պայմանավորվածություն մեկ զույգ պսակակիր կռունկների, ֆլամինգոյի: Դրանք բոլորը կարող են մեկ ազատավանդակի մեջ տեղավորվել: Իսկ Կարմիր գրքում գրանցվածները վայրի թռչուններ են, որոնք բազմացման եւ հետ վերադարձի պայմանով են բերվելու: Առաջիկայում՝ հենց այգու ջրի հարցը կարգավորվի, բերելու ենք»,-ասաց նա:

Նշենք, որ Աշոտ Ասլանյանը երկու ամիս է, ինչ նշանակվել է Կենդանաբանական այգու փոխտնօրենի պաշտոնում: Վերջինս Երեւանի պետական համալսարանի կենսաբանության ֆակուլտետի դոցենտ է, միաժամանակ՝ Երեւանի քաղաքապետարանին կից Կենդանաբանական այգու կառավարման խորհրդի անդամ: «Ես խորհրդում ներկայացնում եմ ԵՊՀ-ն»,- նկատեց Ասլանյանը:

Վերջինս հայտնեց, որ արդեն բավականին լավ հաջողվում է Կառավարման խորհրդի հետ համագործակցությունը: Յուրաքանչյուր որոշում կայացվում է համատեղ քննարկումից հետո, կլինի՝ կենդանի ձեռքբերմա՞ն, էֆթանազիայի՞, թե՞ դիահերձման եւ այլ հարց, բոլոր դեպքերում խորհուրդն ունենում է իր որոշիչ դերն ու մասնակցությունը:

«Երեւանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Արման Անտոնյանի համառ ջանքերի ու էնտուզիազմի շնորհիվ ձեւավորվեց կառավարման խորհուրդը, որը իրականում շատ անհրաժեշտ է: Այժմ այգու տնօրենը չի մնում միայնակ իր բոլոր խնդիրների հետ: Ի վերջո, նա չի կարող լինել համակողմանի մասնագետ, իսկ խորհուրդը բոլոր հարցերով աջակցում է»,- հավելեց նա:

Կենդանաբանական այգու փոխտնօրենն անդրադարձավ նաեւ այս պահին այգում առաջնահերթ լուծում պահանջող խնդիրներին: Նրա խոսքով՝ ունեն ջրի եւ հոսանքի մատակարարման խնդիր: Հոսանքը մատակարարվում է մեկ աղբյուրից, իսկ վթարների դեպքում այգու աշխատակիցները կանգնում են լուրջ խնդրի առաջ: Ի դեպ, մեր այցելության պահին էլ այգին ժամանակավոր հոսանքազրկված էր: Փոխտնօրենի խոսքով՝ իրենց հարկավոր է հոսանքի՝ առնվազն երկու-երեք աղբյուրներից սնուցում:

Ըստ Ասլանյանի՝ կան խնդիրներ, որոնք այգու հիմնադրման ժամանակներից են թերի եղել ու ճիշտ չեն նախագծվել, կան նաեւ այնպիսիք, որ ընթացքում չեն արվել. «Ունենք ազատավանդակներ, որոնք հիմնադրվել են 50-60 տարի առաջ եւ չեն փոփոխվել: Այգին չունի կենտրոնացված ջրահեռացման համակարգ, ընդհանուր կոյուղագծեր: Այս պահին մեր ունեցած ջուրը չի բավարարում ոռոգման, կանաչապատման ու մաքրության ապահովման համար: Այգին այժմ ակտիվ գործում է, եւ զուգահեռ իրականացնել այդ աշխատանքները շատ դժվար է»:

Անդրադառնալով ժամանակ առ ժամանակ բռնկվող՝ կենդանասերների եւ այգու նախկին աշխատակիցների բողոքի ակցիաներին՝ փոխտնօրենը նկատեց՝ բարեբախտաբար, այդ ամենն արդեն անցյալում է, առայժմ ամեն ինչ հանգիստ է:

«Բազմաթիվ անցանկալի դեպքեր են տեղի ունեցել, կենդանիների մեծաթիվ անկումներ, որին հաջորդել է կենդանասերների ու տարբեր անձանց կրքերի բորբոքումները եւ այլն: Երբ ես դեռ փոխտնօրենի պաշտոնում չէի, սակայն որպես կառավարման խորհրդի անդամ գտնվում էի իրադարձությունների կենտրոնում, բողոքները հիմնականում կապված էին այգու կառավարման որակի հետ: Ժամանակին նաեւ անհամաձայնություններ են եղել այգու տնօրինության եւ աշխատակիցների միջեւ, խնդիրներ են եղել կենդանիների կերի մատակարարումների հետ կապված, որը իր հետ բերել է մեծաթիվ անկումներ: Իսկ այդ անկումները անասնաբուժական պատշաճ փորձաքննություն չեն անցել, չեն բացահայտվել իրական պատճառները, ինչն էլ հանգեցրել է այդ իրավիճակին»,- հայտնեց Ասլանյանը:

Փոխտնօրենի դիտարկմամբ՝ այգում կենդանիների անկման դեպքերը, բնականաբար, 100 տոկոսով բացառել հնարավոր չէ, քանի որ տարիքով ու որոշակի առողջական խնդիրներով պայմանավորված՝ դա հաճախ անխուսափելի է, սակայն հարկավոր է այդ դեպքերը պատշաճ քննել, պարզել իրական պատճառներն ու թափանցիկ կերպով ներկայացնել հանրությանը, որպեսզի տարակարծության ու կասկածների տեղիք չլինի: «Կա հստակ կանխատեսելի չափ, եւ, բարեբախտաբար, պետք է նշեմ, որ այս պահի դրությամբ ունենք նորմայից ցածր անկում: Ունեինք կենդանիներ, որոնք արդեն շատ ծեր էին, նրանց վերաբերյալ կազմվել է համապատասխան ակտ ու կատարվել էֆթանազիա»,- տեղեկացրեց նա:

Խոտակեր կենդանիների բաժնի ղեկավար Աննա Ասատուրյանն էլ նշեց, որ բերվող վագրի համար ազատավանդակ կա արդեն, որը համապատասխանում է բոլոր չափանիշներին: «Առայժմ մենք ունենք մեկ էգ վագր, եւ բերվողը ցանկալի է՝ արու լինի, որ զույգ լինեն»,- ասաց նա:

Ասատուրյանը նաեւ անդրադարձավ կենդանիների՝ վերջին ամիսների համալրումներին. «Ունենք ծիներ՝ սմբակավոր կենդանիների եւ կաթնասունների շրջանում: Թռչունների մի քանի տեսակներից եւս ունենք ծիներ: Ծնվել է 2 բեզոարյան այծ, 2 մուֆլոն, շատերին արդեն հայտնի առյուծ Աֆֆինան, 9 եվրոպական եղնիկ, 2 պտավոր եղջերու»:

Կենդանիների բաժնի ղեկավարի խոսքով՝ այս պահի դրությամբ այգում գտնվում են կլինիկապես առողջ կենդանիներ: Ըստ նրա՝ եթե կենդանին կարգին սնվում է, քայլում ու նորմալ պահվածք ցուցաբերում, ապա անզեն աչքով դա խոսում է նրա կլինիկապես առողջ լինելու մասին:

Դիտարկմանը՝ փոխտնօրենը մատնանշում է ժամանակին սննդի վատ որակի ու դրա հետեւանքով անկումների մասին, Ասատուրյանն ասաց՝ խնդիրը վերացվել է. «Այսօրվա դրությամբ այդ խնդիրը չկա: Իդեալական սնունդ է մտնում այգի: Տարվա կտրվածքով է կերը տրվում, հաշվի առնելով կենդանիների քանակն ու տեսակները՝ ներկայացվում է կերերի պահանջ: Մրցույթ է հայտարարվում, եւ այն կազմակերպությունները, որոնք շահում են, պարտավորվում են մեկ տարվա ընթացքում ապահովել կերերը»,- ասաց նա՝ հավելելով՝ այժմ այգին ունի 5-6 մատակարարներ:

Կենդանաբանական այգին օրվա ընթացքում մոտ 1500-2000 այգելու է ունենում: Աննա Ասատուրյանի խոսքով՝ այցելուների թիվը փաստում է, որ այգին բավականին հետաքրքիր է: Վերջինիս փոխանցմամբ՝ նորություն է նաեւ կենդանիների ցուցադրական կերակրումը. «Այցելուներ կան, որ կոնկրետ գալիս են՝ ցուցադրական կերակրումը նայելու»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ