Մեկնարկել է Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների հանդիպումը

Վիեննայում մեկնարկել է Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների հանդիպումը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակը:

Հիշեցնենք՝ հատուկ ներկայացուցիչների՝ հարաբերությունների կարգավորմանն ուղղված առաջին հանդիպումը տեղի էր ունեցել Մոսկվայում, երկրորդը՝ Վիեննայում:

Հատուկ ներկայացուցիչները վերահաստատել են այս գործընթացի միջոցով իրենց երկրների միջև լիարժեք կարգավորման հասնելու նպատակը։ Այս առնչությամբ նրանք ունեցել են հստակ տեսակետների անկեղծ ու արդյունավետ փոխանակում և քննարկել հնարավոր քայլերը, որոնք կարող են ձեռնարկվել այս ուղղությամբ շոշափելի առաջընթացի հասնելու համար։

Նրանք վերահաստատել են իրենց համաձայնությունը՝ շարունակելու գործընթացը առանց նախապայմանների։

Հայաստանն այդ բանակցություններում ներկայացնում է ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը, Թուրքիայի ներկայացուցիչը դիվանագետ Սերդար Քըլըչն է:

ԱԺ փոխնախագահ, Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը, երեկ ՀՀ Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում խոսելով Թուրքիայի իր գործընկերոջ հետ հանդիպումների մասին, ասել էր, որ դրանք անցնում են նորմալ միջավայրում։ Ռուբինյանի դիտարկմամբ՝ կարևոր չէ, թե բանակցող անձը ինչ է մտածում, կարևոր է, թե երկու երկրների կառավարությունները ինչ են մտածում և ինչի են պատրաստ այդ գործընթացում։ Ըստ նրա՝ Հայաստանի կառավարությունը ուզում է հասնել շուտափույթ կարգավորման և դրա համար պատրաստ է ձեռնարկել գործուն քայլեր։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ