Հայկ Մամիջանյանը, Թադևոս Ավետիսյանը և Արթուր Խաչատրյանը ԱԺ հանձնաժողովների փոխնախագահի պաշտոններից հրաժարվել են

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը, Արթուր Խաչատրյանը և «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը «Ֆեյսբուք»-ի իրենց էջերում հայտնել են, որ հրաժարական են ներկայացնում ԱԺ հանձնաժողովների փոխնախագահների պաշտոններից:

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը զբաղեցնում էր Աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնը, Արթուր Խաչատրյանը՝ Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի, իսկ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը՝ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնը:

Նկատենք, որ ընդդիմադիր պատգամավորներից այս պահի դրությամբ միայն «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանն է, որը դեռ չի հայտնել պաշտոնից հրաժարականի մասին: Վերջինս զբաղեցնում է Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնից հրաժարականի դիմում է ներկայացրել ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գևորգյանը:

Հիշեցնենք՝ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ԱԺ արդեն նախկին փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը հայտարարել էր, որ ընդդիմությունը խորհրդարանում կհրաժարվի վարչական մյուս պաշտոններից ևս և չի առաջադրի նոր թեկնածուներ թափուր պաշտոններում։

Առավոտյան ՀՀ Ազգային ժողովը արտահերթ նիստով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանին զրկեց ԱԺ փոխխոսնակի պաշտոնից, իսկ նույն խմբակցության պատգամավոր Վահե Հակոբյանին՝ ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնից:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ