«ԱԺ վերադառնալը ընդդիմության համար կլինի ավելի մեծ խայտառակություն».Դավիթ Խաժակյան

Խորհրդարանական մեծամասնությունն այսօր 66 կողմ, 0 դեմ ձայների հարաբերակցությամբ հետ կանչեց «Հայաստան» խմբակցության անդամներ Իշխան Սաղաթելյանին, Վահե Հակոբյանին՝ համապատասխանաբար ԱԺ փոխնախագահի և ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոններից: Իշխող ուժը չի բացառում նաև առաջիկայում ԱԺ 10 պատգամավորի մանդատից զրկելու գործընթաց սկսելը։ Խորհրդարանում առկա ճգնաժամը, որն առաջացել է ընդդիմադիր խմբակցությունների գործունեության հետևանքով, արդյոք լուծվե՞ց կամ կլուծվի՞ իրավական այս գործընթացով, ճգնաժամ, որն առաջին հերթին քաղաքական է։

Civic.am-ը այս հարցերի շուրջ զրուցել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության կառավարման խորհրդի անդամ, Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանի հետ։ «Խորհրդարանական ընդդիմությունը, ինչպես տեսնում ենք, երկար ժամանակ է՝ իր գործառույթը չի իրականացնում, և հիմա էլ այս վրդովմունքը, որը ցուցաբերում են ընդդիմադիրները, անհասկանալի է։ Որովհետև իրենք իրենց շատ հարմար էին զգում այն մտքի հետ, որ ՔՊ-ն իրենց ընտրել է ԱԺ փոխնախագահ, մշտական հանձնաժողովի նախագահ… Հիմա ի՞նչն է խնդիրը. այդ նույն ՔՊ-ն, անբավարար գնահատելով նրանց աշխատանքը, իրենց ազատում է այդ պաշտոններից։ Եվ Իշխան Սաղաթելյանի պարագայում՝ առավել ևս, սա նորություն չէ, որովհետև նա, հիշեցնեմ, Նիկոլ Փաշինյանի կողմից 2018-ին նշանակվել էր մարզպետ և նույն կերպ էլ ազատվեց։ Ուստի իրենց վրդովմունքը, իրենց ցույցերը, որ իրականացնում են, մի դեպքում նշանակություն կունենան, եթե իրենք ասեն, որ պաշտոնի կռիվ են տալիս։ Իշխան Սաղաթելյանը արդեն իսկ հռչակվել է ընդդիմության առաջնորդ, դրանից բարձր էլ ի՜նչ պաշտոն է իրեն պետք»,- նկատեց մեր զրուցակիցը։

— Ի. Սաղաթելյանն ու Վ. Հակոբյանն իրենց վերջին օրերի հարցազրույցներում հայտարարում էին, թե «թքած ունեն» այն գործընթացի վրա, որը պետք է իրականացնի ՔՊ-ն՝ իրենց պաշտոններից հետ կանչելու և կամ մանդատազրկելու նպատակով, ընդհուպ՝ Սաղաթելյանը հայտարարեց, թե «մանդատները ՔՊ-ն իր հոր տնից չի բերել, որ զրկի կամ չզրկի»։ Այսօր, սակայն, ԱԺ-ի դիմաց «թքած ունեցող» ընդդիմությունը բողոքի մինի ակցիա էր իրականացնում՝ ընդդիմանալով ՔՊ-ի նախաձեռնությանը։ Ինչպե՞ս բացատրել ընդդիմության կեցվածքի այս երկվությունը։

— Բացատրությունը շատ պարզ է. իրենց առիթ է պետք որևէ ակցիա, ցույց կամ նման գործողություն իրականացնելու համար։ Որովհետև իրենց քաղաքական օրակարգը սնանկ է, և դա ապացուցվեց վերջին շրջանում բազմաթիվ դեպքերով։ Այսինքն՝ եթե իրենց մի հարցազրույցի ժամանակ արված դիտարկում, հայտարարություն, մի միջադեպ բավարար է՝ այն քաղաքական օրակարգի վերածելու համար, նշանակում է՝ իրենց սեփական օրակարգը, որը կհետաքրքրի ժողովրդին, չունեն։ Հիմա պարզ է, չէ՞, որ Ի. Սաղաթելյանին ԱԺ-ի դիմաց աջակցում են բացառապես ՀՅԴ-ականները։ Այսինքն՝ սա կուսակցականների, ակտիվիստների միջոցով կազմակերպված ակցիա է, ո՞վ պետք է գնա աջակցի, որ նա մնա իր պաշտոնին։ Էդ Սերժ Սարգսյանն էդպես կատակեց, որ Սաղաթելյանն ընդդիմության առաջնորդն է, մարդիկ էլ հո չհավատացի՞ն դրան։ Իրենք հռչակել են կենաց-մահու պայքար իշխանության հետ, բայց տեսեք՝ իրար նկատմամբ ի՜նչ ծաղրական գործողություններ են իրականացնում։ Այսինքն՝ որևէ մեկը լուրջ չի մեկնաբանել և լուրջ չի ընդունել Սաղաթելյանին ուղղված Սերժ Սարգսյանի գնահատականը։ Բոլորն էլ հասկանում են, թե ինչի համար դա արվեց։ Հետո էլ խոսում են ընդդիմության միասնական լինելու մասին: Անօրակարգ ընդդիմությունը միասնական լինել չի կարող: Մենք շատ լավ հիշում ենք՝ իրենք ինչքան կռիվ տվեցին այդ պաշտոնների համար։ Նույնիսկ մեկի՝ Արթուր Ղազինյանի պարագայում, որը չգիտեմ՝ որերորդ անգամ առաջադրվեց և չընտրվեց ԱԺ պաշտպանության հարցերի հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնում, «մուրազը փորը մնաց»։ Այժմ էլ իշխանությունն ինչպես իրենց տվել էր այդ հնարավորությունը, այնպես էլ զրկում է, որովհետև խորհրդարանը իշխանության և ընդդիմության միջև համատեղ աշխատանքի վայր է, բոյկոտը խորհրդարանական հարթակ չէ, բոյկոտ կարող է լինել տարբեր իրավիճակներում, այո, բայց դա չի կարող լինել գործունեության հիմք։

— Նկատենք, որ Իշխան Սաղաթելյանին երրորդ փորձից հաջողվեց ԱԺ փոխնախագահ ընտրվել։

— Սա ևս մեկ անգամ արձանագրում է, որ նա Ալեն Սիմոնյանի տեղակալ է դարձել իշխանության ցանկությամբ։ Հիմա այդ ցանկությունը Սաղաթելյանի վատ աշխատանքի պատճառով կորել է, իշխանությունն էլ անում է հաջորդ քայլը, նորմալ է։ Մի բան նկատի ունենանք՝ այլ պարագայում, եթե մենք ունենայինք նորմալ ընդդիմություն, բնականաբար իշխանությունն ընդդիմության քվոտային չպետք է դիպչեր։ Նորմալ պարագայում դա այդպես կլիներ, սակայն այն, ինչ ունենք մենք հիմա, խորհրդարանական ընդդիմություն չէ, էլի, դրա համար իրենց նկատմամբ ասիմետրիկ են գործողությունները։

— Պարոն Խաժակյան, եթե պաշտոնազրկված պատգամավորների փոխարեն ընդդիմությունը նոր թեկնածուներ չառաջադրի, առաջադրելու դեպքում էլ՝ եթե իշխանությունը չընտրի վերջիններիս, արդյոք խորհրդարանը կլինի՞ լեգիտիմ։ Գործ ունենք ոչ ստանդարտ իրավիճակի հետ՝ ընդդիմությունը, բոյկոտելով ԱԺ-ի աշխատանքները, ենթադրաբար պետք է իր կողմից բոյկոտված մարմնում պաշտոններ զբաղեցնելու համար նոր թեկնածուներ առաջադրի։

— Սահմանադրական օրենքը, որը նախատեսում է ընդդիմության կողմից քվոտայի և ընտրության սահմանում, դա ԱԺ-ի ձևավորման ընթացակարգն է։ Եվ եթե ընդդիմությունը շատ չցանկանար այդ պաշտոնները վերցնել, մենք այսօր կունենայինք խորհրդարանական ճգնաժամ, քանի որ ԱԺ կանոնակարգ սահմանադրական օրենքով սահմանված կարգով խորհրդարանը չէր համարվի ձևավորված։ Բայց ընդդիմությունն այնքան էր ցանկանում վերցնել այդ պաշտոնները, որ այդ ճգնաժամը չստեղծեց։ Իսկ հիմա նման քվոտա ունենալու կամ չունենալու հարցը որևէ բան չի փոխում։ Սա՝ մի կողմից։ Բայց մյուս կողմից՝ արձանագրում ենք, որ ունենք ընդդիմադիր ճգնաժամ, ինչը նշանակում է, որ այն մարդիկ, ովքեր ընտրվել են ընդդիմադիր ձայնը բարձրացնելու համար, այլևս չեն ներկայացնում այդ ձայնը, իրենց ընտրած մարդկանց։ Ընդդիմադիր երկու խմբակցությունները ունեն շուրջ 300 հազար ձայն, մեկի առաջնորդը եղել է երկրորդ, մյուսինը՝ երրոդ նախագահը։ Հիմա երկուսն էլ ընդունում են, որ ընդդիմության առաջնորդը այդ ցուցակից ինչ-որ մեկն է, ո՛չ այն մարդիկ, ովքեր գլխավորել են տվյալ ցուցակները։ Ստացվում է, որ ընդդիմությունն այլևս չի արտացոլում այն քվեն, որը մարդիկ տվել էին իրենց։ Հետևաբար մենք ունենք ընդդիմադիր ճգնաժամ, որը տեսնում ենք նաև խորհրդարանական աշխատանքներում։

— Առկա ճգնաժամը հաղթահարելու ուղղությամբ ի՞նչ կառաջարկեք որպես արտախորհրդարանական կուսակցության ներկայացուցիչ։

— Վերջին շրջանում մասնավորապես արտաքին լրջագույն գործընթացներ են տեղի ունենում, և կարծում եմ, որ այս շրջանում մեզ հանդարտություն է պետք ներսում, քան՝ նոր քաղաքական գործընթացներ։ Նոր քաղաքական գործընթաց ասելով ես նկատի ունեմ կոնկրետ ընդդիմադիր դաշտի առողջացում, որը չի կարող տեղի ունենալ այս խորհրդարանական ընդդիմության և իրենց ունեցած ռեսուրսների պայմաններում, երբ իրենք իրենց ԶԼՄ-ներն օգտագործում են ատելության խոսք սերմանելու համար, ինչը փակում է առողջ ընդդիմության դուռը։ Քանի դեռ այս խնդիրը չի լուծվել, շատ դժվար կլինի նոր ընդդիմադիր պլատֆորմի ձևավորումը։ Մեր բառապաշարում երբ գործածում ենք ընդդիմություն բառը, առաջին հերթին նկատի ունենք խորհրդարանական ընդդիմությանը, արտախորհրդարանական ուժերը չունեն պարտավորություն վերահսկելու իշխանության գործունեությանը։ Դա ԱԺ ընդդիմության պարտքն է։ Ուստի այդ գործընթացներն անպայման տեղի են ունենալու, բայց չեմ կարծում, որ դա առաջիկայի խնդիր է՝ պայմանավորված արտաքին մարտահրավերներով։ Կարծում եմ, որ խորհրդարանական ընդդիմությունը կշարունակի իր վարքագիծը այսուհետ նույնպես, քանի որ իրենք իրենց տարել են փակուղի, նահանջը ավելի մեծ խայտառակություն կլինի, քան Ֆրանսիայի հրապարակից վրանները հավաքելն էր, որը ևս խայտառակություն էր, բայց ոչ այդքան մեծ։ Բայց մի բանն է ինձ անհասկանալի թվում՝ իրենք տուրք են տվել իրենց այն աջակիցներին, համախոհներին, ովքեր ապաքաղաքական են և լցված են ատելությամբ։ Քաղաքական գործիչը պետք է ունենա բալանսավորված մոտեցում, կապ չունի՝ ընդդիմություն է ներկայացնում, թե իշխանություն։ Իրենք այդ ծայրահեղական մոտեցումը վերցնելով՝ իրենց տարել են փակուղի։

Եվ ընտրություններից հետո չեն փորձել դուրս գալ այդ փակուղուց՝ չնայած դրա հնարավորությունն ունեին։ Եվ այդ փակուղում, բնականաբար, իրենք մաշվել և մաշվում են և չեն կարող նոր արդյունք արձանագրել։ Ծիծաղելի է, երբ ասում են՝ մենք ունեինք սխալներ, այս անգամ՝ իշխանափոխությունից հետո, ավելի լավը կլինենք։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ